Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Վարչապետն ընդունել է զարգացման լավագույն ծրագրեր ներկայացրած Արարատի և Լոռու մարզերի համայնքների ղեկավարներին

02.05.2017

Վարչապետ Կարեն Կարապետյանի մոտ տեղի ունեցած խորհրդակցության ընթացքում քննարկվել են Արարատի մարզի 5 և Լոռու մարզի 4 համայնքների լավագույն հնգամյա զարգացման ծրագրերը:
Համայնքների ղեկավարները վարչապետին են ներկայացրել ձեռնարկատիրական և սոցիալական բնույթի զարգացման տարբեր ծրագրեր, որոնք ուղղված են սպանդանոցների, չրանոցների, աղբի վերամշակման գործարանի, սառնարային, անասնապահական տնտեսությունների հիմնմանը, թեթև արդյունաբերության, զբոսաշրջության զարգացմանը, ասֆալտապատման իրականացմանը, դպրոցների, մանկապարտեզների, մշակույթի տան հիմնանորոգմանը: Ծրագրերի շուրջ ծավալվել է առարկայական քննարկում:
Լոռու մարզի Ալավերդի քաղաքի ղեկավարը ներկայացրել է զբոսաշրջության, գյուղատնտեսության, թեթև արդյունաբերության ոլորտների մի քանի նախագծեր: Մասնավորապես, ուշադրություն է հրավիրվել կարի ֆաբրիկա հիմնելու ծրագրին, որի առաջին փուլով նախատեսվում է ստեղծել 600 աշխատատեղ, իսկ երկրորդում՝ 1600: Ալավերդի համայնքի ղեկավարը նշել է, որ համայնքը պատրաստ է ներդրողին հատկացնել անհրաժեշտ շենքային տարածքը՝ իր ենթակառուցվածքներով: Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանն էլ ավելացրել է, որ ծրագիրը քննարկման փուլում է, սակայն ներդրողը պատրաստ է այն իրականացնել միայն որոշ ժամանակ անց, ուստի ներդրումային ծրագրի փաթեթը կարող է ներկայացվել այլ ներդրողների ևս: Մարզպետի խոսքով, Ալավերդին արդյունաբերական քաղաք է և հիմնական աշխատատեղերում այսօր ներգրավված են հիմնականում տղամարդիկ: Ըստ Նալբանդյանի, դեռևս խորհրդային ժամանակներում քաղաքում երեք հերթափոխով գործել է կարի ֆաբրիկա, այսինքն աշխատուժի խնդիր այսօր չի լինի:
Անդրադառնալով նշված ծրագրին՝ Կարեն Կարապետյանը հորդորել է այն առարկայական քննարկել թեթև արդյունաբերության բնագավառում գործունեություն ծավալող ընկերությունների հետ: «Կառավարությունը պատրաստ է ծրագրի իրականացման վարկային միջոցները սուբսիդավորել: Այս ծրագրի հարցում ամեն կերպ կանգնելու ենք համայնքի կողքին»,- ընդգծել է վարչապետը:
Լոռու մարզի Արջուտ համայնքում տոհմային տնտեսություն հիմնելու ծրագրով էլ առաջարկվել է ներմուծել 30 գլուխ կենդանի և դրանք հատկացնել տեղի բնակիչներին՝ համայնքում անասնագլխաքանակն ավելացնելու նպատակով: Ծրագիրը գնահատվել է 50 մլն դրամ, հետվերադարձելիության ժամկետը՝ 10 տարի:
Կարեն Կարապետյանը նշել է, որ գործադիրը նպատակահարմար չի համարում այս ծրագիրը և առաջարկել է մասնավորի ներգրավմամբ իրականացնել ֆերմերային տնտեսություն հիմնելու ծրագիր: «Մենք ֆինանսավորում ենք այն ծրագրերը, որտեղ մասնավորը համատեղ ներդրում է կատարում, բացի այդ, ներկայացված ծրագրի սխեմայի մեջ ռիսկայնությունն ու պատասխանատվությունը չի երևում: Այդ իսկ պատճառով, այս ծրագիրը մեզ համար ընդունելի չէ»,- ասել է վարչապետը:
Կառավարության ղեկավարը հանձնարարել է պատասխանատու գերատեսչությունների ղեկավարներին՝ մանրամասն ուսումնասիրել ներկայացված բոլոր ծրագրերը և ըստ արդյունավետության ցուցաբերել համապատասխան օժանդակություն:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-28 17:54:09