Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Մարզի ղեկավարի հանձնարարականը խիստ է. միջոցառումները դպրոցներում կազմակերպել առանց ավելորդ ծախսերի ու շքեղությունների

25.04.2017

Ապրիլին 25-ին Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը մարզպետարանի պատասխանատու աշխատողների մասնակցությամբ անցկացրեց աշխատանքային խորհրդակցություն:
Լոռու մարզպետարանի աշխատակազմի ղեկավար Նարեկ Սարգսյանն անդրադարձավ նախորդ շաբաթվա ընթացքում մարզի ղեկավարի կողմից տրված հանձնարարականների կատարման ընթացքին: Նա մասնավորապես տեղեկացրեց, որ մարզի ղեկավարի համապատասխան հանձնարարությամբ փոխմարզպետները եղել են մարզի խոշոր համայնքներում՝ մասնակցելով դրանց 5-ամյա զարգացման ծրագրերի հանրային քննարկումներին: Ի լրումն՝ մարզպետը նշեց, որ շաբաթվա ավարտին Լոռու մարզի 4-5 համայնքների կողմից ներկայացված լավագույն զարգացման ծրագրերը կքննարկվեն ՀՀ վարչապետի կողմից հրավիրված խորհրդակցությունում:
-Կարևոր է, որ համայնքների զարգացման ծրագրերը լինեն բիզնես ուղղվածության և աստիճանական զարգացում ապահովեն համայնքների համար: Համայնքներից մեկի, երկուսի արձանագրած հաջողությունը կարող է վարակիչ դառնալ մյուսների համար, ուստի այս ուղղությամբ պետք է հետևողական աշխատանք տանենք,-ասաց մարզպետը:
Ն. Սարգսյանը անդրադարձավ նաև այլ հանձնարարականներին, նշելով, դրանք կատարվել են սահմանված ժամկետներում:
Համայնքներում հարկերի հավաքագրման ընթացքը ներկայացրեց մարզպետարանի ֆինանսական և սոցիալ-տնտեսական զարգացման վարչության պետ Հրայր Պապոյանը: Նրա տեղեկացմամբ՝ ապրիլի 21-ի դրությամբ սեփական եկամուտների հավաքագրումը կազմել է տվյալ ամսվա 45,3, հողի հարկինը՝ 30,7, գույքահարկին՝ 50,5 տոկոս:
Ա. Նալբանդյանը փոխմարզպետներին և համապատասխան վարչությունների պետերին հանձնարարեց հետևողական լինել համայնքների հատկապես հողի հարկի, հողի և գույքի վարձակալության գումարների հավաքագրմանը:
Անդրադառնալով գյուղատնտեսության ոլորտին և դիմելով ոլորտի պատասխանատուին՝ մարզպետը նշեց, որ Սպիտակի տարածաշրջանի որոշ համայնքների ղեկավարներ դժգոհություն են հայտնել, որ չնայած գումարները հավաքագրված և փոխանցված են, սակայն պետական աջակցությամբ մատչելի գներով տրվող գարնանացան ցորենի և գարու սերմացուն դեռևս չեն ստացել:
Գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ Գրիգոր Հակոբյանը պարզաբանեց, որ պատճառները տեխնիկական են և առաջիկա օրերին սերմացուն և պարարտանյութը ամբողջությամբ կհասնի հասցեատերերին:
- Գարնանցանն ավարտվելուց հետո ձեր տված սերմացուն գյուղացու ինչի՞ն է պետք: Մեկ օր անգամ չպետք է ուշացնել, -խստիվ հանձնարարեց մարզպետը:
Նա հետաքրքրվեց նաև նախորդ շաբաթ իր կողմից տրված հանձնարարականի ընթացքով՝ գարնանացան ցորենի և գարու սերմացուն առաջնահերթությամբ բաշխել այն համայնքներին, որտեղ աշնանացան ցորենի շուրջ 1000 հեկտարի ցրտահարություն է տեղի ունեցել: Վարչության պետը տեղեկացրեց, որ հանձնարարությունը լիովին կատարվել է: Գ. Հակոբյանը հայտնեց նաև, որ Գյուղատնտեսության նախարարության կողմից 550 կգ մկնդեղ է ստացվել, որը կօգտագործվի 6800 հա տարածքի համար:
Ա. Նալբադյանը հնչեցրեց նաև կրթության ոլորտին առնչվող մի շարք հանձնարարականներ:
Անդրադառնալով ՊՆ կողմից օրերս անցկացված «Ազգ-բանակ» համաժողովին և վերջինիս ընթացքում քննարկված նոր նախաձեռնություններին, «Պատիվ ունեմ» և «Ես եմ» նախագծերին՝ Լոռու մարզպետարանի աշախատակազմի ղեկավարին, Կրթության, մշակույթի և սպորտի վարչությանը, Զորահավաքային նախապատրաստության բաժնին հանձնարարեց համագործակցաբար աշխատանքներ իրականացնել համայնք-դպրոց-զինկոմիսարիատ կապն ամրապնդելու, դպրոցներում նախագծերի վերաբերյալ իրազեկման աշխատանքներ իրականացնելու, աշակերտներին ռազմական ուսումնական հաստատություններ ուղղորդելու, երեխաների մեջ ռազմահայրենասիրական ոգին բարձրացնելու ուղղությամբ:
Դպրոցական «Վերջին դասի» միջոցառումների անցկացման վերաբերյալ այս տարի ևս մարզի ղեկավարի հանձնարարականը խիստ էր. միջոցառումները դպրոցներում կազմակերպել առանց ավելորդ ծախսերի ու շքեղությունների:
-Խստորեն պահանջում եմ անցկացնել դպրոցին, աշակերտին ու ուսուցչին վայել դպրոցական վերջին դաս: Ցանկացած խախտում խստորեն կպատժվի՝ անկախ նրանից, թե նախաձեռնության հեղինակը տնօրենն է, ուսուցիչը, թե՝ ծնողները,-ասաց մարզպետը:
Կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Մինաս Սայադյանն անդրադարձավ ՀՀ ԿԳ նախարարությունում օրերս անցկացված քննարկումներին, նշելով, որ քննարկվել են դպրոցների համալիր զարգացման ծրագրերը, որի համատեքստում անդրադարձ է եղել գերբեռնված և թերբռնված դպրոցների աշխատանքային խնդիրներին: Հիմք ընդունելով կրթության որակի ապահովման նկատմամբ միասնական պահանջների առկայությունը՝ հանձնարարվել է ներկայացնել առաջարկություններ՝ մարզերի քաղաքային համայնքների հանրակրթական դպրոցների արդյունավետության բարձրացման վերաբերյալ, ինչպես նաև ձևավորել մարզային կրթության առկա վիճակի ընդհանուր գնահատականը: Առաջարկությունները ԿԳ նախարարություն կներկայացվեն մինչև ապրիլի 28-ը, իսկ մինչ այդ դրանք կքննարկվեն մարզպետի մոտ:
Մարզպետն անդրադարձավ նաև համայնքների ղեկավարների հետ աշխատանքին՝ խստիվ հանձնարարելով հետևողական լինել ինչպես ընդունված որոշումների օրինականության ապահովման, այնպես էլ՝ իրականացված ծրագրերի հարցում:
-Համայնքների խոշորացման ծրագրի նախաշեմին՝ համայնքների ղեկավարներից շատերը կարող են չհիմնավորված գործարքներ իրականացնել կամ թերանալ իրենց պարտականություների պատշաճ իրականացման հարցում, ուստի փոխմարզպետները, ինչպես նաև համապատասխան վարչությունները պետք է հետևողականություն ցուցաբերեն,-ասաց Ա. Նալբանդյանը:
Զբոսաշրջության սեզոնին ընդառաջ՝ նա մեկ անգամ ևս անդրադարձավ մարզի ողջ տարածքում աղբահանության պատշաճ իրականացման, չնախատեսված վայրերում ապօրինի կերպով աղբաթափություն կատարելու խնդիրներին՝ հանձնարարելով շրջաբերականներ ուղարկել բոլոր շահագրգիռ կառույցներին՝ այս հարցում հետևողական լինելու համար:
Քննարկվեցին մի շարք այլ հարցեր ևս, տրվեցին հանձնարարականներ:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-02 14:57:18