Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Հրաշակերտ նվեր տաշիրցի մանուկներին

16.03.2017

Հինգ միլիոն դոլար ներդրմամբ նախակրթական 5 հաստատությունների կառուցում Լոռու և Տավուշի մարզերում. այսպիսին էր «Տաշիր» բարեգործական հիմնադրամի հերթական նախաձեռնությունը: Եվ ահա մի քանի օր առաջ Տաշիր քաղաքում կյանքի կոչվեց աննախադեպ ծրագրի առաջնեկը: Մարտի 10-ին  բազմահարյուր տաշիրցիներն ու  հյուրեր ականատեսը  եղան Կարապետյան գերդաստանի բարեգործությամբ վեր հառնած ևս մի հրաշակերտ կառույցի գործարկմանը,որն այսուհետ դառնալու էր մանուկ սերնդի խնամքի ու դաստիարակության անզուգական կենտրոնը: Քաղաքի կենտրոնական թաղամասերից մեկում, երբեմնի խարխուլ ու անհրապույր մանկապարտեզի շենքի տեղում շահագործման հանձնվեց «Տաշիր» բարեգործական հիմնադրամի և անձամբ հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Կարեն Կարապետյանի նախաձեռնությամբ շուրջ 1 մլն ԱՄՆ դոլարի ներդրումով կառուցված ու հարմարավետության վերջին խոսքով կահավորված 200 երեխայի համար նախատեսված գերժամանակակից նախակրթական հաստատությունը: Հրաշալի ոճավորմամբ, սեյսմակայունության բարձր չափորոշիչներով աչքի ընկնող երկհարկ կառույցը կրելու է վաստակաշատ մանկավարժ Ամալյա Կարապետյանի անունը:

Հիմնարկության բացման հանդիսավոր արարողությանը ներկա էին էին Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը, մարզպետարանի պաշտոնյաներ, Տաշիր, Ստեփանավան համայնքների ղեկավարները, բազմաթիվ հյուրեր: Նորակառույցի հեղինակներին՝ Կարապետյան գերդաստանին գնահատանքի ու խորին երախտագիտության սրտառուչ խոսք ասաց Գուգարաց թեմի հոգևոր առաջնորդ Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանը, կարևորելով նրանց անգնահատելի վաստակը հայրենի Տաշիրում մատաղ սերնդի կրթության ու դաստիարակության աստվածահաճո գործում: Գերդաստանի ավագը՝ վաստակաշատ մանկավարժ Սարգիս Կարապետյանն իր ելույթում ներկաներին շնորհավորելով կրթարանի նորամուտի առիթով,տաշիրցի դեռահասներին մաղթեց կրթվել, դաստիարակվել հայրենասիրության ոգով, բարձր գիտելիլքներով կյանք մտնել ու դառնալ մեր երկրի վաղվա հուսալի ապագան:

 Կառույցի հանդիսավոր բացման արարողությունից հետո Գուգարաց թեմի հոգևոր դասը Սեպուհ արքեպիսկոպոսի գլխավորությամբ օրհնեց և օծեց նախակրթարանը:

Ապա Արթուր Նալբանդյանը, Կարեն Կարապետյանը, Տաշիրի քաղաքապետ Էդգար Արշակյանը, Ստեփանավանի քաղաքապետ Միքայել Ղարաքեշիշյանը, մյուս ներկաները շրջեցին նախակրթարանի հարկաբաժիններով, ծանոթացան երեխաների խնամքի ու դաստիարակության, հիրավի,  հիանալի պայմաններին:

Կառույցի բակում հավաքված տաշիրցիները իրենց երախտագիտությունը հայտնեցին Կարապետյանների բարերար գերդաստանին ու առանձնապես Կարեն Կարապետյանին՝

անգնահատելի նվերի համար:

Տոնախմբության վերածված միջոցառումը երգ ու պարով,արտասանությամբ գեղեցկացրին  նախակրթարանի սաները, մանկապատանեկան համույթի պարուհիները: 

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 17:22:59