Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Աշխատանքային խորհրդակցություն

05.06.2017

 Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը մարզպետարանի պատասխանատու աշխատողների մասնակցությամբ այսօր անցկացրեց աշխատանքային խորհրդակցություն:
Մինչ օրակարգային հարցերին անցնելը, մարզի ղեկավարը ցուցումներ տվեց «Մաքուր Հայաստան» ծրագրի շրջանակներում առաջիկայում իրականացվելիք աշխատանքների վերաբերյալ, ապա անդրադարձավ ՀՀ ԱԺ հանձնաժողովների հետ համագործակցությանը և առաջիկայում Լոռու մարզում անցկացվելիք ՀՀ կառավարության արտագնա նիստին:
Լոռու մարզպետարանի աշխատակազմի ղեկավար Նարեկ Սարգսյանն անդրադարձավ նախորդ շաբաթվա ընթացքում մարզի ղեկավարի կողմից տրված հանձնարարականների կատարման ընթացքին, առաջիկայում կատարվելիք աշխատանքներին:
Համայնքներում հարկերի հավաքագրման ընթացքը ներկայացրեց մարզպետարանի ֆինանսական և սոցիալ-տնտեսական զարգացման վարչության պետ Հրայր Պապոյանը: Նրա տեղեկացմամբ, հունիսի 1-ի դրությամբ 5 ամսվա կտրվածքով սեփական եկամուտների կատարողականը կազմել է 93,2 տոկոս, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ հավաքագրումներն ավելացել են 31 մլն. դրամով, աճը կազմել է 5,2 տոկոս, հողի հարկի կատարողականը 80 տոկոս է, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ պակաս է հավաքագրվել 6 մլն դրամ: Գույքահարկի կատարողականը կազմել է 96,4 տոկոս, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ աճը 12 մլն դրամ է: Մարզպետը փոխմարզպետներին հանձնարարեց ըստ համայնքների ուսումնասիրել թերի հավաքագրումների պատճառները և լուրջ ուշադրություն դարձնել ավագանիների որոշումներին: Նա վարչական հսկողության հանձնաժողովին ևս հանձնարեց հետևողական լինել այս հարցին:
Քաղաքաշինության վարչության պետ Արմեն Ջանազյանը տեղեկացրեց, որ մարզում իրականացվելիք հրատապ ծրագրերի մրցույթների արդյունքները քննարկման փուլում են: Ծրագրի շրջանակներում մարզի համար մի շարք կարևոր աշխատանքներ կիրականացվեն:Ջանազյանը հայտնեց նաև, որ մարզի ղեկավարի հանձնարարականը քաղաքային համայնքների բազմաբնակարան շենքերի վերելակների լրացուցիչ տեխզննություն իրականացնելու և տեխզննություն չանցած վերելակների աշխատանքները դադարեցնելու վերաբերյալ կատարման ընթացքում է:
-Համայնքների ղեկավարները մեզ պարբերաբար տեղեկատվություն են ներկայացնում արդյունքների վերաբերյալ,-ասաց վարչության պետը:
Մարզպետն իր հերթին, անդրադառնալով Վանաձորի ճանապարհների բարեկարգման աշխատանքներին, նշեց.
-Նախընտրական շրջանում շտաբային հանդիպումների ընթացքում ՀՀ նախագահին է ներկայացվել մարզկենտրոնի ճանապարհների բարեկարգման հարցը: ՀՀ նախագահը հանձնարարել է գարնանը կոնկրետ ներկայացնել, թե ինչ ծավալի աշխատանքներ է նախատեսվում իրականացնել, և այժմ նրա հանձնարարությամբ Վանաձորի ճանապարհների հիմնանորոգման նպատակով կառավարության պահուստային ֆոնդից կհատկացվի 300 մլն դրամ,-ասաց Ա. Նալբանդյանը:
Բացի այդ, քանի որ Վանաձորի ճանապարհների բարեկարգման համար միջոցներ են հատկացվել նաև հրատապ ծրագրերի շրջանակներում և Վանաձորի քաղաքապետարանի բյուջեով, մարզի ղեկավարը քաղաքաշինության վարչությանը հանձնարարեց, Վանաձորի քաղաքապետարանի պատասխանատուների հետ հետևողականորեն ուսումնասիրել և նշված 300 մլն.-ն ուղղել այն ճանապարհների վերնորոգմանը, որոնք վերոնշյալ ծրագրերում ընդգրկված չեն:
Մարզպետարանի ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի պետ Սասուն Խեչումյանը ներկայացրեց երեխաների իրավունքների պաշտպանության մեկամսյակի շրջանակներում և մասնավորապես հունիսի 1-ին մարզում կազմակերպված միջոցառումները՝ ուրախությամբ նշելով, որ տարեցտարի մարզի համայնքների ակտիվությունն ավելանում է:
Քննարկվեցին նաև ընթացիկ աշխատանքներին առնչվող այլ հարցեր:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-04 15:55:59