Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Լոռու մարզպետ. «Համապետական շաբաթօրյակը պետք է անցկացվի ամենաբարձր մակարդակով»

23.05.2017

 Մայիսի 23-ին Լոռու մարզպետարանում անցկացվեց մարզում «Մաքուր Հայաստան» ծրագրի իրականացման նպատակով մարզպետ Արթուր Նալբանդյանի համապատասխան կարգադրությամբ ստեղծված հանձնաժողովի նիստը, որը վարում էր մարզի ղեկավարը:
Հանձնաժողովի ղեկավարը փոխմարզպետ Հովհաննես Թադևոսյանն է, կազմում ընդգրկված են մարզպետարանի աշխատակազմի տարբեր ստորաբաժանումների ղեկավարներ, շահագրգիռ կառույցների, ոստիկանության ներկայացուցիչներ, համայնքների ղեկավարներ:
Ընդգծելով մայիսի 27-ին անցկացվելիք համապետական միջոցառման կարևորությունը մարզպետը նշեց, որ պետք է հստակեցվեն բոլոր համայնքների անելիքները, կազմակերպչական աշխատանքները պետք է իրականացվեն ամենաբարձր մակարդակով: Նա հայտնեց, որ շաբաթօրյակի ընթացքին հետևելու համար մարզի մի շարք համայնքներում կլինի նաև ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը:
- Հանձնաժողովի առջև խնդիր է դրված համակարգել և վերահսկողություն իրականացնել մարզի համայնքներում, դրանց հարող վարչական տարածքներում, միջպետական, հանրապետական և համայնքային նշանակության ճանապարհներին իրականացվող սանիտարական մաքրման և բարեկարգման աշխատանքների կազմակերպման ուղղությամբ: Ես քաջ գիտակցում եմ, որ մեկ օրում տարիներով կուտակված աղբը հնարավոր չի լինի վերացնել, բայց ամենօրյա հետևողական աշխատանքով այդ խնդիրը կարող ենք լուծել: Մեր առջև խնդիր է դրված նաև մաքրված տարածքները պահպանելու հետագա ախտոտումից: Պետք է հստակ մեխանիզմներ մշակվեն, կիրառվի տուգանքի տարբերակը,-ասաց Ա.Նալբանդյանը:
Մարզպետը նշեց, որ մարզային հանձնաժողովը տիրապետում են Google Earth-ի միջավայրում կազմված աղբանոցների քարտեզներին, և աշխատանքները պետք է կազմակերպվեն համաձայն այդ քարտեզների: Պարբերաբար պետք է զեկուցվի՝ որտեղ քանի աղբանոց է փակված, մաքրված կամ տեղափոխված:
Քննարկվեցին կազմակերպչական, ինչպես նաև մարզի տարածքում աղբավայրերի շահագործման, չսահմանված վայրերում կուտակված աղբի տեղափոխման և մաքրման վերաբերյալ հարցեր: Կարևորվեց մարզի բոլոր համայնքներում աղբահանության պատշաճ կազմակերպման խնդիրը:
-Շաբաթօրյակի ժամանակ շեշտադրումը լինելու է մաքրման աշխատանքների կատարումն անհրաժեշտ մակարդակի բերելն ու չնախատեսված վայրերում թափված աղբի նկատմամբ անհանդուրժող վերաբերմունքի ձևավորումը,- ասաց մարզի ղեկավարը:
Մարզպետարանի աշխատակազմի ղեկավարը հայտնեց, որ շաբաթօրյակին ակտիվորեն մասնակցելու, առկա տեխնիկայի, ռեսուրսների տրամադրման վերաբերյալ շրջաբերականներ են ուղարկվել ինչպես մարզային ենթակայության, այնպես էլ՝ պետական և մասնավոր բոլոր կազմակերպություններին:
-Շաբաթօրյակի աշխատանքները համակարգված ու արդյունավետ իրականացնելու համար ձեռնարկվում են բոլոր անհրաժեշտ միջոցառումները,- նշեց Հ. Թադևոսյանը:
Քննարկվեցին նաև աշխատանքների իրականացման հետ կապված տեխնիկական մի շարք հարցեր:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-25 12:11:17