Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Թումանյանի խոշորացված համայնքի երեխաները կստանան վաղ կրթության և զարգացման հնարավորություն

25.05.2017

Մայիսի 25-ին ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի (ՅՈՒՆԻՍԵՖ )հայաստանյան գրասենյակը, Լոռու մարզի Թումանյան բազմաբնակավայր խոշորացված համայնքը,  «Քայլ առ Քայլ» բարեգործական հիմնադրամը և «Համայնքների ֆինանսիստների միավորում» ՀԿ-ն Լոռու մարզպետարանում փոխըմբռնման հուշագիր ստորագրեցին: Նշված կազմակերպությունները և Թումանյան համայնքը միավորեցին իրենց ջանքերը՝ համայնքի Մարց,  Շամուտ, Ահնիձոր և Աթան բնակավայրերում այլընտրանքային նախադպրոցական կրթական ծառայությունների զարգացման գործում, ինչը կիրականացվի բազմակողմ համագործակցության միջոցով:

Փոխըմբռնման հուշագրի ստորագրման հանդիսավոր արարողությանը մասնակցում էր նաև մարզպետ Արթուր Նալբանդյանը, մարզպետարանի աշխատակազմի ղեկավար Նարեկ Սարգսյանը,մարզպետարանի ստորաբաժանումների պատասխանատու պաշտոնյաներ, նշյալ կազմակերպությունների ներկայացուցիչները, համայնքների ղեկավարներ:

Բացման խոսքով հանդես եկավ Արթուր Նալբանդյանը: Նա նշեց, որ փոքր համայնքներում շատ հաճախ սուղ բյուջեի պատճառով հնարավոր չի լինում իրականացնել այնպիսի կարևոր ծրագրեր, ինչպիսիք, օրինակ, նախադպրոցական կրթական հաստատությունների հիմնումն ու հետագա պահպանումն է:

   -Դուք շնորհակալ աշխատանք եք իրականացնում՝ նպաստելով փոքր բնակավայրերում նախադպրոցական տարիքի երեխաների կրթությանն ու դաստիարակությանը: Մենք մեր հերթին չափազանց կարևորում ենք նախադպրոցական կրթության դերը մատաղ սերնդի հետագա զարգացման գործում,-ասաց մարզպետն՝ իր երախտագիտությունը հայտնելով կարևոր ծրագրի իրականացման համար:

-Համագործակցությունը հնարավորություն կտա փոքր գյուղական և առավել խոցելի բնակավայրերի համար հասանելի դարձնել մատչելի և արդյունավետ այլընտրանքային կրթական ծառայությունների մոդելը՝ ապահովելով  3-6 տարեկան երեխաների վաղ զարգացման և նախադպրոցական կրթության ապահովման այլընտրանքային հնարավորությունը,- իր խոսքում նշեց Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ Տանյա Ռադոչայը: Նա տեղեկացրեց, որ այլընտրանքային նախադպրոցական ծառայության մոդելը 2014-2016թ.թ. ՅՈՒՆԻՍԵՖ-ի կողմից առաջին անգամ իրականացվել է Սյունիքի մարզում:

-Հուշագիրը կնպաստի այլընտրանքային նախադպրոցական կրթական ծառայությունների զարգացմանը և հետագայում մոդելի տարածմանն այլ մարզերում՝ համայնքների խոշորացման գործընթացի համատեքստում,-ասաց Տ. Ռադոչայն՝ իր հերթին շնորհակալություն հայտնելով գործընկեր կազմակերպություններին, համայնքների պատասխանատուներին և մասնավորապես՝ Լոռու մարզպետարանին՝ մարզպետ Ա. Նալբանդյանի գլխավորությամբ, ովքեր մեծ շահագրգռվածություն են ցուցաբերել ծրագրի իրականացման հարցում և աջակցել բոլոր հարցերում:

Միջոցառման ավարտին  կազմակերպվեց նաև մամուլի ասուլիս: Լրագրողներն իրենց հարցերն ուղղեցին ծրագրի պատասխանատուներին:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-18 15:02:00