Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Ախթալայում նախատեսվում է հիմնել Ժակ դը Մորգանի անվան թանգարան

29.06.2017

Ախթալայում ֆրանսիացի հնագետ, պատմաբան, հայ ժողովրդի մեծ բարեկամ Ժակ դը Մորգանի անվան թանգարան հիմնելու ծրագրի շրջանակներում եռօրյա գործնական այցով Լոռու մարզում էին Օտ-Տեղ-դը-Պրովանս կազմակերպության ծրագրերի համակարգող Դանիել Գերասիմենկոն և Ֆրանսիայի Սեն Ժերմեն-ան-Լեյ թանգարանի հնագիտության բաժնի տնօրեն Քրիստին Լորը:

Նրանք այսօր հանդիպեցին մարզի ղեկավարի հետ՝ ներկայացնելու եռօրյա այցի ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունները և հետագա անելիքները: Հանդիպմանը ներկա էին նաև մարզպետի խորհրդական Լևոն Ասլանյանը, մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Մինաս Սայադյանը և զարգացման ծրագրերի և վերլուծության բաժնի պետ Հասմիկ Մկրտչյանը:

Լոռու մարզպետարանի, Պրովանս Ալպ կոտ- Դ՛Ազյուր ռեգիոնի, Օտ-Տեղ-դը-Պրովանս կազմակերպության նախաձեռնությամբ և Սեն Ժերմեն-ան-Լեյ թանգարանի հետ համագործակցությամբ իրականացվող ծրագրի շրջանականերում նախատեսվում է Ախթալայի վանական հուշարձանախմբի չօգտագործվող հուշարձաններից մեկը նորոգելով՝ այն վերածել Ժան-Ժակ դը Մորգանի անվան թանգարանի՝ իհարկե պահպանելով ճարտարապետական տեսքը: Հյուրերը ներկայացրեցին, որ մարզի ղեկավարի միջնորդությամբ այս հարցով նախորդ օրերին հանդիպել են ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի հնագիտության և ազգագրության ինստիտուտի տնօրեն, մորգանագետ Պավել Ավետիսյանի, ՀՀ մշակույթի փոխնախարար Արև Սամուելյանի, Հայաստանի պատմության պետական թանգարանի տնօրեն Գրիգոր Գրիգորյանի հետ, պատրաստվում են ստանալ նաև Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի համաձայնությունը և այդ նպատակով հանդիպում կունենան Գուգարաց թեմի առաջնորդ տեր Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանի հետ:

Ներկայացված հարցերի շուրջ քննարկում ծավալվեց: Մարզպետը չափազանց կարևորեց ծրագրի իրականացումը հատկապես զբոսաշրջության զարգացման առումով: Նա պատրաստակամություն հայտնեց հարցը ներկայացնելու  նաև ՀՀ վարչապետին՝ աջակցության ակնկալիքով:

Քննարկվեցին նաև թանգարանի գործունեության հետ կապված հեռահար ծրագրեր՝ մասնավորապես բարձր տեխնոլոգիաների կիրառմամբ ցուցանմուշների թվայնացման, 3D ցուցադրությունների և այլնի հետ՝ օգտագործելով Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնի տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառում աշխատող մասնագետների հնարավորությունները:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 17:22:59