Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

«Փոխեք ձեր մտածելակերպը, բնակչին շահագրգռեք արարելու, շահույթ ստանալու». Լուռու մարզպետը արտագնա խորհրդակցություններ Ստեփանավանի, Տաշիրի և Թումանյանի տարածաշրջաններում

30.04.2017

 Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանի արտագնա խորհրդակցությունները մարզպետի տեղակալներ Տիգրան Բադոյանի, Արսեն Դարբինյանի, մարզպետարանի պատասխանատու այլ պաշտոնյաների, Ստեփանավանի, Տաշիրի և Թումանյանի տարածաշրջանների համայնքների ղեկավարների մասնակցությամբ առաջին հերթին պայմանավորված էին ՀՀ կառավարության կողմից վերջին շրջանում ընդունված օրախնդիր որոշումների և հատկապես վարչապետ Կարեն Կարապետյանի կողմից տրված հանձնարարականների կատարման հրատապությամբ: Խորհրդակցությունների օրակարգի առանցքային հարցը համայնքների զարգացման հնգամյա ծրագրերի լրամշակման, դրանք առավել հիմնավոր, համայնքի սոցիալ-տնտեսական զարգացմանը նպատակաուղղված գործառույթներով հիմնավորելու խնդիրն էր:
-Վարչապետի՝ մարզեր կատարած վերջին այցելությունների ժամանակ տարբեր համայնքների բնակիչների կողմից բարձրացվել էին խնդիրներ, որոնք պարզվում է՝ որևէ կերպ չեն արծարծվել տվյալ համայնքի հնգամյա ծրագրում: Նշանակում է, որ ծրագրերը կազմելիս շատ համայնքներում անտեսվել է հանրության կարծիքը, չեն կազմակերպվել կամ թերի են կատարվել հանրային քննարկումներ, ծրագրերի գերակշիռ մասն ավելի շատ կարիքների թվարկում է, քան տնտեսական զարգացման, բիզնեսի խթանման գործոն: Արդյունքում մարզի ընդամենը 4 համայնքի ծրագիր է արժանացել կառավարության հավանությանը: Փոխեք ձեր մտածելակերպը, բնակչին շահագրգռեք արարելու, շահույթ ստանալու, որ գյուղում ապրելը տանելի լինի նրա համար: Դեռ ժամանակ ունեք ծրագրերը լրամշակելու, դրան բիզնես ուղղվածություն հաղորդելու համար: Հարկ եղած դեպքում պատրաստ ենք խորհրդատվությամբ օգնել ձեզ,-ասաց Ա.Նալբանդյանը:
Այնուհետև մարզպետն անդրադարձավ «Մաքուր Հայաստան» համապետական ծրագրին՝ իր մտահոգությունն արտահայտելով հատկապես գյուղական համայնքներում, ավտոմայրուղիների մոտ, գետափերին տիրող աղտոտվածության առումով:
-Եթե մարզի զարգացման գերակա ուղղություններից մեկը համարում ենք զբոսաշրջությունը, որքանով է հարիր մեր ճանապարհներին, պատմամշակութային արժեքների տարածքում, բնակավայրերում հանդուրժել աղբն ու աղտեղությունը,-ասաց մարզի ղեկավարը՝ խստորեն պահանջելով լինել հետևողական, բացատրական աշխատանք տանել բնակչության շրջանում, նաև չզլանալ վարչական պատասխանատվության ենթարկել անուղղելի կարգազանցներին:
Մարզի ղեկավարը համայնքների ղեկավարների ուշադրությունը հրավիրեց նաև գործադիրի վերջերս որդեգրած «Ազգ-բանակ» հայեցակարգին, որի իրագործման արդյունքում արմատապես բարեփոխվելու է երկրի պաշտպանունակության համակարգը: Նա կոչ արեց լրջորեն ուսումնասիրել ՀՀ պաշտպանության նախարարի կողմից ներկայացված «Պատիվ ունեմ» և «Ես եմ» նախագծերը, դպրոցների կոլեկտիվների հետ քննարկել և համապատասխան հետևություններ անել պատանի սերնդին հայրենիքի պաշտպանության նոր հայեցակարգերին ծանոթացնելու, նրանց մեջ շահագրռվածություն սերմանելու՝ ուսումնառությունը ռազմական ուսումնական հաստատություններում շարունակելու համար:
Մարզպետի արտագնա խորհրդակցությունների օրակարգային կարևորագույն հարցերի թվում նաև համայնքների սեփական եկամուտների հավաքագրումն ու գարնան գյուղատնտեսական աշխատանքների ընթացք էր: Մարզպետարանի ֆինանսական և սոցիալ-տնտեսական զարգացման վարչության պետ Հրայր Պապոյանը, ըստ տարածաշրջանների, ամփոփ ներկայացրեց սեփական եկամուտների հավաքագրման իրավիճակը: Ստեփանավանի տարածաշրջանում չորս ամսվա կտրվածքով ավելի քան 2 մլն 700 հազար դրամի պարտք է կուտակվել հողի հարկի և գույքահարկի վարձավճարների մասով: Հատկապես վատ ցուցանիշներ են դրսևորել Կուրթան, Սվերդլով, Գյուլագարակ, Ագարակ, Ուրասար, Ամրակից համայնքները, Ստեփանավան քաղաքը:
Տաշիրի տարածաշրջանն ընդհանուր առմամբ ավելի քան 9.5 մլն դրամով թերակատարել է եկամուտների հավաքագրման պարտավորությունը: Հատկապես մտահոգիչ են Սարչապետ, Միխայլովկա, Ձյունաշող, Պետրովակա, Պաղաղբյուր, Արծնի, Պրիվոլնոյե և Սարատովկա համայնքների արդյունքները:
Թումանյանի տարածաշրջանից, ուր եկամուտների հավաքագրման մասով ընդհանուր առմամբ 20.7 մլն դրամի ճեղքվածք կա, Հ. Պապոյանը ընդգծեց հատկապես Թումանյան, Ալավերդի քաղաքների, Շնող, Հաղպատ, Ճոճկան գյուղերի ղեկավարության անբավարար աշխատանքը:
Մարզպետը պահանջեց հնարավորին սեղմ ժամկետներում վերականգնել բացթողումները, մեկ անգամ ևս ընդգծելով, որ ինչպես կառավարությունն, այնպես էլ՝ մարզպետարանն, ըստ ամենայնի, աջակցելու են այն համայնքներին, որոնք առավել պատասխանատու են սեփական եկամուտների հավաքագրման հարցում:
Արտագնա խորհրդակցությունների ընթացքում անդրադարձ եղավ գարնան գյուղատնտեսական աշխատանքների, պարարտանյութերի ու սերմացուի ձեռք բերման խնդրին: Օրակարգային հարցերից զատ՝ մարզպետը և մարզպետարանի պաշտոնյաները լսեցին համայնքների ղեկավարներին հուզող տարաբնույթ հարցեր, տվեցին պարզաբանումներ:

 

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 17:46:36