Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Լոռու մարզպետը հանդես եկավ մամլո ասուլիսով

02.03.2017

Մարտի 1-ին Լոռու մարզպետարանում տեղի ունեցավ Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանի մամլո ասուլիսը, որին մասնակցում էին մարզային և հանրապետական լրատվամիջոցների ներկայացուցիչներ: Նրանց հարցերին առավել սպառիչ պատասխաններ տալու նպատակով ասուլիսին ներկա էին նաև մարզպետարանի ոլորտային պատասխանատու պաշտոնյաներ, ստորաբաժանումների ղեկավարներ:
Ասուլիսը վարում էր Լոռու մարզպետարանի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Վահե Դոխոյանը: Նշելով, որ նախորդ օրը մարզպետի կողմից ներկայացվել է 2016թ. աշխատանքային հաշվետվությունը և դահլիճում ներկա լրատվամիջոցների մեծ մասը ներկա է եղել հաշվետվությանը՝ առաջարկեց միանգամից անցնել հարցուպատասխանի:
Հրայր Հակոբյան ( «Լոռի» հեռուստաընկերություն)
-2016թ. Վանաձորի քաղաքապետի ընտրությունից հետո Հանրապետական կուսակցության և ընդդիմության ներկայացուցիչները տարբեր կերպ են մեկնաբանում ՏԻՄ նոր օրենքը: Խոսքը վերաբերում է ավագանու ընդամենը 9 ներկայացուցիչների կողմից նիստեր գումարելու վերաբերյալ հայտարարությանը: Ձեր կարծիքով իրավասու են արդյո՞ք նրանք դա անելու:
-Այն ինչ սահմանվում է օրենքով, վիճարկման ենթակա չէ: Նախորդ ավագանու նիստին Վանաձորի քաղաքապետն այս հարցի վերաբերյալ հստակ պարզաբանում է տվել: Մամուլում ներկայացվել են և՛ քաղաքապետի, և՛ ընդդիմության թեկնածուի կարծիքները: Քաղաքապետն իր խոսքում հստակ նշել է, որ ՀՀԿ ֆրակցիան շահագրգռված չէ 9 հոգով ավագանու նիստ գումարելու, ինչը որ թույլատրում է գործող օրենքը, այլ կողմանկից է քաղաքի կառավարման մասնակցային ձևաչափին: Իսկ թե հաջորդ նիստը կկայանա արդյո՞ք, նախապես չեմ կարող ասել: Քաղաքապետի մոտեցումը այս հարցին դրական եմ գնահատում, և եթե նրանք որոշեն ավագանու նիստ գումարել օրենքով սահմանված կարգով, ես դրական եմ արձագանքելու:
-Վանաձորի քաղաքապետը հայտարարել է, որ ինքը հանդիսանում է ԱԺ ընտրությունների Լոռու մարզի ՀՀԿ քարոզչության պատասխանատուն և հավասարապես պաշտպանելու է ՀՀԿ ռեյտինգային ցուցակով առաջադրված բոլոր թեկնածուներին: Հետաքրքիր է նաև Ձեր մոտեցումն այս հարցին: Դուք նույնպե՞ս հավասարապես պաշտպանելու եք առաջադրված բոլոր թեկնծուներին և ու՞մ օգտին եք ծառայեցնելու վարչական ռեսուրսը:
-Մարզպետարանի ենթակայության հիմնարկներին մենք չենք ուղղորդում, առավել ևս լծակներ չենք օգտագործում: Քարոզարշավի ընթացքում ես լինելու եմ մարզի ՀՀԿ շտաբի պետը և աշխատանքներ եմ տանելու, որ ՀՀԿ-ն շատ ձայներ ունենա: Իսկ ինչ վերաբերում է ռեյտինգային ցուցակով առաջադրված թեկնածուներին, ապա համոզված եմ, որ իրենք առավելագույն ձայներ ստանալու համար ճիշտ քարոզարշավ կիրականացնեն և լրացուցիչ որևէ մեկի աջակցության կարիքը չեն ունենա:
- Հեռուստաընկերությունը իր թեժ գծին պարբերաբար հեռախոսազանգեր է ստացել Ուրասար-Կաթնաղբյուր ճանապարհի անանացանելիության վերաբերյալ:
-Նշված ճանապարհահատվածում այս ձմռան ընթացքում աննախադեպ առատ տեղումների պատճառով խնդիրներ ունեցել ենք և չի բացառվում, որ դեռ կունենանք: Խոսքը 20 կմ ճանապարհահատվածի մասին է: Ձյան մաքրման աշխատանքներ կատարվում են պարբերաբար, սակայն ճանապարհահատվածը հաճախակի փակվում է ձնաբքի հետևանքով: Լոռու մարզային փրկարարական վարչությունը և ճանապարհը սպասարկող ընկերութունը անում են ամեն ինչ բնակչության դժգոհությունը մեղմելու համար:
-Ե՞րբ է նախատեսվում ավարտել Մ6 միջպետական ճանապարհի կառուցումը և ինչ փոխհատուցում է տրամադրվել նշված հատվածում բիզնես գործունեություն իրականացնող ընկերություներին կամ անհատներին:
-15 մլրդ. դրամ արժողությամբ ծրագրի առաջին փուլը՝ ավարտվել է: Երկրորդ փուլի համար մրցույթն արդեն հայտարարված է:Ենթադրում եմ, որ հունիս ամսին թունելները կշահագործվեն և ճանապարհը, միակողմանի երթևեկությամբ, կբացվի: Ինչ վերաբերում է փոխհատուցմանը, ապա ծրագիրն իրականացնող ընկերության կողմից այս խնդիրը կարգավորվել է և մինչ շինաշխատանքների սկիզբը, բազմաթիվ հանրային քննարկումներ են կազմակերպվել, բացատրական աշխատանքներ են տարվել: Ճանապարհի մի շարք հարակից համայնքներում նվազել է տեղական տուրքը, սակայն դա էական ազդեցություն չի կարող ունենալ համայնքային բյուջեների վրա: Փոխարենը վստահ ենք, որ 2018թ. ճանապարհի շահագործումից հետո, այն մեզ համար տնտեսության զարգացման կարևոր նախադրյալներից մեկը կհանդիսանա՝ կավելանան և՛ բեռնափոխադրումները, և՛ առևտուրը, և՛ զբոսաշրջիկների թիվը:
Նարե Ստեփանյան («Ազատություն» ռադիոկայան)
-Շարունակելով ԱԺ ընտրությունների թեման՝ ուզում եմ հարց ուղղել: Ստացվում է այնպես, որ հանրապետական կուսակցության ռեյտինգային ցուցակներով առաջադրված թեկնածուները պայքարում են միմյանց դեմ: Ի՞նչ քայլեր են ձեռնարկվում լարվածությունը թուլացնելու նպատակով և ինչպիսի արդյունք եք ակնկալում այս ընտրություններից:
-Ռեյտինգային ցուցակով առաջադրված թեկնածուների միջև մրցակցությունը ենթադրելի է: Բնական է մրցակցությունը նաև տարբեր քաղաքական ուժերի միջև: Լարվածություն ես ինքս չեմ նկատում և առողջ մրցակցության կողմնակից եմ: Համոզված եմ,որ ԱԺ ընտրություններից հետո մարզում կյանքը կընթանա բնականոն հունով:
Իսկ ակնկալիքների մասին, կարծում եմ, դեռևս վաղ է խոսելը, քանի որ քարոզարշավը դեռ չի սկսվել:
Տաթևիկ Ղազարյան ( aravot.am էլեկտրոնային թերթ)
-Ի՞նչ կարծիքի եք ԱԺ ընտրություններից հետո Վանաձորում քաղաքական ուժերի փոխհամաձայնության հնարավորության վերաբերյալ: Վանաձորում ավագանու նիստեր կսկե՞ն գումարվել:
-Ես դա չեմ բացառում: Ու թեև ՏԻՄ օրենքը թույլ է տալիս ավագանու նիստեր գումարել նաև 9 ավագանու ներկայության դեպքում, այնուամենյանիվ, ես ինքս, ինչպես և Վանաձորի քաղաքապետը, կողմնակից ենք քաղաքի մասնակցային կառավարմանը:
Անահիտ Կարապետյան( «Ֆորտունա» հեռուստաընկերություն)
-ՀՀ կառավարությունը նախատեսում է հրատապ ֆինանսական միջոցներ հատկացնել մարզին: Ի՞նչ նպատակի համար կօգտագործվեն այդ միջոցները:
-Այս տարի ՀՀ կառավարությունը մարզին կհատկացնի շուրջ 550 մլն դրամ: Առաջնահերթությունը տալու ենք այն ծրագրերին, որոնց նախգիծ-նախահաշիվներն արդեն հաստատված են: Մյուս ծրագրերի համար կհայտարարվեն մրցույթներ:
-Որո՞նք են լինելու 2017թ. գլխավոր անելիքները:
-2017թ. անելիքների մասին արդեն մի քանի անգամ առիթ եմ ունեցել խոսելու: Այս տարի Լոռին հայտարարել ենք «Սմարթ» մարզ: Բացի մեզ համար շատ կարևոր նշանակություն ունեցող մի շարք ոլորտների, լուրջ ուշադրություն ենք դարձնելու «սմարթ» գաղափարին. որի նպատակը ՏՏ ոլորտի զարգացումն է բոլոր բնագավառներում: Մենք շուտով կավարտենք 2017-2025թ.թ. մարզի զարգացման ռազմավարական ծրագիրը, որը հանրային քննարկման փուլում է: Դրանով կունենաք մարզի զարգացման երկարաժամկետ ռազմավարական ծրագիր, որը մեզ համար այդ առումով կլինի ամենակարևոր փաստաթուղթը: Մենք հստակ սահմանել ենք մարզի զարգացման հիմնական ուղղությունները՝ արդյունաբերություն, գյուղատնտեսություն, ՏՏ ոլորտ, զբոսաշրջություն և փոքր ու միջին բիզնեսի զարգացում:
- Ե՞րբ է նախատեսվում «Երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների բնակապահովման ծրագրի» վերջնական ավարտը:
-Երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների բնակապահովման խնդիրը 2016թ.-ին դարձյալ մեր օրակարգում էր. ընդհանուր առմամբ շուրջ 225 մլն դրամ հատկացվեց Սպիտակ քաղաքի մեկ սենյականոցի հավակնորդ 50 ընտանիքի, Վանաձորի ծրագրի շահառու հանդիսացող 14 ընտանիքի բնակապահովման խնդիրը ևս լուծված է:Մինչդեռ բաց է մնում մարզի գյուղական համայնքների 350 ընտանիքների հարցը: Կառավարությունը այս հարցը կրկին քննարկվել է: ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը հանձնարարել է վերջնական գույքագրում կատարել, խնդրի լուծման վերջնական տարբերակ ընտրել և ներկայացնել կառավարության ղեկավարին:
Գայանե Սարգսյան ( «Հետք» էլեկտրոնային թերթ)
-2016թ.-ին ո՞ր ոլորտներում եք առաջընթաց գրանցել, ո՞ր ոլորտներում՝ ետընթաց:
-Առաջընթաց ենք արձանագրել արդյունաբերության ոլորտում ,գյուղատնտեսության ցուցանիշները գրեթե պահպանվել են, նվազել են շինարարության ծավալները, առևտուրը, ինչը մեզ չափազանց անհանգստացնում է: Բայց համոզված ենք, որ այս տարի բոլոր ոլորտներում աճ կարձանագրենք, տնտեսության մեջ դրական տեղաշարժ կլինի, որովհետև նախադրյալներն արդեն կան:
Մանվել Միկոյան ( «Լոռու մարզ» թերթի գլխավոր խմբագիր)
-Պարոն մարզպետ, ինչպես ողջ հանրապետությունում, այնպես էլ՝ Լոռու մարզում, արտագաղթի ծավալները չեն նվազում, և լուրջ խնդիր է դարձել աշխատատեղերի սակավության հարցը: Ձեր նշած ռազմավարական ծրագրի իրականացման արդյունքում նախատեսվում է արդյո՞ք աշխատեղերի ավելացում, աղքատության տոկոսի նվազեցում:
-Ռազմավարական ծրագիրը հենց դրանով էլ կարևորվում է, և այդ փաստաթղթում անդրադարձ է կատարվել բոլոր ոլորտներին: Հստակ սահմանվել են այն աշխատանքները, որոնք պետք է նպաստեն ձեր բարձրացրած խնդիրների լուծմանը: Ռազմավարական ծրագրի իրականացման արդյունքում նախատեսում ենք աղքատության նվազեցում՝ 10-12 տոկոսի չափով:
Ինչպես գիտեք, ՀՀ վարչապետի առաջարկությամբ ՀՀ կառավարությանն են ներկայացվում բիզնես-ծրագրեր, որոնց հավանության արժանանալու դեպքում աջակցություն կցուցաբերվի՝ արտոնյալ վարկերի տրամադրման և այլ միջոցներով: Մեր կողմից ներկայացված 3 ծրագիր արդեն հավանության է արժանացել և շուտով ֆինանսական աջակցություն կցուցաբերվի: Այսօր մեր սեղանին ավելի քան 10 ծրագիր է դրված, որոնք ևս կներկայացվեն կառավարությանը: Գործընթացը շարունակական է լինելու:
Մարզպետը սպառիչ պատասխաններ տվեց լրագրողների այլ հարցերի ևս: Օգտվելով առիթից՝ նա բոլորին շնորհավորեց մարտի 1-ի՝ գարնան գալուստի կապակցությամբ՝ դահլիճում ներկա կանանց և աղջիկներին նվիրելով ձնծաղիկներ:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-25 17:39:23