Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Մրցահարթակում փոքրիկներն էին
22.06.2017
Վանաձորի մարզապալատում անցկացվեց ՀՀ Նախագահի մրցանակի «Լավագույն մարզական նախադպրոցական հաստատություն» մարզական մրցույթի եզրափակիչ փուլը: Մասնակիցները հանրապետության 10 մարզերի և Արցախի մարզային մրցույթներում հաղթած թիմերն էին՝ 10-ական անդամներով:
Տարբեր մրցաձևերում համառ ու անզիջում պայքարում ի վերջո որոշվեցին հաղթողները: Մրցավարական խումբը՝ միջոցառման գլխավոր մրցավար, Վանաձորի պետական համալսարանի դոցենտ, հանրապետական կարգի մրցավար Հովիկ Սարգսյանի գլխավորությամբ առաջին կարգի մրցանակ՝ գավաթ և մեդալներ շնորհեց Սյունիքի մարզի Գորիս քաղաքի թիվ 2 ՆՈւՀ-ի թիմին, երկրորդ կարգի մրցանակին արժանացավ «Բողբոջ» նախակրթարանը՝ Կոտայքի մարզից, իսկ երրորդ մրցանակը բաժին հասավ Ստեփանակերտի թիվ 10 ՆՈւՀ-ին: Հաղթող թիմին պարգևատրեց ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի փոխնախարար Խաչիկ Ասրյանը, երկրորդ մրցանակակրին՝ Լոռու փոխմարզպետ Տիգրան Բադոյանը, իսկ արցախցիներին՝ Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը:
Չորրորդից տասնմեկերորդ տեղերը գրաված փոքրիկները ևս անմասն չմնացին մրցանակներից: Նրանք ևս ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության վարչության պետ Լևոն Սահրադյանի կողմից պարգևատրվեցին նախարարության շնորհակալագրերով և մարզագույքով:
Ամբողջ մրցաշարի ընթացքում իրենց կատարումներով փոքրիկներին ոգևորեցին Գուգարաց թեմի «Վարդանանց հետնորդներ» փողային նվագախումբը, «Հորովել» մանկապատանեկան համույթը և ՎՊՀ-ից շնորհալի երգչուհի Ռիմա Հովսեփյանը: