Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Անհայտ կորած զինծառայողներին նվիրված միջոցառում
30.06.2017
Լոռու մարզպետարանի, Վանաձորի քաղաքապետարանի, Երկրապահ կամավորականների միության Լոռու մարզային կառույցի, Հայկական կարմիր խաչի Լոռու մարզային մասնաճյուղի ներկայացուցիչները, վետերանները, մտավորականները և ուսանողները Լոռու մարզի անհայտ կորած ազատամարտիկների ընտանիքների անդամների հետ, ավանդույթի համաձայն, հավաքվել էին Վանաձորի գեղագիտական դաստիարակության ազգային կենտրոնին հարակից զբոսայգում տեղադրված խաչքար-հուշարձանի մոտ: Պատանի երկրապահները Հայաստանի, Արցախի, երկրապահ կամավորականների միության դրոշներով ուղեկցեցին Լոռու մարզպետարանի անունից խոնարհված ծաղկեպսակը, ապա խաչքարը ծածկվեց թարմ ծաղիկներով, իսկ փոքրիկ հայրենասերները հերթափոխով պատվո պահակ կանգնեցին:
Միջոցառումը վարող մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության առաջատար մասնագետ Մհեր Մելիքյանը հուսադրող խոսքեր հնչեցրեց: Հոգևոր և օրհնության խոսքով հանդես եկավ Վանաձորի Սուրբ Գր.Նարեկացի եկեղեցու քահանա Տեր Աբրահամ Մարտիրոսյանը:
Վանաձորի փոխքաղաքապետ, պատմաբան Արման Բեռնեցյանն անդրադարձավ անցյալ դարի 90-ականներին պատերազմական իրադարձությունների հետևանքով ստեղծված իրավիճակին, ներկայացրեց՝ ինչպիսի որոնողական աշխատանքներ են կատարվել անհայտ կորած զինծառայողներին հայտնաբերելու ուղղությամբ: Երկրապահ կամավորականների միության Լոռու մարզային կառույցի ղեկավար, գնդապետ Կամո Հովհաննիսյանը խոսեց իր զինակից ընկերների մասին՝ կարևորելով նրանց կենսափորձը մատաղ սերնդի դաստիարակության գործում:
Անհայտ կորած զինծառայող Վահե Եղշատյանի մայրը՝ Սիրուշ Հակոբյանն իր ելույթում նշեց, որ իրենց սպասումը հավերժ է մոր և որդու միջև առկա սիրո նման:
Պատանի երկրապահների Վանաձորի ակումբի սաները /մարզային պատասխանատու՝ փոխգնդապետ Աշոտ Քոչարյան/ հանդես եկան հայրենասիրական երգերի կատարումներով:
Մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության բաժնի պետ, զոհված զինծառայողների և հաշմանդամների հարցերով զբաղվող Լոռու մարզային հանձնաժողովի անդամ Վալերի Ջաղինյանը՝ մարզպետ Արթուր Նալբանդյանի անունից դրամական օժանդակություն ցուցաբերեց անհայտ կորած զինծառայողների ծնողներին և հարազատներին:
Այնուհետև միջոցառման մասնակիցները հրավիրվեցին Գեղագիտական ազգային կենտրոնի Վանաձորի մասնաճյուղ՝ դիտելու սաների ձեռքի աշխատանքների ցուցահանդեսը:
Վանաձորում անց են կացվել նաև թեմատիկ այլ միջոցառումներ՝ Ստեփան Զորյանի տուն-թանգարանում և Վանաձորի մշակույթի տներում: Ալավերդիում Սուրբ Գր. Նարեկացի եկեղեցում մոմավառությամբ է սկսվել միջոցառումը, ապա ծաղիկներ են խոնարհվել հուշակոթողին, իսկ Հովհ. Թումանյանի անվան գրադարանում անցկացվել է գրական-երաժշտական միջոցառում՝ «Վերադարձի սպասումով» խորագրով: Սպիտակի քաղաքային գրադարանում համայնքի ազատամարտիկների և պատանի երկրապահների ակումբի անդամների մասնակցությամբ անցկացվել է գրական-գեղարվեստական «Մեր բացակա ներկայությունը» խորագրով ցերեկույթը: Նմանատիպ միջոցառումներ են անցկացվել նաև Ստեփանավանում և Տաշիրում: