Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Երկրորդ համապետական շաբաթօրյակը՝ հուլիսի 29-ին

07.07.2017

 Հուլիսի 6-ին Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը խորհրդակցություն էր հրավիրել մարզպետարանում ՀՀ վարչապետի հանձնարարությամբ «Մաքուր Հայաստան» ծրագրի շրջանակներում իրականացվելիք առաջիկա քայլերը, ինչպես նաև Կարեն Կարապետյանի կողմից Վանաձորում անցկացված արտագնա խորհրդակցության ընթացքում աղբահանության կանոնակարգման վերաբերյալ տրված  հանձնարարականների կատարման  ընթացքը  քննարկելու նպատակով:

Խորհրդակցությանը մասնակցում էին մարզի համայնքների ղեկավարներ, մարզպետարանի պաշտոնատար անձինք:

Վարչապետի կողմից անցկացված արտագնա խորհրդակցությունից անմիջապես հետո մարզի ղեկավարի հանձնարարությամբ մարզպետարանի քաղաքաշինության վարչությունը ձեռնամուխ է եղել  մարզում իրավաբանական անձանց և տնտեսվարողների բազաների հստակեցմանը: Թեև աշխատանքները դեռևս ընթացքի մեջ են, բայց Վանաձորում առկա պատկերը, ըստ վարչության պետ Արմեն Ջանազյանի, հիմնականում տեսանելի է.

-Վանաձորի քաղաքապետարանը, նաև այլ համայնքներ, առաջնորդվում են աղբահանության վարձավճարների խորհրդային նորմատիվներով, ինչը բնականաբար փոփոխման ենթակա է: Տարածքային կառավարման և զարգացման նախարարությունը նորմատիվների նոր ձևի մշակման գործընթաց է իրականացնում և առաջիկայում դրանք կներկայացվեն մարզի համայնքների ավագանիների քննարկմանը,- նշեց Ա. Ջանազյանը:

Այս առումով մարզի ղեկավարի հանձնարարականը հստակ էր.

-Մինչ նորմատիվների օրինակելի ձևերի պատրաստ լինելը պետք է աշխատանքներ տարվեն այս ուղղությամբ, հստակ գույքագրում կատարվի, որպեսզի դրանք գործարկվելու դեպքում իմանանք մեր քայլերը: Համոզված եմ, որ հիմնավորված ուսումնասիրության արդյունքում իրավաբանական անձանցից կամ տնտեսվարողներից աղբահանության նպատակով գանձվելիք գումարները մի քանի անգամ ավելին կլինեն, քան ներկայում,-ասաց Ա. Նալբանդյանը: Գույքագրման համար մարզի ղեկավարը 20 օր ժամանակ տվեց:

-Յուրաքանչյուր ամիս պետք է վերլուծություն իրականացնել, թե իրավաբանական անձանց կամ տնտեսվարողների հետ կնքված աղբահանության պայմանագրերի թիվը որքանով է ավելացել,-մարզպետը խոսքն ուղղեց «Մաքուր Հայաստան» ծրագրի իրականացման հանձնաժողովի  նախագահ, փոխմարզպետ Հովհաննես Թադևոսյանին:

Մարզում թափոնների կառավարման ուղղությամբ տարվող աշխատանքները ներկայացրեց մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության բնապահպանության բաժնի պետ Արտակ Դեմիրչյանը, իսկ հողաշինության և հողօգտագործման բաժնի պետ Արտակ Օհանյանը տեղեկացրեց, որ «Մաքուր Հայաստան» ծրագրի շրջանակներում մշակվել է մարզի համայնքներում իրականացվելիք միջոցառումների 24 կետից բաղկացած ծրագիր-ժամանակացույց, որն էլ մարզպետի հանձնարարությամբ կտրամադրվի համայնքներին: Ա. Օհանյանը ներկայացրեց նաև մարզի բենզա և գազալցակայաններում սանհանգույցների առկայության վերաբերյալ ՀՀ վարչապետի հանձնարարությամբ կատարված ուսումնասիրության արդյունքները: Մարզպետը հանձնարարեց 5-օրյա ժամկետում վերջնականապես հստակեցնել պատկերը և համապատասխան գրությամբ իրազեկել սանհանգույցներ չունեցող տնտեսվարողներին:

Մարզի ղեկավարի հանձնարարությամբ համայնքային բյուջեներով աղբահանության գծով նախատեսված և կատարված ծախսերի վերլուծությունը ներկայացրեց մարզպետարանի ֆինանսական և սոցիալ-տնտեսական զարգացման վարչության ֆինանսատնտեսագիտական բաժնի պետ Նունիկ Ասրյանը՝ տեղեկացնելով, որ այս տարի մարզի միայն 58 համայնքում է բյուջեներով աղբահանության գումար նախատեսվել:

Ամփոփելով խորհրդակցությունը՝ մարզպետը տեղեկացրեց, որ հուլիսի 29-ին կանցկացվի երկրորդ համապետական շաբաթօրյակը՝ հանձնարարելով իրականացնել նախապատրաստական աշխատանքներ:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 09:45:22