Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Լոռու մարզում մեծ շուքով նշվեց Հաղթանակի օրը

10.05.2017

 Մայիսի 9-ին մարզկենտրոն Վանաձորում մեծ շուքով նշվեց Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 72-ամյակը և Շուշիի ազատագրման 25-րդ տարեդարձը: Հայրենական մեծ պատերազմի զոհերի հիշատակին կառուցված հուշակոթողի մոտ, ուր առավոտից հնչում էր տոնական երաժշտություն, հավաքվել էր հոծ բազմություն: Միջոցառումը վարում էր դերասան, ասմունքող Ջիվան Սարգսյանը:
Տոնական միջոցառմանը մասնակցում էին նաև մարզպետ Արթուր Նալբանդյանը, Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը, մարզպետարանի, քաղաքապետարանի աշխատակիցներ, ուժային կառույցների, զինվորականության ներկայացուցիչներ, պաշտոնատար այլ անձինք, Երկրապահ կամավորական միության անդամներ, վետերաններ, հարյուրավոր վանաձորցիներ: Հնչեց ՀՀ պետական օրհներգը: Գուգարաց թեմի առաջնորդ Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանն իր օրհնության խոսքը հղեց ներկաներին՝ միասնականության կոչ անելով:
Մարզպետ Արթուր Նալբանդյանն իր խոսքում նշեց, որ Եռատոնը պատիվ է բերում յուրաքանչյուր հայի և ինքն էլ մշտապես հպարտությամբ է մասնակցում այս միջոցառմանը:
-Մայիսը հայ ժողովրդի պատմության մեջ միշտ եղել է հաղթանակների ամիս: Բոլորիս մոտ բարձր տրամադրություն է: Ես այսօր ականատես եղա մեր պատանի երկրապահների ու դպրոցականների ոգևորվածությանը և, անկեղծ ասած, հպարտություն ապրեցի, որ Հայաստանի ապագան հայրենասեր զավակների ձեռքում է,-ասաց նա:
Ողջույնի խոսք ասաց նաև Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը:
Բարեմաղթանքներ հղեցին նաև պաշտոնատար այլ անձինք, զինվորականներ:
Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը հայոց բանակի կազմավորման 25-ամյակի, ծննդյան 70-ամյակի և հայրենիքին՝ զինված ուժերում մատուցած ծառայությունների, վաստակի համար ՀՀ պաշտպանական մարզատեխնիկական ընկերության Վանաձորի միացյալ քաղխորհրդի նախագահ, ազատամարտիկ Խաչիկ Բալայանին պարգևատրեց մարզպետի ոսկե հուշամեդալով: Վերջինս իր զինակից ընկերներին, բոլոր ներկաներին շնորհավորեց Հաղթանակի օրվա կապակցությամբ և շնորհակալություն հայտնեց Լոռու մարզպետին՝ նման բարձր գնահատականի արժանացնելու համար: Ապա հանրահայտ «Հաղթանակի օրը» երգով հանդես եկավ Վանաձորի «Հորովել» երգի-պարի համույթի գեղարվեստական ղեկավար և մեներգիչ Արմեն Ներսիսյանը: Ժողովրդական պարերի կատարմամբ հանդես եկավ «Հորովել» համույթի պարային խումբը: Այնուհետև տեղի ունեցավ զորահանդես, որի հրամանատար, փոխգնդապետ Սայադ Սմբատյանի գլխավորությամբ հանդիսավոր երթով անցավ ՀՀ պետական դրոշի դրոշակակիր խումբը, ապա գնդապետ Ժորա Պողոսյանի հրամանատարությամբ՝ երկրապահ կամավորականները, 3-րդ բանակային կորպուսի Դրաստամատ Կանայանի անվան Վանաձորի N զորամասի առանձին մոտոհրաձգային գնդի մարտիկները (հրամանատար՝ գնդապետ Կարո Հողմրցյան), երիտասարդ և պատանի երկրապահ կամավորականները (հրամանատար՝ ավագ Արգիշտի Սարգսյան): Զորահանդեսին մասնակից շարասյուների երթը եզրափակեց 3-րդ բանակային կորպուսի զինվորական նվագախումբը: Իսկ հետախուզական զորամասի մարտիկները ներկայացրին ձեռնամարտի ցուցադրական հնարքներ (հրամանատար՝ փոխգնդապետ Վարդան Վարդանյան): Վերջում հանդիսության մասնակիցները ծաղկեպսակներ և ծաղիկներ խոնարհեցին հուշարձանին: Մայիսի 9-ին մինչև ուշ երեկո չէր դադարում վանաձորցիների հոսքը դեպի հուշարձան:
Տոնական միջոցառումներ էին կազմակերպվել նաև մարզի այլ համայնքներում:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 17:22:59