Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

«Հատուցում ազատամարտիկներին» ծրագրի շրջանակներում սևծովյա ամառային հանգիստ կանցկացնեն զոհված, վիրավորված ազատամարտիկների ընտանիքների անդամները, ազատամարտի վետերանները

02.06.2017

«Արտ» բարեգործական ընկերությունը Լոռու մարզպետարանի  և մարզի համայնքների հետ համագործակցությամբ Լոռու մարզում արդեն երկրորդ տարին իրականացնում է «Հատուցում ազատամարտիկներին» ծրագիրը, որի շրջանակներում Սև ծովի ափին ամառային հանգիստ անցկացնելու նպատակով անվճար ուղեգրեր են բաշխվում 1992-94թ.թ. և դրանից հետո զոհված, վիրավորված ազատամարտիկների ընտանիքների անդամներին, ազատամարտի վետերաններին:

Ուղեգրերը հանձնելու նպատակով այսօր Լոռու մարզպետարանում հանդիպում էր կազմակերպվել, որին ներկա էին Լոռու մարզպետի տեղակալ Արսեն Դարբինյանը, մարզպետարանի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Վալերի Խաչատրյանը մարզպետարանի պաշտոնյաներ, «Արտ» բարեգործական ընկերության տնօրեն Արտյոմ Թումանյանը և մարզի համայնքների ղեկավարներ: Ա. Դարբինյանն իր և մարզպետ Ա. Նալբանդյանի անունից շնորհակալություն հայտնեց կազմակերպությանը նման ողջունելի ծրագիր մարզում երկու տարի շարունակ իրականացնելու համար՝ նշելով, որ մարզպետարանը պատրաստակամ է աջակցելու ցանկացած հարցում:

Ա. Թումանյանը տեղեկացրեց, որ այս տարի ծրագրում ընդգրկված է մարզի 12 համայնքների 25 շահառու, որոնք հունիսի 25-ից հնարավորություն կունենան մեկաբաթյա ամառային լիարժեք հանգիստն անցկացնելու Քոբուլեթիում: Նա շնորհակալություն հայտնեց համայնքների ղեկավարներին համատեղ ներդրում իրականացնելու և իրենց համայնքներում բնակվող շահառու ընտանիքներին նման հնարավորություն ընձեռելու համար, ինչպես նաև՝ Լոռու մարզպետարանին կազմակերպչական հարցերում աջակցելու համար:

Ծրագրին ակտիվ մասնակցություն ունենալու համար ի նշան գնահատանքի՝ Ա. Թումանյանը Ստեփանավանի քաղաքապետ Միքայել Ղարաքեշիշյանին հանձնեց ՌԴ Կրասնոդարի երկարամասի Սոչի քաղաքի «Հայաստանի մայրերի միություն» ՀԿ-ի «Երախտագիտության 30-ամյակ» ոսկե մեդալ:

«Արտ»  բարեգործական ընկերության տնօրենը տեղեկացրեց նաև, որ այս տարի ընկերության և հովանավորների աջակցությամբ ամառային հանգիստ կկազմակերպվի նաև ապրիլյան քառօրյա պատերազմում զոհված զինվորների մայրերի և կանանց համար:Ուղեգրերը նրանց կհանձնվեն տնայցերի միջոցով:

Եվս մեկ անգամ շնորհակալություն հայտնելով մարզում ծրագրի իրականացման համար՝ փոխմարզպետը նշեց, որ քառօրյա պատերազմում զոհված զինծառայողների ընտանիքները մարզային իշխանությունների ամենօրյա ուշադրության կենտրոնում են և նրանց պարբերաբար աջակցություն է ցուցաբերվում:  

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-23 15:20:53