Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
«Համագործակցություն՝ աշխատանքի թափանցիկության նպատակով»
17.05.2017

Այսօր Լոռու մարզպետարանի նիստերի դահլճում, մարզպետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի նախաձեռնությամբ և մարզի քաղաքային համայնքների մամուլի պատասխանատուների մասնակցությամբ անցկացվեց հանդիպում-քննարկում՝ «Համագործակցություն՝ աշխատանքի թափանցիկության նպատակով» խորագրով: Բաժնի պետ Վահե Դոխոյանը տեղեկացրեց, որ հանդիպման օպերատիվ առիթը մարզպետ Արթուր Նալբանդյանի հանձնարարականն է՝ ուղղված համայնքապետարանների առավել բաց և թափանցիկ աշխատանքի կազմակերպմանը: Նա փոխանցեց մարզի ղեկավարի պահանջը՝ լրատվամիջոցների հետ աշխատանքում լինել բաց և թափանցիկ, արհեստական խոչընդոտներ չստեղծել, հարցումներին պատասխանել օրենքով սահմանված կարգով և ժամկետներում:
Կարևորելով տեղական ինքնակառավարման մարմինների թափանցիկ աշխատաոճը՝ բաժնի պետը կարևորեց պաշտոնական կայքէջերից զատ նաև սոցիալական ցանցերի (Facebook, Youtube) օգտագործումը՝ որպես տեղեկատվության տարածման միջոց:
Ակտիվ քննարկում ծավալվեց հետագա համագործակցության հեռանկարների շուրջ, եղան առաջարկություններ: «Ֆորտունա» հեռուստաընկերության կողմից քաղաքապետարանների կողմից հեռուստաընկերությանը տրամադրված, գովազդային տարրեր չպարունակող տեղեկատվական տեսանյութերը անվճար հեռարձակելու առաջարկություն հնչեց:
Ներկաներն իրենց հերթին կարևորեցին նմանատիպ հանդիպումների կազմակերպումը՝ նշելով, որ դրանք առավել ակտիվ համագործակցելու և տարվող աշախատանքն ավելի արդյունավետ դարձնելու հնարավորություն է ընձեռում: