Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Ներկայացվեցին մարզի թվով 5 համայնքներում իրականացված ուսումնասիրությունների արդյունքները

20.07.2017

«Հայկական Կարիտաս» ԲՀԿ-ի և «Լոռու զարգացման կենտրոն» ՀԿ-ի կողմից «ԱՐԱՄԱԶԴ. Համայնքի համար, համայնքի հետ» ծրագրի շրջանակներում Լոռու մարզի Արևածագ, Կողես, Մղարթ, Կարմիր Աղեկ, Ծաթեր գյուղական համայնքներում իրականացվել է բյուջետային գործընթացների ուսումնասիրություն: Գնահատման արդյունքերի ներկայացման նպատակով հուլիսի 20-ին Լոռու մարզպետարանում քննարկում էր կազմակերպվել, որին մասնակցում էին մարզպետարանի պաշտոնյաներ, ՀԿ-ների ներկայացուցիչներ, համայնքների ղեկավարներ:
Բացման խոսքով հանդես եկավ մարզպետի տեղակալ Տիգրան Բադոյանը: Ողջունելով նախաձեռնությունը՝ նա շնորհակալություն հայտնեց կազմակերպություններին կատարված մեծածավալ աշխատանքի համար՝ համոզմուք հայտնելով, որ հայտնաբերված թերությունները համայնքների համար ուսանելի կլինեն՝ հետագայում դրանք բացառելու միտումով:
-Ձեր կողմից կատարված ուսումնասիրության խնդրո առարկան մեր ամենօրյա ուշադրության կենտրոնում է: Լոռու մարզպետարանը մարզի համայնքներում պարբերաբար վարչական հսկողություն և աուդիտ է իրականացնում՝ վեր հանելով իրավական հարթակում և բյուջետային գործընթացներում առկա բացթողումները, և պետք է վստահեցնեմ, որ տարեցտարի դրանց թիվն ավելի է նվազում: Դուք շնորհակալ գործ եք իրականացրել՝ ևս մեկ անգամ զգոն պահելով համայնքներին առավել ուշադիր և պատասխանատու գտնվելու աշխատանքում: Ցանկալի է, որ հետագայում ուսումնասիրվող համայնքների թիվն ավելանա և ընդգրկի նաև առաջիկում խոշորացվող համայնքները,- իր խոսքում մասնավորապես նշեց Տ. Բադոյանը:
Ինչպես տեղեկացրեց «Հայկական Կարիտաս» ԲՀԿ «ԱՐԱՄԱԶԴ» ծրագրի ղեկավար Զառա Աղանյանը, ծրագրի շրջանակներում 2016 թ. հոկտեմբերից մինչև 2017 թ. մարտն ընկած ժամանակահատվածում համայնքների զարգացման ծրագրերի համատեքստում Լոռու, Գեղարքունիքի, և Շիրակի մարզերում թվով 15 գյուղական համայնքների (յուրաքանչյուր մարզից 5-ական համայնք) բյուջետային գործընթացների hրապարակայնության, թափանցիկության, հաշվետվողականության և բնակիչների մասնակցության գնահատում է կատարվել համայնքների զարգացման ծրագրերի համատեքստում:
Գնահատման նպատակն է եղել նպաստել համայնքների բյուջետային գործընթացների հրապարակայնության ու թափանցիկության ապահովմանը և հաշվետվողականության բարձրացմանը, ինչպես նաև խթանելը համայնքներում բնակիչների մասնակցությունը տեղական ինքնակառավարման գործընթացներին:
Գնահատման իրականացման համար Լոռու մարզում պատասխանատուն եղել է «Լոռու զարգացման կենտրոնը»:
Համայնքներների բյուջետային գործընթացների թափանցիկության, հրապարակայնության, հաշվետվողականության և քաղաքացիների մասնակցության գնահատման մեթոդաբանությունը ներկայացրեց ծրագրի փորձագետ Լուսինե Թոփլաղալցյանը: Նա նշեց, որ ուսումնասիրվել է հիմնականում իրավական դաշտը, ուշադրություն է դարձվել համայնքների զարգացման ծրագրերին, թե դրանք ինչքանով են արտացոլվում համայնքային բյուջեներում:
Մարզի 5 համայնքների բյուջետային գործընթացների թափանցիկության, հրապարակայնության, հաշվետվողականության և քաղաքացիների մասնակցության գնահատման արդյունքների մասին խոսեց «Լոռու զարգացման կենտրոն» ՀԿ նախագահ Հրանտ Այվազյանը՝ նշելով, որ դիտարկված համայնքների ՏԻՄ-երի կողմից համայնքի բնակիչներին բյուջետային գործընթացներին մասնակից դարձնելու համար բավականաչափ ակտիվություն չի ցուցաբերվել և բնակչության շրջանում օրենսդրությամբ պահանջվող տեղեկատվության իրազեկում չի իրականացվել, ՏԻՄ-երը համայնքների բնակիչներին հազվադեպ են տեղեկացնում ավագանու նիստերի մասին, գյուղական փոքր համայնքներում ավագանու անդամ դառնալու ցանկություն ունեցողներ գրեթե չեն լինում և այլն:
Քննարկման ավարտին եղան նաև հարցեր, որոնք տրվեցին սպառիչ պատասխաններ:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 17:22:59