Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

«Ամենօրյա ռեժիմով պետք է աշխատենք». ՀՀ վարչապետը արտագնա խորհրդակցություն անցկացրեց Վանաձորում

03.07.2017

Հունիսի  30-ին ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը տարածքային կառավարման և զարգացման, գյուղատնտեսության, կրթության և գիտության, առողջապահության, էկոնոմիկայի, աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարների, քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահի, կառավարության աշխատակազմի մի խումբ պաշտոնյաների մասնակցությամբ արտագնա խորհրդակցություն անցկացրեց Վանաձորում: Խորհրդակցությանը ներկա էին մարզպետ Արթուր Նալբանդյանը, մարզպետարանի ստորաբաժանումների, քաղաքային համայնքների, շահագրգիռ կառույցների ղեկավարներ, գործարարներ:

 Լոռու մարզում անցացված խորհրդակցության ընթացքում քննարկվեցին մարզի և համայնքների զարգացման ծրագրերի շրջանակում, ըստ ոլորտների, իրականացված միջոցառումների ընթացիկ արդյունքներն ու առաջիկա անելիքները: 
Մարզպետ Արթուր Նալբանդյանը զեկուցեց մարզի սոցիալ-տնտեսական վիճակի բարելավման ուղղությամբ կատարվող քայլերի, մակրոտնտեսական ցուցանիշների, ներդրումային ծրագրերի, համայնքների բյուջեների սեփական
եկամուտների կատարողականի մասին: Ներկայացնելով 2017 թ. առաջին եռամսյակի մակրոտնտեսական ցուցանիշները՝ մարզպետը նշեց, որ արդյունաբերական արտադրանքի ծավալը կազմել է 31891,8 մլն ՀՀ դրամ, իսկ գյուղատնտեսական համախառն ներքին արդյունքի ծավալը՝ 5351,0 մլն ՀՀ դրամ: Աճ է արձանագրվել շինարարության ծավալի մեջ: Ի կատարումն վարչապետի հանձնարարականի ներկայացվել է 25 ներդրումային բիզնես ծրագիր՝ շուրջ 10 մլրդ ՀՀ դրամ ընդհանուր արժեքով: 25 ծրագրից 3-ն արդեն հավանության է արժանացել: Ա. Նալբանդյանը ներկայացրեց Լոռու մարզի զարգացման ռազմավարության գերակա ուղղությունները՝ արդյունաբերություն, արտահանման խթանում, զբոսաշրջություն, տեղեկատվական տեխնոլոգիաներ, գյուղատնտեսություն, սննդարդյունաբերություն և փոքր ու միջին ձեռնարկությունների ստեղծում՝ նշելով, որ մարզն ունի այս ոլորտների զարգացման համար անհրաժեշտ ներուժը: 
Անդրադառնալով մարզերի զարգացման ծրագրերի արդյունավետ իրականացման հարցին՝ վարչապետը նշեց.

-Մարզային իշխանությունը պետք է հասկանա մարզի առավելությունները՝ որո՞նք են տնտեսական վիճակի օբյեկտիվ և ոչ օբյեկտիվ պատճառները, ինչի՞ հիման վրա պետք է տնտեսական աճ ապահովենք, ինչո՞վ կարող ենք իրենց օգնել: Յուրաքանչյուր մարզի ռազմավարությունը քննարկել ենք, բայց անհրաժեշտ է այս հարցադրումներին ևս մեկ անգամ անդրադառնալ,-ասաց նա: 
Համայնքների բյուջեների կատարողականի առնչությամբ Կարեն Կարապետյանը նշեց, որ թերպլանավորման տեղ կա, որովհետև համայնքի բյուջեն ավելացնելու մոտիվացիա չի եղել: Գործադիրի ղեկավարը հանձնարարեց Լոռու մարզպետին՝ ներկայացնել համեմատական վերլուծություն համայնքների բյուջեների պլանավորման և կատարողականի վերաբերյալ:
Վարչապետը հետաքրքրվեց նաև մարզում «Մաքուր Հայաստան» ծրագրի ընթացքից և ծանոթանալով կատարվող քայլերին՝ հանձնարարեց լինել խիստ հետևողական «Մաքուր Հայաստան»-ի իրականացման գործում, աղբահանության և սանիտարական մաքրման աշխատանքներն իրականացնել ավելի կազմակերպված ու հնարավորինս արագ:
 

-Մեր ուզածն այն է, որ մեր քաղաքացին նորմալ ապրի: Համայնքային կառավարումը չափազանց կարևոր է: Որքան էլ կառավարությունում խելոք բաներ մտածենք, եթե համայնքը տեղում չաշխատեց, դա կոպեկի գին չի ունենա, որովհետև քաղաքացին պետության մասին առաջին հերթին կարծիք է կազմում համայնքային իշխանության հետ շփման արդյունքում, իր համար համայնքային իշխանությունն է պետության արտացոլումը, սաց  կառավարության ղեկավարը: 
Այնուհետև մարզպետարանի ստորաբաժանումների ղեկավարները համապատասխանաբար ներկայացրեցին մարզում կրթության, գյուղատնտեսության, առողջապահության, սոցիալական և քաղաքաշինության ոլորտներում առկա խնդիրների լուծման ուղղությամբ իրականացվող աշխատանքները:
 
Ներկայացվեցին նաև գյուղական դպրոցներում մ
ասնագետ ուսուցիչների ներգրավման, նախադպրոցական կրթության մատչելիության ապահովման և ոլորտի բարեփոխման վերաբերյալ մի շարք առաջարկություններ: Կառավարության ղեկավարը հանձնարարեց ԿԳ նախարարի հետ քննարկել դրանք և ներկայացնել ռացիոնալ լուծումների տարբերակներ: 
Վարչապետին զեկուցվեց նաև պետական աջակցությամբ գյուղատնտեսական տեխնիկայով ապահովման, գյուղատնտեսական մասնագիտությունների մասնագետների պատրաստման և վերապատրաստման, հակակարկտային կայանների ներդրման վերաբերյալ: Տեղեկանալով, որ ֆերմերների շահագրգռվածությունը նշված ծրագրից օգտվելու առումով բավական ցածր է՝ կառավարության ղեկավարը նշեց, որ գյուղատնտեսական տեխնիկայի ֆինանսական վարձակալության՝ լիզինգի պետական աջակցության ծրագիրը բավական շահավետ պայմաններ է առաջարկում, և անհրաժեշտ է պատշաճ, մանրամասն իրազեկել դրա մասին: Մասնագետների պատրաստման և վերապատրաստման հարցի առնչությամբ էլ նշվեց, որ այդ նպատակով մշակվել է համապատասխան հայեցակարգ: Կարևորելով կարճաժամկետ և արդյունավետ դասընթացների կազմակերպումը՝ Կարեն Կարապետյանը հանձնարարեց հայեցակարգը քննարկել շահագրգիռ գերատեսչությունների հետ: 
Ներկայացվեցին նաև առողջապահության և սոցիալական ոլորտի խնդիրների լուծման մասով ներկայացված առաջարկությունները: Մասնավորապես քննարկվեցին մարզի առողջապահական համակարգում բարեփոխման և օպտիմալացման ուղղությամբ կատարված աշխատանքները
, ինչպես նաև երեխաների պաշտպանության և ներառական կրթության բնագավառում համալիր բարեփոխումների միջոցառումները: Քաղաքաշինության ոլորտի հարցերի շրջանակում անդրադարձ կատարվեց Լոռու մարզի աղետի գոտու գյուղական բնակավայրերում անօթևան մնացած և շահառու ճանաչված ընտանիքների բնակարանային խնդիրներին: Վարչապետը հանձնարարեց շահագրգիռ գերատեսչությունների ղեկավարներին մարզպետարանի պատասխանատուների հետ համատեղ քննարկել նշված հարցերը և ներկայացնել առաջարկություններ: 
Արծարծվեցին նաև մարզում զբոսաշրջության խթանման հնարա
վորություններին և խոշոր քաղաքների զարգացման ծրագրերին վերաբերող հարցեր: Ներկայացվեց մասնավորապես, Վանաձոր քաղաքի զարգացման տեսլականը, որում շեշտը դրվում է ինդուստրիալ տուրիզմի խթանման և քաղաքի զբոսաշրջային գրավչության բարձրացման միջոցառումների վրա: Վարչապետը ողջունեց գաղափարը և հանձնարարեց սեղմ ժամկետում կոնկրետ բիզնես ծրագիր ներկայացնել:
Քննարկման ավարտին վարչապետ Կարապետյանը նշեց, որ անհրաժեշտության դեպքում նման հանդիպումները կանոնավոր են լինելու և միաժամանակ հորդորեց մարզային իշխանության ներկայացուցիչներին չսպասել նման այցերի՝ հարցերը բարձրացնելու համար:
 

-Եթե Լոռու մարզպետարանի աշխատակազմը, համայնքապետերը ցանկանում են, որ իրենց խնդիրները լուծվեն, պետք է շատ ինտենսիվ դրանք բարձրացնեն նախարարությունների առջև: Իսկ եթե նախարարներն ուզում են իրենց ծրագրերն իրագործվեն, պետք է մարզպետարանները դարձնեն իրենց դաշնակիցն ու փիլիսոփայության քարոզողը: Ռեգուլյար, ամենօրյա ռեժիմով պետք է աշխատեք: Դուք պետք է լինեք ձեր մարզի զարգացման շարժիչ ուժը: Մենք դա ավելի լավ չենք պատկերացնելու ու այս խնդիրները մեկ առ մեկ լուծելով պետք է առաջ շարժվենք, - նշեց  Կարեն Կարապետյանը՝ հավելելով, որ տարեվերջին, պարզ ձևակերպված հայտանիշներով, գնահատվելու է մարզպետերի աշխատանքը:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 17:46:36