Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Աշխատանքային խորհրդակցություն

23.05.2017

 Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը մարզպետարանի պատասխանատու աշխատողների մասնակցությամբ անցկացրեց աշխատանքային խորհրդակցություն:
Մարզի ղեկավարը նախ ներկայացրեց նախորդ շաբաթվա ընթացքում ՀՀ գյուղատնտեսության, Կրթության և գիտության նախարարների Լոռու մարզ կատարած այցը՝ նշելով, որ համատեղ քննարկումների արդյունքում մտահղացում է առաջացել Լոռու մարզում Ստեփանավանի գյուղատնտեսական քոլեջի, Վանաձորի գյուղատնտեսական քոլեջի և Ագրարային համալսարանի Վանաձորի մասնաճյուղի հենքի վրա ձևավորել միասնական կրթական կենտրոն, իսկ մինչ այդ հստակ կգույքագրվի մարզում գյուղատնտեսության ոլորտի մասնագետների պահանջարկը: Նա փոխմարզպետ Հ. Թադևոսյանին հանձնարարեց նախարարների այցի ընթացքում ձեռք բերված պայմանավորվածության համաձայն գյուղատնտեսության ոլորտի խնդիրների վերհանման և դրանց համալիր լուծման նպատակով անհրաժեշտ քննարկումներ կազմակերպել շահագրգիռ կազմակերպությունների հետ:
Մարզի ղեկավարը անդրադարձավ նաև մայիսի 27-ին անցկացվելիք համապետական շաբաթօրյակին՝ նշելով, որ կազմակերպչական աշխատանքները պետք է իրականացվեն ամենաբարձր մակարդակով: Հանձնարարականն ուղղված էր «Մաքուր Հայաստան» ծրագրի իրականացման նպատակով ստեղծված հանձնաժողովին, մարզպետի տեղակալներին, մարզպետարանի աշխատակազմի ստորաբաժանումների ղեկավարներին.
-Ակտիվ մասնակցություն ունենալ համապետական շաբաթօրյակին, այդ նպատակով ներգրավել ինչպես մարզային ենթակայության, այնպես էլ՝ պետական և ոչ պետական կազմակերպություններին,-ասաց Ա. Նալբանդյանը:
Լոռու մարզպետարանի աշխատակազմի ղեկավար Նարեկ Սարգսյանն անդրադարձավ նախորդ շաբաթվա ընթացքում մարզի ղեկավարի կողմից տրված հանձնարարականների կատարման ընթացքին, ինչպես նաև Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի՝ Լոռու մարզ կատարած այցի արդյունքներին:
Նա նաև զեկուցեց «Մաքուր Հայաստան» ծրագրի շրջանակներում կատարված աշխատանքների ընթացքի մասին:
Համայնքներում հարկերի հավաքագրման ընթացքը ներկայացրեց մարզպետարանի ֆինանսական և սոցիալ-տնտեսական զարգացման վարչության պետ Հրայր Պապոյանը: Նրա տեղեկացմամբ՝ մարզում կան համայնքներ, որոնք մայիսի 20-ի դրությամբ որոշ հարկատեսակների գծով ընդհանրապես մուտքեր չեն ապահովել: Ցածր է հատկապես հողի հարկի հավաքագրումը, որը կազմել է տվյալ ամսվա 32,1 տոկոսը, իսկ գույքահարկը՝ 50,9 տոկոսը: Ա. Նալբանդյանը փոխմարզպետներին և համապատասխան վարչությունների պետերին հանձնարարեց հետևողական լինել համայնքների հատկապես հողի հարկի, հողի և գույքի վարձակալության գումարների հավաքագրմանը:
Մարզպետը մեկ անգամ ևս խստորեն անդրադարձավ դպրոցական «Վերջին դասի» միջոցառումների պատշաճ կերպով, առանց ավելորդ շքեղությունների անցկացման անհրաժեշտությանը: Կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Մինաս Սայադյանը վստահեցրեց, որ գործընթացը վերահսկողության տակ է:
-Վարչությունը համագործակցում է ոստիկանության հետ, դպրոցներում բացատրական աշխատանքներ են տարվում՝ անցանկալի դեպքերը կանխելու նպատակով,-ասաց նա:
Մարզի ճանապարհների վիճակի և Մ-6 միջպետական ճանապարհի Վանաձոր-Ալավերդի հատվածի շինարարական աշխատանքների ընթացքի մասին զեկուցեց Քաղաքաշինոթյան վարչության տրանսպորտի և ճանապարհաշինության բաժնի պետ Վարդան Գևորգյանը: Մարզպետը վարչությանը հանձնարարեց մարզի ճանապարհաշինական կազմակերպությունների կողմից պայմանագրային պարտավորությունները պատշաճ, որակյալ ու ժամանակին կատարելու նպատակով շրջաբերական գրություններ ներկայացնել և վերահսկել նրանց կողմից իրականացվող աշխատանքները: Նա նաև հանձնարարեց հրատապ ծրագրերի իրականացման նպատակով անհրաժեշտ գործընթացները (այդ թվում գնումների և մրցույթների անցկացման) կազմակերպելու համար նախապատրաստական աշխատանքներ իրականացնել և վերահսկել դրանց օրինական իրականացման ընթացքը:
Մարզպետը հանձնարարականներ տվեց առաջիկայում կազմակերպվելիք մի շարք միջոցառումների վերաբերյալ ևս՝ դրանք բարձր մակարդակով անցկացնելու հստակ պահանջով:
Քննարկվեցին նաև ընթացիկ աշխատանքներին առնչվող այլ հարցեր:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 17:46:36