Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Անցկացվեց Լոռու մարզխորհրդի հերթական նիստը

29.05.2017

 Մայիսի 29-ին Լոռու մարզխորհրդի հերթական նիստն անցկացվեց Վանաձորի Էդ. Կզարթմյանի անվան երաժշտական դպրոցի դահլիճում: Նիստը վարում էր մարզպետ Արթուր Նալբանդյանը: Նիստին ներկա էր նաև ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության Տարածքային կառավարման վարչության պետ Արթուր Սողոմոնյանը:
Մինչ օրակարգային հարցերին անցնելը, մարզպետը շնորհակալություն հայտնեց համայնքների ղեկավարներին «Մաքուր Հայաստան» ծրագրի շրջանակներում մայիսի 27-ին համապետական շաբաթօրյակի ակտիվ կազմակերպման և իրականացման համար:
-Հորդորում եմ այսուհետ լուրջ ուշադրություն դարձնել մաքրման աշխատանքներին և հետագա պահպանության խնդրին: Կարող եք տուգանքի մեխանիզմներ մշակել, անհրաժեշտ միջոցառումներ ձեռնարկել, որպեսզի նման իրավիճակ այլևս երբեք չկրկնվի,-ասաց մարզպետը:
Օրակարգի առաջին հարցով մարզպետարանի աշխատակազմի ղեկավար Նարեկ Սարգսյանը մարզի համայնքների ղեկավարներին իրազեկեց Հայաստանի Հանրապետության օրենսդրական և գերատեսչական իրավական ակտերի մասին:
-Թեև մարզպետարանի համապատասխան գերատեսչությունները օրենսդրական փոփոխությունների վերաբերյալ պարբերաբար շրջաբերականներով իրազեկում են համայնքների ղեկավարներին, այդուհանդերձ, անհրաժեշտ եմ համարում դրանցից մի քանիսի վերաբերյալ պազաբանումներ տալ,- իր խոսքում նշեց Ն. Սարգսյանը:
Նա անդրադարձավ Սահմանադրական փոփոխությունների համատեքստում ՏԻՄ օրենքում կատարված փոփոխություններին՝ մասնավորապես համայնքների ղեկավարների լիազորությունների շարքում նոր գործառույթների ավելացմանը.
-Սոցիալական աշխատողի ինստիտուտը ներ է դրվում 5000-ից ավելի բնակիչ ունեցող համայնքներում: Երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտում իրականացվող բարեփոխումների շրջանակներում ուզում եմ առանձնացնել երեխաների խնամքի գիշերօթիկ հաստատությունների վերակազմակերպման գործընթացը: Այս տեսանկյունից սոցիալական աշխատողների դերն առավել է կարևորվում, ուստի 5000 և ավելի բնակիչ ունեցող համայնքների ղեկավարներին ևս մեկ անգամ հորդորում ենք արագացնել գործընթացը,-ասաց Ն. Սարգսյանը:
Նա անդրադարձավ նաև «Գնումների մասին» օրենքում գնման ընթացակարգերում կատարված փոփոխություններին, ՀՀ նախագահի հանձնարարությամբ՝ զոհված, վիրավորված զինծառայողների, առաջին կարգի հաշմանդամների անօթևան ընտանիքների հաշվառման գործընթացի պատշաճ և կարճ ժամկետներում կատարմանը: Ն. Սարգսյանը հիշեցրեց նաև, որ ՀՀ վարչապետի հանձնարարությամբ կարճ ժամկետներում ՀՀ ՏԿԶ նախարարություն պետք է ներկայացվեն համայնք-մասնավոր հատված գործընկերության պիլոտային ծրագրերը՝ առաջարկելով արագացնել գործընթացը:
Մարզի համայնքների բյուջեների 2017 թվականի անցած ժամանակաշրջանի սեփական եկամուտների կատարման մասին զեկուցմամբ հանդես եկավ մարզպետարանի ֆինանսական և սոցիալ-տնտեսական զարգացման վարչության պետ Հրայր Պապոյանը: Ըստ նրա, մարզի համայնքների բյուջեներով նախատեսված եկամուտների հավաքագրումը ապահովվել է 98.7%-ով, 6.4%-ով գերազանցվել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը:
Համայնքների սեփական եկամուտների հավաքագրումը կատարվել է 95.0%-ով, կամ նախորդ տարվա նկատմամբ շուրջ 6% նահանջ է արձանագրվել:
Սեփական եկամուտների հավաքագրման գործընթացում անկման միտում է նկատվում, ընդամենը 45 համայնքում է կատարողականը կազմել 100%-ից բարձր,16 համայնք չի հատել անգամ 60 տոկոսի սահմանագիծը: Դրանց թվում են Պաղաղբյուրը,Պետրովկան, Սարալանջը, Նոր Խաչակապը, Չկալովը, Մղարթը, Արծնին, Սարչապետը և այլն:
99%-ով կատարվել է գույքահարկի պլանը, թեև նախորդ տարվա 7.3 մլն. դրամի աճ է գրանցվել: Այս բնագծում 2016թ.-ի նկատմամբ նվազում ունի 45 համայնք, որոնցից առավել մեծ՝ Ֆիոլետովոն՝ 33.3%, Փամբակը՝ 40.2, Արդվին՝ 34.6, Պետրովկան՝ 52.5, Հագվին՝ 39.9, Ձյունաշողը՝ 34.2, Ձորամուտը՝ 40.9, Հովնանաձորը՝ 45.3%:
15 համայնքի մոտ ընթացիկ պլանի կատարողականը կազմել է 70%-ից ցածր, որոնցից առավել ցածր՝ մինչև 50% կատարողական ունի 11 համայնք:
Նույն ժամանակահատվածում հողի հարկի հավաքագրումը կատարվել է ընդամենը 81.5%-ով, 33 համայնքի մոտ ընթացիկ պլանի նկատմամբ կատարողականը կազմել է 70%-ից ցածր, որոնցից առավել ցածր՝ մինչև 50% հավաքագրում ունի 17 համայնք:
2016թ.ի համեմատությամբ, նվազում ունեն 67 համայնք, որոնցից առավել մեծ՝ Պաղաղբյուրը, Պետրովկան, Ձյունաշողը, Ջիլիզան, Այգեհատը, Հովնանաձորը, Ուրասարը, Ամրակիցը և այլք:
Թեև ընդհանուր առմամբ 111.8% կատարվել է տեղական տուրքերի հավաքագրման պլանները, սակայն դերևս 38 համայնք նախորդ տարվա նկատմամբ հավաքագրման նվազում ունի, որոնցից առավել մեծ՝ Ջրաշենը՝ 24.9%, Սարահարթը՝ 4.1, Սարչապետը՝ 49.8, Ճոճկանը՝ 48.7, Կարմիր Աղեգին՝ 33.3, Արդվին՝ 40, Փամբակը՝ 27.6, Եղեգնուտը՝ 36.4, Ագարակը՝ 48.8%: Իսկ ահա Ուրասար, Բովաձոր, Մղարթ, Կաթնառատ, Արծնի, Արևաշող, Գեղասար, Գոգարան համայնքներում ընդհանրապես գանձումներ չեն եղել:
Պետական տուրքի դեպքում 14.7 մլն. դրամ պլանի դիմաց հավաքագրվել է 14.6 մլն. դրամ կամ 99.9%, նախորդ տարվա համեմատ փաստացի հավաքագրումը նվազել է 0.9 մլն. դրամով:
Անցած 4 ամիսների ընթացքում համայնքների հողի և գույքի վարձակալության վճարների հավաքագրումը պլանի դիմաց կազմել է 73.8%, թեև նախորդ տարվանից ավել է հավաքագրվել 5.5 մլն. դրամ:
2016թ. 4 ամիսների համեմատությամբ գույքի վարձակալության հավաքագրման գումարները նվազել են Գուգարքի տարածաշրջանում՝ 14, Սպիտակի` 12, Տաշիրի՝ 11, Թումանյանի և Ստեփանավանի տարածաշրջաններում 13-ական համայնքներում: Վարձակալական գումարների հավաքագրման մինչև 50% ցուցանիշ ունի 34 համայնք:
Մարզի համայնքների (համայնքապետարաններ, ՏԻՄ-երին ենթակա բյուջետային հիմնարկներ, ՀՈԱԿ-ներ) աշխատողների աշխատավարձի գծով 2017թ. մայիսի 29-ի դրությամբ թերվճարումը կազմել է 5204.7 հազ. դրամ, որն ամբողջությամբ Վանաձոր համայնքի պարտքն է:
Մարզի համայնքներում 2017 թվականի առաջին եռամսյակում իրականացված վարչական հսկողության արդյունքները ներկայացրեց իրավաբանական բաժնի պետ Ալիկ Սահակյանը:
Նա տեղեկացրեց, որ տարվա ընթացքում նման գործառույթ պետք է իրականացվի 35 համայնքում, առաջին եռամսյակում ուսումնասիրվել է 8 համայնք՝ Ստեփանավան, Եղեգնուտ, Փամբակ, Քարաբերդ, Քարաձոր, Գարգառ, Շենավան, Միխայլովկա: Ֆինանսական բնագավառում իրականացված ստուգումներով արձանագրվել է, որ, բացառությամբ Ստեփանավանի, նշյալ համայնքներում համայնքապետերը որևէ վարչական վարույթ չեն ձեռնարկել տարիներ շարունակ տեղական տուրքեր ու վճարումներ չկատարող քաղաքացիների նկատմամբ, որևէ հայց չի ներկայացվել առաջին ատյանի դատարան կամ ԴԱՀԿ ծառայություն:
Չի պահպանվել Գնումների գործընթացի կազմակերպման մասին ՀՀ կառավարության թիվ 168-Ն որոշման այն պահանջը, ըստ որի, մինչև յուրաքանչյուր տարվա փետրվարի 1-ը համայնքի ղեկավարը պետք է հաստատի գնումների պլանը և յոթ աշխատանքային օրվա ընթացքում սահմանված կարգով հրապարակի www.gnumner.am ինտերնետային կայքում:
Որոշ դեպքերում չի պահպանվել ՏԻՄ օրենքի հոդված 84-ի 2-րդ կետի պահանջը, համաձայն որի համայնքի ղեկավարը …մինչև համայնքի հնգամյա զարգացման ծրագրի կամ տարեկան բյուջեի նախագծերը համայնքի ավագանու հաստատմանը ներկայացնելը սահմանված ժամկետում կազմակերպում և անցկացնում է հանրային բաց լսումներ կամ քննարկումներ, որի ժամանակ ստացված և ընդունված առարկությունների և առաջարկությունների վերաբերյալ համայնքի ղեկավարը տրամադրում է տեղեկատվություն համայնքի ավագանուն:
Ա. Սահակյանն իր դժգոհությունն արտահայտեց նաև տեղական տուրքերի գանձումն ուշացումներով, կամ թերի կատարելու վերաբերյալ, որը նույնպես օրենքի խախտում է:
Ապա բանախոսն անդրադարձավ հողաշինության բնագավառում արձանագրված խախտումներին և ընդհանրական թերություններին: Մասնավորապես, Միխայլովկա, Եղեգնուտ, Փամբակ, Քարաբերդ, Քարաձոր, Գարգառ և Շենավան համայնքների ղեկավարների կողմից համայնքային հողը վարձակալության կամ անհատույց օգտագործման են տրվել առանց ավագանու համաձայնության, կամ համայնքի մրցութային հանձնաժողովի կազմում չի ընդգրկվել մարզպետարանի ներկայացուցիչ:
Որպես ընդհանուր թերություն՝ Ա. Սահակյանը նաև անդրադարձավ համայնքների բյուջեներով նախատեսված սոցիալական օգնությունների հոդվածի կիրարկման ժամանակ արձանագրված խախտումներին, բերեց օրինակներ, թե ինչպես ավագանու անդամները խախտելով օրենքը, ֆինանսական օգնություն տրամադրելու գործընթացում քվեարկում են մերձավոր բարեկամի օգտին, ինչն անթույլատրելի է:
ՀՀ ՏԿԶՆ Տարածքային կառավարման վարչության պետն իր նկատառումները հայտնեց համայնքներում հայտնաբերված իրավախախտումներին, մասնավորապես՝ սոցիալական օգնությունների տրամադրման վերաբերյալ:
Նա անդրադարձավ նաև ՀՀ ՏԿԶ նախարարության և մարզպետարանների համատեղ աշխատանքին՝ ընդգծելով հատկապես 2017-2025թ.թ. զարգացման ռազմավարական ծրագրի կարևորությունը:
-Լոռու մարզի 2017-2025թ.թ. զարգացման ռազմավարական ծրագիրը ներկայում գտնվում է կառավարության աշխատակազմում և ենթադրվում է, որ առաջիկայում այն կքննարկվի և կընդունվի: Ծրագրերի իրականացումն ապահովելու համար նոր փաստաթուղթ ենք սկսում մշակել: Դրանք գործառնական ծրագրերն են: Յուրաքանչյուր համայնք պետք է կարողանա զարգացնել իրենց մասնագետների կարողությունները և ունակությունները՝ մրցունակ ծրագրեր գրելու համար,-ասաց Ա. Սողոմոնյանը:
Մարզի ղեկավարը, ամփոփելով մարզխորհրդի նիստը, մասնավորապես անդրադարձավ հարկերի հավաքագրման գործընթացին՝ հորդորելով պատշաճ կատարել պարտադիր լիազորությունները և հարկերի հավաքագրման մակարդակը հասցնել 100 տոկոսի:
Եղան նաև հայտարարություններ:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-23 15:20:53