Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Անհայտ կորած զինծառայողներին նվիրված միջոցառում

30.06.2017

Լոռու մարզպետարանի, Վանաձորի քաղաքապետարանի, Երկրապահ կամավորականների միության Լոռու մարզային կառույցի, Հայկական կարմիր խաչի Լոռու մարզային մասնաճյուղի ներկայացուցիչները, վետերանները, մտավորականները և ուսանողները  Լոռու մարզի անհայտ կորած ազատամարտիկների ընտանիքների անդամների հետ, ավանդույթի համաձայն, հավաքվել էին Վանաձորի գեղագիտական դաստիարակության ազգային կենտրոնին հարակից զբոսայգում տեղադրված խաչքար-հուշարձանի մոտ: Պատանի երկրապահները Հայաստանի, Արցախի, երկրապահ կամավորականների միության դրոշներով ուղեկցեցին Լոռու մարզպետարանի անունից խոնարհված ծաղկեպսակը, ապա խաչքարը ծածկվեց թարմ ծաղիկներով, իսկ փոքրիկ հայրենասերները հերթափոխով պատվո պահակ կանգնեցին:

Միջոցառումը վարող մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության առաջատար մասնագետ Մհեր Մելիքյանը հուսադրող խոսքեր հնչեցրեց: Հոգևոր և օրհնության խոսքով հանդես եկավ Վանաձորի Սուրբ Գր.Նարեկացի եկեղեցու քահանա Տեր Աբրահամ Մարտիրոսյանը:

Վանաձորի փոխքաղաքապետ, պատմաբան Արման Բեռնեցյանն անդրադարձավ անցյալ դարի 90-ականներին պատերազմական իրադարձությունների հետևանքով ստեղծված իրավիճակին, ներկայացրեց՝ ինչպիսի որոնողական աշխատանքներ են կատարվել անհայտ կորած զինծառայողներին հայտնաբերելու ուղղությամբ: Երկրապահ կամավորականների միության Լոռու մարզային կառույցի ղեկավար, գնդապետ Կամո Հովհաննիսյանը խոսեց իր զինակից ընկերների մասին՝ կարևորելով նրանց կենսափորձը մատաղ սերնդի դաստիարակության գործում:

Անհայտ կորած զինծառայող Վահե Եղշատյանի մայրը՝ Սիրուշ Հակոբյանն իր ելույթում նշեց, որ իրենց սպասումը հավերժ է մոր և որդու միջև առկա սիրո նման:

Պատանի երկրապահների Վանաձորի ակումբի սաները /մարզային պատասխանատու՝ փոխգնդապետ Աշոտ Քոչարյան/ հանդես եկան հայրենասիրական երգերի կատարումներով:

Մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության բաժնի պետ, զոհված զինծառայողների և հաշմանդամների հարցերով զբաղվող Լոռու մարզային հանձնաժողովի անդամ Վալերի Ջաղինյանը՝ մարզպետ Արթուր Նալբանդյանի անունից դրամական օժանդակություն ցուցաբերեց անհայտ կորած զինծառայողների ծնողներին և հարազատներին:

Այնուհետև միջոցառման մասնակիցները հրավիրվեցին Գեղագիտական ազգային կենտրոնի Վանաձորի մասնաճյուղ՝ դիտելու սաների ձեռքի աշխատանքների ցուցահանդեսը:

Վանաձորում անց են կացվել նաև թեմատիկ այլ միջոցառումներ՝ Ստեփան Զորյանի տուն-թանգարանում և Վանաձորի մշակույթի տներում: Ալավերդիում Սուրբ Գր. Նարեկացի եկեղեցում մոմավառությամբ է սկսվել միջոցառումը, ապա ծաղիկներ են խոնարհվել հուշակոթողին, իսկ Հովհ. Թումանյանի անվան գրադարանում անցկացվել է գրական-երաժշտական միջոցառում՝ «Վերադարձի սպասումով» խորագրով: Սպիտակի քաղաքային գրադարանում համայնքի ազատամարտիկների և պատանի երկրապահների ակումբի անդամների մասնակցությամբ անցկացվել է գրական-գեղարվեստական «Մեր բացակա ներկայությունը» խորագրով ցերեկույթը: Նմանատիպ միջոցառումներ են անցկացվել նաև Ստեփանավանում և Տաշիրում:

 

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 17:46:36