Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Հանդիսավորությամբ բացվեց Լերմոնտովոյի մանկապարտեզը

14.07.2017

 Հուլիսի 14-ին, Լոռու մարզի Լերմոնտովո համայնքում հանդիսավորությամբ բացվեց համայնքի վերակառուցված մանկապարտեզը:
Գյուղի մանկապարտեզի վերակառուցման ծրագիրն իրականացրել է Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամը՝ նպատակ ունենալով բարեկեցիկ և հարմարավետ պայմաններում կազմակերպելու համայնքի նախադպրոցական տարիքի երեխաների դաստիարակության գործընթացը: Ծրագիրն իրականացվել է Համաշխարհային բանկի ֆինանսական աջակցությամբ: Արժեքը 68,141,142 դրամ է, համայնքի ներդրումը` 2,806, 471 դրամ, որից 98, 580 դրամը տրամադրել է համայնքը, իսկ 2, 707, 891 դրամը` ամերիկահայերի «Հայրենիք» միություն:
Միջոցառմանը ներկա էին Լոռու մարզպետի տեղակալներ Արսեն Դարբինյանը և Հովհաննես Թադևոսյանը, Գուգարաց թեմի առաջնորդ տեր Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանը, Հայաստանի զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն Աշոտ Կիրակոսյանը, համայնքի ղեկավար Էդիկ Չախալյանը, ծրագրի պատասխանատուները, բարերարները, հյուրեր: Մարզի ղեկավարի անունից այս կարևոր նախաձեռնությունը ողջունեց և աջակցող կառույցներին երախտագիտություն հայտնեց Ա. Դարբինյանը: Փոխմարզպետը նշեց, որ խնդիրը չափազանց կարևորվում է մարզպետ Արթուր Նալբանդյանի կողմից և ջանքեր են գործադրվում, որպեսզի նախադպրոցական տարիքի երեխաներ ունեցող համայնքներում անպայման գործեն նախակրթարաններ կամ մանկապարտեզներ:
-Ազգային փոքրամասնություններ ունեցող համայնքում մանկապարտեզ ունենալու անհրաժեշտությունը մարզպետի կողմից բարձրացվել է ՀՀ նախագահի մոտ և վերջինիս հանձնարարականով այս ծրագիրը կյանքի է կոչվել,- ասաց փոխմարզպետը: Նա իր երախտագիտության խոսքն ուղղեց նաև ՀՀ վարչապետին, կառավարությանը, Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի ղեկավարությանը, ամերիկահայ բարերարներին:
Իր օրհնության խոսքը հղեց Գուգարաց թեմի առաջնորդը: Միասնական աղոթքից հետո ներկաները հնարավորություն ունեցան ծանոթանալու ստեղծված պայմաններին:
Լերմոնտովո համայնքում ապրում է նախադպրոցական տարիքի 35 երեխա, մանկապարտեզը նախատեսված է սակայն 25 երեխայի համար: Մանկապարտեզ հաճախելու ցանկություն են հայտնել նաև հարևան Անտառաշեն համայնքի փոքրիկները:
Նորաբաց մանկապարտեզը կունենա 8 մշտական աշխատատեղ` մանկապարտեզի տնօրեն, 2 դաստիարակ, բուժքույր, խոհարար, հաշվապահ, տնտեսվար և հավաքարար: Նորակառույց մանկապարտեզին հատկացվել է 2, 713, 000 դրամ արժողությամբ գույք` երկհարկանի մանկական մահճակալներ, գրասեղաններ, մանկական սեղան-աթոռներ, զգեստապահարաններ, խաղալիքների պահարաններ, էլեկտրական սալօջախ, լվացքի մեքենա` չորանոցով, սառնարան, ուսուցչական աթոռներ, տնօրենի սեղան:
Լերմոնտովոյի մանկապարտեզը գործել է մինչև 1990 թվականը, որից հետո` մինչ օրս, համայնքը չի ունեցել մանկապարտեզ:
Շենքի վերակառուցման աշխատանքներն իրականացրել է «ԱՅՊՈՇԻՆ» ՍՊԸ-ն: Շինարարական աշխատանքներն սկսվել են 2016թ. հունիսին:
Մանկապարտեզը երկհարկանի քարե պատերով 182 քմ մակերեսով շենք է: Վերակառուցման ընթացքում մանկապարտեզին կից կառուցվել է երկհարկանի շինություն: Առաջին հարկում գտնվում են նախասրահը, միջանցքները, տնօրենի սենյակը, կաթսայատունը, խոհանոցային հատվածը՝ սանհանգույցով, լվացքատունը, բժշկի սենյակը, իսկ երկրորդ հարկում` հանդերձարանը, խաղասենյակը, ննջասենյակը, բուֆետը, սանհանգույց և էվակուացիոն ելքը: Ուժեղացվել են մանկապարտեզի պատերն ու հիմքերը` միաձույլ երկաթ-բետոնե տարրերով: Միջհարկային ծածկը նույնպես ուժեղացվել է միաձույլ երկաթբետոնե շապիկով: Տանիքը ցինկապատ ծածկույթից է` փայտե հիմնակմախքով: Տեղադրվել են ջրամատակարարման, կոյուղու, գազամատակարարման արտաքին և ներքին համակարգերի, ինչպես նաև ներքին էլեկտրասնուցման, ջերմամատակարարման, ավտոմատ հակահրդեհային ազդարարման համակարգեր: Ջեռուցումը իրականացվելու է տուրբոկաթսաներով: Տաք ջրամատակարարումն իրականացվելու է արևային ջրատաքացուցիչների միջոցով, որոնք տեղադրվել են տանիքում: Կատարվել է նաև տարածքի բարեկարգում ու ցանկապատում, կառուցվել է խաղահրապարակ:
Համայնքի բնակիչներն իրենց երախտագիտությունը հայտնեցին բոլոր աջակիցներին իրենց երեխաների համար հարմարավետ պայմաններ ստեղծելու համար:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 09:45:22