Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Մարզպետը շնորհավորեց մարզի վաստակաշատ կանանց
07.03.2017
Մարզի վաստակաշատ կանանց շնորհավորելու նպատակով այս տարի ևս Կանանց տոնին նվիրված գեղեցիկ միջոցառում էր կազմակերպել Լոռու մարզպետարանի դահլիճում: Հրավիրվել էին կրթության, առողջապահության բնագավառներում, տեղական ինքնակառավարման, ոստիկանության, դատախազության, ազգային անվտանգության, ԱԻՆ, զինկոմիսարիատի, բանակային կորպուսի համակարգում ակնառու ծառայություններ մատուցած 30 մտավորական կանայք: Նրանց շնորհավորելու էին եկել Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը, Գուգարաց թեմի առաջնորդ Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանը, մարզպետարանի աշխատակազմի ղեկավար Նարեկ Սարգսյանը, մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Մինաս Սայադյանը, վարչության մշակույթի և սպորտի բաժնի պետ Արամ Ռևազյանը, մարզպետարանի աշխատակիցներ:
Ներկաները Գուգարաց թեմի առաջնորդի հետ միասին աղոթք հնչեցրին առ Աստված, ապա սրբազանն իր օրհնությունը հղեց՝ հայ կանանց մաղթելով տոկունություն, դժվարությունները հաղթահարելու համբերատարություն, սիրված և գնահատված լինելու երջանկություն:
Մարզպետն իր ջերմ շնորհավորանքի խոսքն ասաց գեղեցիկ սեռի ներկայացուցիչներին:
- Այս գեղեցիկ տոնը ևս մեկ առիթ է խոսելու ձեր նկատմամբ ունեցած մեր անսահման սիրո ու ակնածանքի մասին, ընդգծելու ձեր կարևոր առաքելությունն ու մեծ դերակատարությունը մեր երկրի պետականության կայացման, հայկական ավանդական ընտանիքի պահպանության գործում: Ձեր ներկայությունն իսկ դրականորեն փոխում է մթնոլորտը՝ բոլորին դարձնելով ավելի բարի ու հանդուրժող, ավելի կառուցողական,-ասաց Արթուր Նալբանդյանը՝ մաղթելով նրանց ընտանեկան ջերմություն և հաջողություններ, հայրերի, ամուսինների, եղբայրների ու որդիների սերը, հոգատարությունն ու նվիրվածությունը մշատապես զգալու և վայելելու երջանկություն:
Մարզի ղեկավարը ծաղիկներ, շնորհավորագրեր և դրամական պարգևներ հանձնեց հարգարժան կանանց:
Վերջին թարմացումը՝ 2025-01-15 17:39:51