Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Քննարկվեց Լոռու մարզի զարգացման ռազմավարական ծրագիրը

15.02.2017

Վանաձորի «Էլկանի» ռեստորանային համալիրի մեծ դահլիճում տեղի ունեցավ ՀՀ Լոռու մարզի 2017-2025թթ. զարգացման ռազմավարական ծրագրի ընդլայնված հանրային քննարկում՝ պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, տնտեսվարողների, հասարակական կազմակերպությունների, փորձագետների, կրթական հաստատությունների ներկայացուցիչների, ԶԼՄ-ների և այլոց մասնակցությամբ: Միջոցառումը վարում էր Լոռու մարզպետի տեղակալ Հովհաննես Թադևոսյանը, ով ողջունելով հրավիրվածներին, ասաց, որ մի քանի ամիս առաջ մշակված այդ փաստաթուղթը արդեն իսկ անցել է քննարկման մի քանի փուլերով, բավականին լրամշակվել ու ներկա պահին անց է կացվում վերջին հանրային լսումը: Նա հանդիպման մասնակիցներին հորդորեց շահագրգիռ ակտիվությամբ մասնակցել մեր մարզի զարգացման առաջիկա 8-9 տարիների ապագան խորհրդանշող գլխավոր փաստաթղթի քննարկմանը:

Այնուհետև ծրագրի կառուցվածքը, դրանում ներառված ոլորտային ենթաբաժինները, զարգացման հիմնական ուղղությունները ներկայացրեց Լոռու մարզպետարանի աշխատակազմի Զարգացման ծրագրերի և վերլուծության բաժնի պետ Հասմիկ Մկրտչյանը: Քանի որ քննարկման մասնակիցների մեծ մասին նախապես տրամադրվել էին ծրագրի կրկնօրինակները, բանախոսը դրա հիմնադրույթներին անդրադարձավ հակիրճ մեկնաբանությամբ:

Ծրագիրը ներառում է հիմնավորված տեղեկատվություն մարզի  բնական պայմանների, ժողովրդագրության, արդյունաբերության, գյուղատնտեսության, կենսակառուցվածքների, բնակչության զբաղվածության, կրթական, մշակութային, մարզական և կարևորագույն այլ ոլորտների այսօրավա իրավիճակի ու առաջիկա ինը տարիների հեռանկարների վերաբերյալ, մատնաշվել են առկա ուժեղ և թույլ չափորոշիչները, ռիսկային գործոնները: Ծրագիրը կնպաստի հանրապետությունում աղքատության հաղթահարման ռազմավարական գերակա նպատակ հռչակված տարածքային համաչափ զարգացման խնդրի, ինչպես նաև Լոռու մարզի համայնքների զարգացման ծրագրերում ներառված առաջնահերթ հիմնախնդիրների և մարտահրավերների արդյունավետ լուծմանը: Դրանք իրենց կոնկրետությամբ, չափելիությամբ, ռեսուրսահենքությամբ և իրագործելիությամբ կապահովեն Լոռու մարզի զարգացումն այն նպատակադրությամբ, որ 2025 թվականին Լոռին ունենա բազմաճյուղ, զարգացած արդյունաբերություն, արդիականացված գյուղատնտեսություն, ՏՏ ոլորտ և զարգացած զբոսաշրջություն:

Լոռու մարզի ռազմավարական պլանավորմանը կհաջորդի Տարածքային զարգացման գործառնական պլանների կազմումը:

Ծրագրի կազմման աշխատանքները համակարգվել են Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանի կողմից: Այդ գործում իր զգալի ներդրումն են ունեցել նաև Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և զարգացման նախարարությունը, ԵՄ փորձագետները, որի ներկայացուցիչը՝ փորձագետ Ներսես Կյուրեղյանը մասնակցում էր հանրային քննարկմանը: Նա նույնպես բարձր գնահատեց կատարված աշխատանքը, կարևորեց փաստաթղթի հիմնավորվածությունը:

Լոռու մարզի տարածքային զարգացման ռազմավարության ֆինանսավորման հիմնական աղբյուրները կլինեն ՀՀ պետական բյուջեն, ֆինանսավորման այլընտրանքային միջոցները, մասնավոր ներդրումները, ինչպես նաև՝ համայնքների սեփական միջոցները:

Մարզի ռազմավարական ծրագրի քննարկումն անցավ մասնակիցների բավականին ակտիվության, բանավեճի ու օգտակար առաջարկությունների պայմաններում: Փոխմարզպետ Հովհ. Թադևոսյանը հավաստիացրեց, որ այդօրյա և առաջիկա օրերին ներկայացվելիք առաջարկությունները կդառնան քննարկման առարկա և լուրջ  հիմնավորումների պարագայում՝ կներառվեն ծրագրում:

(Ծրագրի նախագիծը կցված է)

 

 

 

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 17:22:59