Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Համապետական ընտրություններին ընդառաջ՝ խորհրդակցություն մարզպետարանում
23.03.2017
ՀՀ Ոստիկանություն-մարզպետարան-ՏԻՄ համագործակցության շրջանակներում մարտի 23-ին տեղի ունեցավ խորհրդակցություն Լոռու մարզպետարանի ստորաբաժանումների պետերի, համայնքների պաշտոնյաների և ՀՀ ոստիկանության Լոռու մարզային վարչության ներկայացուցիչների մասնակցությամբ: Խորհրդակցությունը վարում էր Լոռու մարզպետարանի աշխատակազմի ղեկավար Նարեկ Սարգսյանը, ով ներկաներին տեղեկացրեց, որ հանդիպման թեման համապետական ընտրությունների նախաշեմին հասարակական կարգի պահպանմանը, կազմակերպչական աշխատանքների պատշաճ իրականացմանն ուղղված խնդիրներն են:
Ն. Սարգսյանը տեղեկացրեց, որ մարզում առկա է 220 ընտրատեղամաս, որոնցից միայն 140-ում կտեղադրվեն տեսախցիկներ:
Քննարկվող հարցերի շուրջ իր նկատառումներն արտահայտեց ՀՀ ոստիկանության Լոռու մարզային վարչության պետի տեղակալ, ոստիկանության փոխգնդապետ Արթուր Սարգսյանը: Նկատի ունենալով համապետական ընտրությունների մոտալուտ լինելը և գործընթացի խիստ կարևորությունն ու պատասխանատվությունը՝ նա տեղեկացրեց, որ ոստիկանական ուժերի հաշվարկ է կատարվել, տեղաբաշխում՝ ըստ տեղամասերի, նրանց կողմից ուսումնասիրվել է նաև գործողությունների ուղեցույցը:
-Ոստիկանական ուժերը լիովին պատրաստ են օրենքով սահմանված կարգով իրականացնելու իրենց պարտականությունները,-ասաց վարչության պետի տեղակալը: Նա մարզպետարանից և համայնքների պատասխանատուներից նաև ակտիվ համագործակցություն ակնկալեց գործընթացը պատշաճ կազմակերպելու նպատակով:
Ամփոփելով խորհրդակցությունը՝ Ն. Սարգսյանը շնորհակալություն հայտնեց ակտիվ քննարկման համար՝ համոզմունք հայտնելով, որ Աժ ընտրությունների օրը միջադեպեր չեն գրանցվի: