Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Արցախցի դպրոցականների համար էքսկուրսիա էր կազմակերպվել
26.07.2017
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Լոռու մարզի և ԼՂՀ Մարտակերտի վարչական շրջանի համակողմանի փոխհամագործակցության շրջանակներում արդեն մի քանի տարի Լոռու մարզի մանկական ճամբարներում իրենց ամառային հանգիստն են անցկացնում նաև արցախցի դպրոցականները: Նրանց առաջին խումբը մարզ ժամանեց հուլիսի 20-ին: Մարզպետ Արթուր Նալբանդյանի աջակցությամբ 14 արցախցի դպրոցականներին և նրանց ղեկավարին այս անգամ հյուրընկալել էին «Գուգարք» ճամբարում: Լոռու մարզպետարանի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Վալերի Խաչատրյանի ուղեկցությամբ հուլիսի 25-ին երեխաների համար էքսկուրսիա էր կազմակերպվել դեպի մարզի տեսարժան վայրեր, տուն-թանգարաններ:
Էքսկուրսիայի վերջին հանգրվանում՝ Վանաձորի Ստեփան Զորյանի տուն-թանգարանում, նրանց տեսակցեց մարզպետ Նալբանդյանը: Ջերմ և անբռնազբոս զրույցի ընթացքում երեխաները կիսվեցին տպավորություններով, ասացին, որ Լոռին շատ են հավանել ու կցանկանային նորից լինել այստեղ: Մարզի ղեկավարը խոստացավ նրանց ցանկությունը կրկին անգամ իրականություն դարձնել: Երեխաները նշեցին նաև, որ շատ գոհ են ճամբարի պայմաններից, հագեցած առօրյայից և շնորհակալ են Ա. Նալբանդյանին, Վ. Խաչատրյանին, ճամբարի աշխատակազմին ջերմ և հյուրընկալ վերաբերմունքի համար:
Երեխաները կմեկնեն հուլիսի 27-ին, իսկ արցախցի դպրոցականների երկրորդ հերթափոխը մարզ կժամանի նույն օրը՝ ամառային մեկշաբաթյա հանգիստ անցկացնելով Գուգարաց թեմի «Ծիծեռնակ» ճամբարում: