Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Նշվեց Հանրապետության տոնը և Ղարաքիլիսայի հերոսամարտի 99-րդ տարեդարձը

29.05.2017

 Մայիսի 28-ին վանաձորցիները հանդիսավորությամբ նշեցին Հանրապետության տոնը և Ղարաքիլիսայի հերոսամարտի 99-րդ տարեդարձը: Ավանդույթի համաձայն՝ տոնական միջոցառումը կազմակերպվել էր Ղարաքիլիսայի ճակատամարտի վայրում՝ «Կոտրած եկեղեցի» հուշակոթողի մոտ: Հանդիսությանը ներկա էին Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը, ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը,Հայ Առաքելական եկեղեցու Գուգարաց թեմի առաջնորդ Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանը, Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը, Աժ պատգամավորներ, մարզային և քաղաքային իշխանությունների, ուժային կառույցների, հոգևորականության ներկայացուցիչներ, Երկրապահ կամավորականների միության անդամներ, մտավորականներ, արվեստագետներ, մշակույթի գործիչներ, հարյուրավոր վանաձորցիներ:
Միջոցառումն սկսվեց պատանի երկրապահների ողջույնով և ՀՀ պետական օրհներգով՝ Գուգարաց թեմի «Վարդանանց հետնորդներ» փողային նվագախմբի և Վանաձորի կամերային երգչախմբի կատարմամբ: Տոնախմբության մասնակիցները լռությամբ հարգեցին Ղարաքիլիսայի հերոսամարտի նախատակների անմար հիշատակը:
Թեմակալ առաջնորդ Սեպուհ սրբազանը, ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը, Վանաձորի փոխքաղաքապետ Արման Բերնեցյանը, Դրաստամատ Կանայանի անվան ռազմական ուսումնարանի փոխգնդապետ Արմեն Սարգսյանը իրենց ելույթներում արժևորեցին մայիսյան հերոսամարտերի և Հայաստանի առաջին հանրապետության պատմական նշանակությունը, որոնք շրջադարձային նշանակություն ունեցան հայ ժողովրդի կյանքում, շեշտելով, որ Հայոց ապագայի գրավականը միայն ու միայն ազգի միասնությունն ու համերաշխությունն է: Ապա ընթերցվեց ՀՀ երկրապահ կամավորականների միության վարչության նախագահ գեներալ Մանվել Գրիգորյանի շնորհավորական ուղերձը:
Տոնակատարության հանդիսավոր մասի ավարտին ներկաները ծաղկեպսակներ դրեցին և ծաղիկներ խոնարհեցին հերոսամարտի հուշակոթողին, հոգևոր դասի կողմից կատարվեց հոգեհանգստյան արարողություն հայրենիքի համար նահատակված հերոսների հիշատակին: Ապա փողային նվագախմբի նվագակցությամբ ՀՀ ՊՆ 3-րդ բանակային կորպուսի զինվորականները տոնական շքերթ կատարեցին: Հուշարձանի մերձակա տարածքում ցուցադրված էին Վանաձորում տեղակայված N զորամասի տարբեր ստորաբաժանումների զինատեսակները,3-րդ բանակային կորպուսի հետախուզական վաշտի զինվորները հանդես եկան ցուցադրական մարտական գործողություններով:
Տոնական միջոցառման ընթացքում հոգևոր և հայրենասիրական երգերի կատարումներով հանդես եկավ Վանաձորի քաղաքապետարանի կամերային երգչախումբը, «Հորովել» երգի ու պարի համույթի մենակատար Ստեփան Դալլաքյանը, ազգագրական պարեր կատարեցին «Հորովել» երգի-պարի համույթի դպրոց-ստուդիայի սաները:
Եկող տարի այս օրերին համայն հայությունը մեծ հանդիսությամբ կնշի փառապանծ հերոսամարտի 100-ամյա տարեդարձը, պատմական իրադարձություն, որի մասին գնահատանքի խոսք է ասել անգամ հակառակորդը: «...բացառիկ ճակատամարտ էր այս պատերազմի պատմության մեջ։ Ղարաքիլիսայում հայերն ապացուցեցին, որ կարող են լինել աշխարհի լավագույն զինվորները», - Բաթումի բանակցությունների ժամանակ խոստովանել է թուրքական բանակի կովկասյան զոդարձրքերի հրամանատար Վեհիբ փաշան։

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 17:22:59