Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ՀՀ-ին շնորհվել է «Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնության» թեկնածու երկրի կարգավիճակ. քննարկում մարզպետարանում
14.04.2017
Ապրիլի 14-ին ԱՄՆ ՄԶԳ «Հանքարդյունաբերության ոլորտի թափանցիկության բարելավում» ծրագրի շրջանակներում Լոռու մարզպետարանում անցկացվեց ՀՀ «Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնության» (ԱՃԹՆ) ներդրման վերաբերյալ հանդիպում-քննարկում, որին մասնակցում էին Տարածքային կառավարման և զարգացման, Ֆինանսների նախարարությունների, Լոռու մարզպետարանի, հանքարդյունաբերող կազմակերպությունների, հասարակական կազմակերպությունների, քաղհասարակության ներկայացուցիչներ, համայնքների ղեկավարներ:
Ներկաներին իր և Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանի անունից ողջունեց և ծրագրի կարևորությունն ընդգծեց մարզպետի տեղակալ Արսեն Դարբինյանը:
-Հանքարդյունաբերությանն առնչվող առավելապես բնապահպանական խնդիրները խիստ արդիական են մեզանում: Լոռին՝ որպես արդյունաբերական մարզ, առավել մոտ է կանգնած այս խնդիրներին և դրանցից բխող բոլոր հետևանքներին, ուստի մենք առավել շահախնդիր ենք այս ծրագրի իրականացման արդյունավետության հարցում,- իր խոսքում նշեց Ա. Դարբինյանը:
ԱՃԹՆ պատասխանատուները ներկայացրեցին նախաձեռնության էութունը, Հայաստանում ԱՃԹՆ-ի ներդրման գործընթացը, գործողությունների ծրագիրը, նախաձեռնության ներդրումից ակնկալվող արդյունքները:
Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնությունը բնական պաշարների բաց և հաշվետու կառավարումը խթանող համաշխարհային ստանդարտ է, որին անդամակցում է 51 երկիր: 2017թ. մարտի 9-ին Կոլումբիայի մայրաքաղաք Բոգոտայում կայացած Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնության խորհուրդը հաստատեց Հայաստանի Հանարապետության ԱՃԹՆ-ի թեկնածության հայտը, և ՀՀ-ին շնորհվեց ԱՃԹՆ-ի թեկնածության երկրի կարգավիճակ: Հայաստանը դարձավ 51-րդ երկիրը, որը ներդնում է ԱՃԹՆ ստանդարտը: ՀՀ վարչապետի որոշմամբ ստեղծվել է բազմաշահառու խումբ, որը կառավարելու և վերահսկելու է Հայաստանում ԱՃԹՆ ներդրման գործընթացը, որը կազմված է ՀՀ կառավարության, արդյունահանող կազմակերպությունների և քահասարակության 15 ներկայացուցիչներից: Սկզբնական շրջանում նախաձեռնությունը ընդգրկելու է Հայաստանի մետաղական հանքարդյունաբերույթոնը:
- Երկրի բնական պաշարների արդյունահանումը կարող է ապահովել տնտեսական աճ և սոցիալական զարգացում: Սակայն այդ գործընթացի վատ կառավարումը կարող է հանգեցնել կոռուպցիոն ռիսկերի և ձևավորել անվստահության մթնոլորտ: Արդյունահանող ոլորտի կառավարման բաց և հանրային վերահսկողությունն անհրաժեշտ է, որպեսզի բնական պաշարների օգտագործումը շահավետ լինի բոլորի համար,- նշեցին ծրագրի պատասխանատուները:
Ծրագրի շրջանակներում կիրականցվեն հետևյալ գործողությունները. ԱՃԹՆ ներդրման գործընթացում կառավարությանը և ԱՃԹՆ բազմաշահառու խմբին աջակցելու նպատակով խորհրդատուների ներգրավում, բազմաշահառու խմբի անդամների համար կարողությունների զարգացման դասընթացների կազմակերպում, երկրաբանական ֆոնդի նյութերի թվայնացում, վերջինիս համար սարքավորումների գնում և մասնագիտացված կազմակերպության ներգրավում: Ի դեպ, ծրագրի շրջանակներում Երկրաբանական ֆոնդում առկա նյութերի մի մասն արդեն թվայնացվել է:
Հանդիպման ավարտին տեղի ունեցավ մասնակիցներին հետաքրքրող հարցերի քննարկում: