Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Կրթական և գիտական, բիզնես միջավայրը, առկա պայմանները հրաշալի նախադրյալներ են Լոռու մարզում կլաստերի գաղափարն իրականություն դարձնելու համար

16.05.2017

 Մայիսի 15-ին աշխատանքային այցով Լոռու մարզում էին ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը ու Կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը: Նրանք մարզպետ Արթուր Նալբանդյանի ուղեկցությամբ եղան Վանաձորի պետական գյուղատնտեսական քոլեջում: Շրջայց կատարելով քոլեջում՝ նրանք ծանոթացան առկա շենքային պայմաններին, ծանոթացան ուսումնական գործընթացին: Քոլեջը ներկայում հիմնանորոգման փուլում  է: Պետական բյուջեի միջոցներով շենքի հիմնանորոգման աշխատանքները սկսվել են 2015թ.-ին: Նույն տարում իրականացվել են մոտ 60 մլն դրամի շինաշխատանքներ: 2016թ. հատկացում չի եղել, այս տարի աշխատանքները կշարունակվեն: Ծրագրի ընդհանուր արժողությունը շուրջ 1 մլրդ դրամ է:

Այցելություն կատարվեց նաև Հայաստանի ազգային ագրարային համալսարանի Վանաձորի մասնաճյուղ: Այստեղ ևս հյուրերը ծանոթացան շենքային պայմաններին, առկա հնարավորություններին, իրականցվող կրթական ծրագրերին:

Այնուհետև նախարարները և մարզի ղեկավարը պատասխանեցին լրագրողների հարցերին՝ ներկայացնելով այցի բուն նպատակը և առաջիկայում նախատեսվող համատեղ ծրագրերը:

Նրանք նշեցին, որ երկու նախարարությունների և մարզպետարանի համագործակցությամբ փորձ է արվում կոնսոլիդացնելու առկա հնարավորությունները՝ մարզում գյուղատնտեսության ոլորտի զարգացման նպատակով:

-Միջին մասնագիտական կրթության արմատական բարելավման նպատակադրում ունենք և այս առումով մեր գործընկերը Եվրամիությունն է: Միջին մասնագիտական կրթական հաստատությունների ուղղությամբ առկա է երկու հարթություն՝ առաջինը՝ տարածաշրջանային քոլեջներն են, որոնք իրականացնում են մարզի ամբողջական կարիքներին ուղղված միասնական քաղաքականություն: Մեր եվրոպական գործընկերների հետ ծրագրում ենք ունենալ առավել բովանդակային ուղղվածության  քոլեջներ և այդ առումով առաջին ծրագիրը պետք է լինի գյուղատնտեսական ուղղվածության թվով 8 քոլեջների ստեղծման ծրագիրը, որոնցից մեկը կլինի հենց Վանաձորում: Մի խոսքով Լոռու մարզում Ստեփանավանի գյուղատնտեսական քոլեջի, Վանաձորի գյուղատնտեսական քոլեջի և Ագրարային համալսարանի Վանաձորի մասնաճյուղի հենքի վրա նախատեսում ենք ձևավորել միասնական կլաստերի գաղափարը,-ասաց ԿԳ նախարարը: Նա վստահեցրեց, ո Վանաձորի գյուղքոլեջը հիմնանորգումից հետո կհագեցվի նաև ժամանակակից պահանջներին համապատասխան լաբորատոր սարքավորումներով, իսկ Ագրարային համալսարանի Վանաձորի մասնաճյուղում մտածում են իրականացնել  նաև առկա ուսուցում:

-Կրթական և գիտական, բիզնես միջավայրը, առկա պայմանները հրաշալի նախադրյալներ են Լոռու մարզում կլաստերի գաղափարն իրականություն դարձնելու համար,-ասաց Լ. Մկրտչյանը: Իսկ Ի. Առաքելյանի վստահեցմամբ, գյուղնախարարությունն իր հերթին կնպաստի այս ծրագրի լիարժեք իրագործմանը:

-Անկախ նրանից, թե այս կամ այն հաստատությունը, որ գերատեսչության ենթակայության տակ է, գյուղատնտեսական կրթությունը, գիտական ներուժը, առկա հանրավորությունները, բիզնեսը միավորելով՝ պետք է հասկանանք, թե մեզ համար ո՞րն է առաջնայինը մեր միասնական նպատակի իրագործման ճանապարհին,-ասացին նրանք:

Մարզպետը նշեց, որ առաջիկայում Լոռու մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության, կրթության, մշակույթի և սպորտի վարչությունները համատեղ աշխատանքային խումբ կստեղծեն՝ գույքագրելու մարզում գյուղոլորտի մասնագետների առկա պահանջարկը, իսկ վերջինս, ըստ մարզի ղեկավարի, բավականին շատ է:

-Մեր նպատակը միասնական գյուղատնտեսական կրթական համակարգի ձևավորումն է՝ քոլեջ-համալսարան, որը կնպաստի մարզում գյուղատնտեսության զարգացմանը,-ասաց Ա. Նալբանդյանը:   

Խորհրդակցությունից հետո նրանք մեկնեցին Մարգահովիտ համայնք, որտեղ ծանոթացան Armeniatree project ագրարային ծրագրերին:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 17:22:59