Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Հերթական հրաշակերտ նվերը՝այս անգամ ստեփանավանցի փոքրիկներին

28.03.2017

«Տաշիր» բարեգործական հիմնադրամի հերթական նախաձեռնությամբ հինգ միլիոն ԱՄՆ դոլար ներդրմամբ 5 նախակրթարան է կառուցվում՝ Լոռու և Տավուշի մարզերում: Մանկապարտեզներից առաջինը շահագործման հանձնվեց և հանդիսավորությամբ բացվեց շուրջ երկու շաբաթ առաջ: Հերթական նախակրթարանի հանդիսավոր բացումը, շուրջ 1 մլն ԱՄՆ դոլար ներդրմամբ, տեղի ունեցավ մարտի 27-ին՝ Ստեփանավան քաղաքում:
Միջոցառմանը մասնակցում էին «Տաշիր» բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Կարեն Կարապետյանը, Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը, մարզպետարանի պաշտոնյաներ, համայնքների ղեկավարներ, բազմաթիվ հյուրեր:
Միջազգային ժամանակակից պահանջներին համապատասխան, բարձրաճաշակ կահավորումով, ոճավորմամբ և սեյսմակայունության չափորոշիչներով կառուցված այս նախակրթարանը պատրաստ է իր հարկի տակ առնելու շուրջ 200 փոքրիկների: Այն կկրի վաստակաշատ մանկավարժ Ամալյա Կարապետյանի անունը:
Նորակառույցի հեղինակներին՝ Կարապետյան գերդաստանին գնահատանքի ու խորին երախտագիտության սրտառուչ խոսք ասաց Գուգարաց թեմի հոգևոր առաջնորդ Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանը՝ կարևորելով նրանց անգնահատելի վաստակը հայրենի երկրում մատաղ սերնդի կրթության ու դաստիարակության աստվածահաճո գործում: Գերդաստանի ավագը՝ վաստակաշատ մանկավարժ Սարգիս Կարապետյանն իր ելույթում ներկաներին շնորհավորելով կրթարանի նորամուտի առիթով, երեխաներին մաղթեց կրթվել, դաստիարակվել հայրենասիրության ոգով, բարձր գիտելիքներով կյանք մտնել ու դառնալ հայրենիքի հուսալի ապագան:
Կառույցի հանդիսավոր բացման արարողությունից հետո Գուգարաց թեմի հոգևոր դասը Սեպուհ արքեպիսկոպոսի գլխավորությամբ օրհնեց և օծեց նախակրթարանը:
Ապա Արթուր Նալբանդյանը, Կարեն Կարապետյանը մյուս ներկաները շրջեցին նախակրթարանի հարկաբաժիններով, ծանոթացան երեխաների խնամքի ու դաստիարակության համար ստեղծված հրաշալի պայմաններին:
Կառույցի բակում հավաքված ստեփանավանցիներն իրենց երախտագիտությունը հայտնեցին Կարապետյանների բարերար գերդաստանին ու առանձնապես Կարեն Կարապետյանին՝ անգնահատելի նվերի համար:
Տոնախմբությունը շարունակվեց երգ ու պարով, գեղարվեստական կատարումներով:
Առաջիկայում շահագործման կհանձնվեն նույնքան ներդրմամբ Ալավերդի, Սպիտակ և Իջևան քաղաքների մանկապարտեզները:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-28 17:16:39