Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

«Մանկատներում կմնան միայն այն երեխաները, որոնց համար այլընտրանքն ուղղակի բացառված կլինի». Աշխատանքային այցով Լոռու մարզում էր ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարը

12.05.2017

 Այսօր աշխատանքային այցով Լոռու մարզում էր ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը: Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանի ուղեկցությամբ նախարարը նախ եղավ Վանաձորի մանկատանը, ծանոթացավ երեխաների խնամքի պայմաններին, իրականացվող աշխատանքներին, ապա այցելեց Վանաձորի երեխաների խնամքի և պաշտպանության թիվ 1 գիշերօթիկ հաստատություն, այնուհետև նաև՝ Հայկական Կարիտաս բարեսիրական հասարակական կազմակերպության Վանաձորի «Փոքրիկ խշխան» երեխաների ցերեկային խնամքի կենտրոն, որտեղ նույնպես ծանոթացավ երեխաների հետ տարվող աշխատանքներին, ստեղծված պայմաններին:
Օրվա երկրորդ կեսին Արտեմ Ասատարյանը և մարզի ղեկավարը խորհրդակցություն անցկացրեցին Լոռու մարզպետարանում, ապա այցելեցին նաև Վանաձորի սոցիալական ծառայությունների համալիր կենտրոն, որը ներկա պահին վերակառուցման փուլում է:
Նախարարը, պատասխանելով լրագրողների հարցերին, ներկայացրեց, որ այցի նպատակը սոցիալական պաշտապանության և մասնավորապես՝ երեխաների պաշտպանության ոլորտում իրականացվող բարեփոխումներն են, մարզային պատասխանատուների հետ այս ոլորտում առաջիկայում կատարվելիք աշխատանքների քննարկումը: Նա կարևորեց Լոռու մարզում իրականացվող փոփոխություները, որոնք հաճախ նախաձեռնվում են հենց մարզային իշխանությունների կողմից ու դա է պատճառը, որ պիլոտային ծրագրերի մեծ մասը իրականացվում է հենց այստեղ:
-Առաջին ծրագիրն այս դեպքում ևս կիրականացվի հենց Լոռու մարզում՝ որպես մոդելային օրինակ ունենալով երեխաների պաշտպանության ոլորտում համապարփակ ծառայություններ մատուցող լիարժեք համակարգը: Դրանք կլինեն թե՛ շուրջօրյա խնամքի հաստատությունների վերակազմակերպումները, թե՛ ցերեկային և այլընտրանքային ծառայությունների զարգացումները, որոնք պետք է ուղղված լինեն ընտանիքների կարիքների լիարժեք բավարարմանը, որպեսզի յուրաքանչյուր երեխա իր խնամքը ստանա ընտանիքում: Եթե դա հնարավոր չէ իրականացնել կենսաբանական, ապա՝ փոխարինող ընտանիքում, եթե դա էլ հնարավոր չէ, ապա՝ ընտանեկանին մոտ խնամք ապահովել: Այդ պատճառով բոլոր հնարավոր միջոցները՝ պետական և ոչ պետական, կուղղվեն այդ ընտանիքների գնահատված կարիքների բավարարմանը,-ասաց նախարարը:
Այս առումով նա կարևորեց վերջին տարիներին Լոռու մարզում նաև սոցիալական աշխատողի ինստիտուտի առաջանցիկ զարգացումը:
- Շատ հաճախ Լոռու մարզի պատասխանատուներն իրենց փորձը փոխանցում են այլ մարզերի իրենց գործընկերներին, և ես կարծում եմ, որ այս ծրագրի իրականացման դեպքում էլ այստեղ կունենանք հաջողված արդյունք և կկիրառենք մյուս մարզերում,-ընդգծեց նախարարը:
Բարեփոխումների իրականացման ճանապարհին, ըստ նախարարի, իհարկե կլինեն խնդիրներ, ուստի այս առումով նա կարևորեց շահագրգիռ կառույցների առավել սերտ համագործակցությունը, պետական միջոցների վերաուղղորդումը կոնկրետ նպատակային ծրագրերի, տեղական ինքնակառավարման մարմինների միջոցների առավել նպատակային ու հասցեական ուղղորդումը: Ընդգծվեց միջազգային գործընկերների՝ ՄԱԿ-ի մանական հիմնադրամի, ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության ցուցաբերած աջակցության կարևորությունը:
Նրա վստահեցմամբ, խնդիրները շատ դեպքերում պայմանվորված են ռեսուրսների ոչ բավարար լինելով: Այդ պատճառով նախատեսվում է պետական բյուջեով իրականացվող ծրագրերի վերապրոֆիլավորում, կատարել ծառայությունների մատուցման լիազորությունների պատվիրակում:
-Քննարկում ենք ունենցել հասարակական կազմակերոպությունների հետ, որոնք պատրաստ են պետական աջակցության դեպքում առավել մեծ ռեսուրսներ ուղղել աջակցության կարիք ունեցող ընտանքների կարիքների բավարարմանը: Այս առումով մեր անելիքները հստակ են, որ ունենալու ենք պետական բյուջեով իրականացվող ծրագրերի մրցութային կարգով պատվիրակում, ինչը կբերի ծրագրերի առավել արդյունավետ իրականացմանը,-ասաց Ա. Ասատրյանը:
Նախարարը պատասխանեց նաև լրագրողների՝ մանկատների վերակազմակերպման հետ կապված հանրության շրջանում առաջացած դժգոհություններին առնչվող հարցին:
- Մեզ համար կարևոր է յուրաքանչյուր երեխայի ճակատագիրը: Մանկատները և գիշերօթիկ հաստատությունները խնամք են իրականացնում, բավարարում են որոշակի կարիքներ: Երեխաները, ովքեր ինչ-ինչ պատճառներով չեն կարողանում խնամվել ընտանիքում, չպետք է հայտնվեն փողոցում, բայց միևնույն ժամանակ զարգացումները պահանջում են, որ այդ հաստատությունները վերափոխվեն: Անցումային փուլում իհարկե անհրաժեշտ է, որ ունենանք մանկատներ, որպեսզի այլընտրանք չունեցող երեխաների համար ապահովվի շուրջօրյա խնամք, սակայն հետագայում, ունենալով զարգացած այլընտրանքային ծառայություններ, որոնք կապահովեն մեզ անհրաժեշտ բոլոր կարիքները, դրանք ևս կվերափոխենք ցերեկային կենտրոնների: Մեր ուսումնասիրությունները փաստում են, որ եթե ընտանիքները ստանան սոցիալական ծառայություններ, ապա երեխաները մանկատներում չեն հայտնվի: Մի խոսքով մանկատներում կմնան միայն այն երեխաները, որոնց համար այլընտրանքն ուղղակի բացառված կլինի,-պարազաբանեց նախարարը:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-23 15:20:53