Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Ա. Նալբանդյան. «ՏՏ ոլորտում բարձրակարգ մասնագետներ պետք է պատրաստենք աշակերտական նստարանից» Վանաձորի թվով 5 դպրոցներում բացվեցին «Սմարթ» դասասենյակներ

06.05.2017

 Ինչպես և խոստացել էր մարզպետ Արթուր Նալբանդյանը,  Լոռին «Սմարթ» մարզ հայտարարելու գաղափարը քայլառքայլ կյանքի է կոչվում:

Մարզի ղեկավարի հանձնարարությամբ մարզի թվով 12 դպրոցներ իրենց կողմից տնտեսված ֆինանսական միջոցների հաշվին ձեռնամուխ եղան «Սմարթ» դասասենյակների կառուցմանն ու կահավորմանը: Նրանցից 5-ն արդեն պատրաստ է լիարժեք գործելու:

Այսօր մարզպետ Ա. Նալբանդյանը մարզպետարանի մի խումբ պաշտոնատար անձանց ուղեկցությամբ Վանաձորի թիվ 28, 30, 16, 27, 4 հիմնական դպրոցներում մասնակցեց «Սմարթ» դասասենյակների բացման հանդիսավոր արարողություններին, ծանոթացավ ստեղծված պայմաններին: Շինարարական կազմակերպությունների ջանքերով («Տիտանյան եղբայրներ», «Մ. Սիսակյան», «Տրիտոն», «Ալեքթերմ», «Պրիզմա-Վան», «Շանսշին», «Այպոշին», «Շին» ՍՊԸ-ներ, «Սևադա Ծատուրյան» ԱՁ), մարզպետարանի քաղաքաշինության վարչության վերահսկողությամբ դասասենյակները բարձրաճաշակ վերանորոգված ու կահավորված էին, մարզպետի խորհրդական Լևոն Ասլանյանի, մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության, զարգացման ծրագրերի և վերլուծության բաժնի գործուն աջակցությամբ և մասնագիտական խորհրդատվությամբ դասարանները հագեցվել են ժամանակակից տեղեկատվական տեխնոլոգիաներով: Նախապես իրականացվել էր նաև ինֆորմատիկայի ուսուցիչների վերապատրաստում:

Դպրոցներից յուրաքանչյուրը «Սմարթ» դասասենյակների, տեղեկատվական տեխնոլոգիաների ընձեռած հնարավորությունները, երեխաների՝ այս ոլորտում ունեցած գիտելիքները յուրովի մատուցեցին մարզի ղեկավարին և հյուրերին: Թիվ 30 դպրոցում նաև հեռավար դաս անցկացվեց թիվ 16 դպրոցի հետ:

 Տնօրենները, մանկավարժները և աշակերտներն իրենց երախտագիտությունը հայտնեցին Ա. Նալբանդյանին հրաշալի նախաձեռնության ու այն կյանքի կոչելուն աջակցելու համար:

-Լոռին «Սմարթ» մարզ հայտարարելու առաջին գաղափարակիրները դուք եք լինելու, սիրելի՛ աշակերտներ: ՏՏ-ն շատ մոտ ապագայում մեր մարզի զարգացման կարևորագույն ոլորտը պետք է դառնա, իսկ այս ոլորտում բարձրակարգ մասնագետներ պետք է պատրաստենք հենց աշակերտական նստարանից: 21-րդ դարն առանց ՏՏ ոլորտի դժվար է պատկերացնել, ուստի մեր մարզի ապագան առավելապես ձեզնից է կախված,- ասաց մարզպետը՝ բարի երթ մաղթելով նրանց բոլոր նախաձեռնություններում: Նա ուսուցիչներին հորդորեց պարբերաբար վերապատրաստումներ անցնել, որպեսզի աշակերտներին առավելագույնը մատուցելու հնարավորություն ունենան:

-Այս դասարաններից պետք է օգտվի դպրոցի ցանկացած աշակերտ և ուսուցիչ, սա իմ պահանջն է, -ասաց Ա. Նալբանդյանը:  Նա նշեց նաև, որ առաջիկայում «Սմարթ» դասասենյակներ ունեցող դպրոցների միջև մրցույթներ կկազմակերպվեն երեխաների գիտելիքները ՏՏ ոլորտում ստուգելու նպատակով:

Ի դեպ, դպրոցները սեփական տնտեսված միջոցների հաշվին նաև այլ վերանորոգումներ էին իրականացրել:

 

 

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 17:22:59