Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Ուխտագնացությունը նվիրված էր Սուրբ Հովհան Օձնեցի Կաթողիկոսի գահակալության 1300-ամյակին
18.04.2017
Դարեր շարունակ ուխտագնացության և հոգեկան հաղորդակցության աստվածապարգև սրբազան վայր է եղել Սուրբ Հովհան Իմաստասեր Օձնեցի Կաթողիկոսի շիրիմը:
Գուգարաց թեմի առաջնորդ Տեր Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանի օրհնությամբ հաստատված և ավանդություն դարձած համաթեմական ուխտագնացությանը ամեն տարի ոգեշնչող կարգախոսով ուխտավորները առաջնորդվել են դեպի սրբավայր:
Այս տարի արդեն Սուրբ Հովհան Օձնեցի Կաթողիկոսի գահակալության 1300-ամյակի առթիվ, ապրիլի 17-ին` Սուրբ Հայրապետի ննջման հիշատակության օրը, թեմակալ առաջնորդ Սեպուհ Սրբազանի օրհնությամբ, դարձյալ կազմակերպվեց համաթեմական ուխտագնացություն դեպի Արդվի և Օձուն: Նախորդ տարիների պես, այս տարի ևս, Սրբի շիրիմին խոնարհվելու և բարեխոսություն խնդրելու էին եկել հարյուրավոր ուխտավորներ Լոռու մարզի տարբեր շրջաններից և Հայաստանի այլ մարզերից ու սփյուռքից:
Ուխտագնացությանը մասնակցում էր Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը, «Լոռվա Ձորե հայրենակցական միության նախագահ Սերգո Երիցյանը, Մայր Աթոռի ճարտարպետ Արա Վարդանյանը, համայնքապետեր և այլ պաշտոնատար անձինք: Վանաձոր քաղաքից մասնակից ուխտավորների ուխտագնացության հովանավորն էր նաև Լոռու մարզպետը:
Երիտասարդ ուխտավորները, թեմի հոգևոր հովիվների հետ միասին` շուրջ 1500 ուխտավոր, հոգևոր դասի առաջնորդությամբ, խաչերով, խաչվառներով գյուղամիջից խաչերթով շարժվեցին դեպի սրբավայր: Սրբանեսի վանքում պատարագիչն էր Ախթալայի հոգևոր հովիվ Տեր Հեթում քահանա Թարվերդյանը:
Սուրբ Պատարագի ավարտին Սրբազան Հայրն օրհնեց և իր հայրական հորդորն ուղղեց բոլոր ուխտավորներին:
Նույն օրը նաև ազդարարվեց Հովհան Օձնեցու գահակալության 1300-ամյակի միջոցառումների սկիզբը: Այս տարի նախատեսվում է Գուգարաց թեմի, Լոռու մարզպետարանի և «Լոռվա Ձոր» հայրենակցական միության հետ համագործակցաբար կազմակերպել գիտաժողովներ, Հայրապետին վերաբերվող գրքերի վերահրատարակություն, նրա կիսանդրի քանդակում և տեղադրում, մատուռ-զանգակատան վերանորոգում, ինչպես նաև մարզի ղեկավարի հովանավորությամբ Հոռոմայրի վանական համալիրի կազմում ընդգրկված Սբ. Նշան եկեղեցու վերին հատվածի վերակառուցում: