Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Շնորհավոր գարնան զարթոնքի օր
01.03.2017
Գարնանմուտի առաջին օրը տոնական էր նաև Վանաձորի տարեցների տան անձնակազմի կանանց ու իրենց առօրյան անցկացնող ծերունազարդ տատիկների համար: Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանն էլ ժամանակ գտավ փոխմարզպետ Տիգրան Բադոյանի, մարզպետարանի աշխատակազմի ղեկավար Նարեկ Սարգսյանի, առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետ Սամվել Լամբարյանի ուղեկցությամբ այցելել տարեցների տուն, գարնանամուտի կապակցությամբ ջերմորեն շնորհավորել հաստատության կանանց, մաղթել առողջություն, բարձր տրամադրություն, նաև նվերներ մատուցել նրանց:
«Տրոյա կրեդո» գովազդային գործակալության նախաձեռնությամբ և «Ֆորտունա» մարզային հեռուստաընկերության աջակցությամբ կազմակերպված տոնական միջոցառմանը իրենց աշխույժ կատարումներով կանանց զվարճության ու հաճելի ժամանցի պահեր նվիրեցին Վանաձորի «Երգի թատրոնի» երգիչները (ղեկավար՝ Գագիկ Աղաբաբյան):