Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Մարզի դպրոցներում կներմուծվի «Համակարգչային գիտություն» առարկան

26.07.2017

 Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը մարզպետարանի պատասխանատու աշխատողների մասնակցությամբ հուլիսի 25-ին անցկացրեց աշխատանքային խորհրդակցություն:
Նախ և առաջ մարզի ղեկավարը ներկայացրեց մարզի 2017-2025թ.թ. ռազմավարական ծրագրի ընթացքը՝ նշելով, որ ծրագրի կազմման գործընթացն ավարտված է: Ծրագիրը ներկայում գտնվում է գործառնական փուլում:
-Այս ծրագիրը առաջիկա տարիների համար լինելու է մեր մարզի զարգացման հիմքը, ցանկացած ծրագիր իրականացնելիս պետք է առաջնորդվենք այս փաստաթղթով: Ուզում եմ վստահեցնել, որ 2018թ.-ից սկսած ֆինանսական հոսքերը մարզ ավելանալու են և առաջնահերթությունները տրվելու են այն համայնքներին, որոնք իրատեսական և համայնքների համար զարգացում ապահովող ծրագրեր կներկայացնեն,- նշեց մարզի ղեկավարը:
Նա փոխմարզպետներին, Ֆինանսական և սոցիալ-տնտեսական զարգացման, ՏԻ և ՀԳՄ հարցերով վարչություններին հանձնարարեց մասնակցել համայնքների 2018թ. բյուջեների քննարկումներին, բյուջեների վերլուծություններ իրականացնել՝ պարզելու, թե միևնույն բնակչության թվով, միևնույն աշխարհագրական դիրքում և սոցիալական կարգավիճակում գտնվող համայնքների բյուջեների ծախսային մասերը ինչու են էականորեն տարբերվում՝ վեր հանելով պատճառները:
Անդրադառնալով գյուղատնտեսության ոլորտի ներդրումային ծրագրերին՝ մարզպետը Գյուղատնտեսության և բնապահպանության վարչությանը, Զարգացման ծրագրերի և վերլուծության բաժնին հանձնարարեց տնտեսվարողներին ցուցաբերել մեթոդական և խորհրդատվական աջակցություն:
Նախորդ շաբաթ կատարված աշխատանքների, կազմակերպված միջոցառումների մասին զեկուցեց մարզպետարանի աշխատակազմի ղեկավար Նարեկ Սարգսյանը: Նա նաև նշեց, որ ՀՀ վարչապետի՝ Լոռու մարզ կատարած այցի ժամանակ տրված հանձնարարականների կատարումն ավարտական փուլում է և իրականացվել է սահմանված ժամկետներից շուտ:
Հուլիսի 29-ին կազմակերպվելիք համապետական շաբաթօրյակի կազմակերպչական հարցերին անդրադարձավ մարզպետի տեղակալ Հովհաննես Թադևոսյանը:
«ՀՀ Լոռու մարզպետարանին գույք ամրացնելու, Գյումրու և Սպիտակի համայնքներին գույք հանձնելու» ՀՀ Կառավարության 06.07.2017թ. 812-Ա որոշմանն անդրադառնալով՝ մարզպետի խորհրդական Լևոն Ասլանյանը պարզաբանեց, որ նշված որոշմամբ 2010-2013թ.թ. կառուցված Սպիտակի տարածաշրջանի 14 գյուղական բնակավայրերի 258 բնակելի տները, որոնք ներկայում գտնվում են սնանկ ճանաչված կազմակերպության հաշվեկշռում նվիրատվության պայմանագրերով կտրվեն շահառուներին՝ իհարկե որոշակի գործընթաց անցնելուց հետո:
Լ. Ասլանյանը տեղեկացրեց նաև, որ Լոռու մարզպետարանը և Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնը նախաձեռնել են Լոռու մարզի դպրոցներում «Համակարգչային գիտություն» դասընթացը ներմուծելու ծրագիրը: Կազմակերպչական աշխատանքների իրականացման նպատակով մարզպետի կարգադրությամբ աշխատանքային խումբ է ստեղծվել: Ծրագիրը ներկայում կազմման փուլում է:
-Այն աննախադեպ է հանրապետությունում և կյանքի կոչվելու դեպքում կարող է օրինակելի դառնալ նաև մյուս մարզերի համար,-ասաց մարզպետ Նալբանդյանը՝ նշելով, որ նախաձեռնությունը համահունչ է 2017թ.-ին Լոռին «Սմարթ մարզ» հայտարարելու գաղափարի լիարժեք իրականացմանը:
Քննարկվեցին նաև ընթացիկ աշխատանքային այլ հարցեր, տրվեցին հանձնարարականներ:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 17:46:36