Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Բազում և Դարպաս համայնքների հաշվետվությունները մարզպետը բավարար գնահատեց

14.02.2017

Բազում և Դարպաս գյուղերը քաղաքամերձ բնակավայրին բնորոշ տնտեսությամբ վերջին 20-25 տարիներին առանձնապես աչքի չեն ընկել ագրոտնտեսվարության առանձնահատկությամբ: Բնակչությունը հիմնականում զբաղմունք է գտել Վանաձորում կամ մայրաքաղաքում, արտագնա աշխատանքի մեկնել Ռուսաստանի Դաշնություն: Այս է պատճառը, որ մարզի գյուղատնտեսական արտադրության տեսակարար կշռում երկու գյուղերն էլ էական ներդրում չունեն, որ համայնքի ղեկավարի տարեկան հաշվետվություններում սեփական եկամուտների հավաքագրումից ու բյուջեի ծախսային մասը ներկայացնելուց զատ, երկու համայնքների ղեկավարներն առանձնապես ասելիք չունեին:

Նշյալ համայնքների ղեկավարների 2016թ. տարեկան հաշվետվություններին մասնակցում էին Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը, մարզպետի տեղակալ Հովհաննես Թադևոսյանն ու ՏԻ և ՀԳՄ հարցերով վարչության պետ Դավիթ Մանուչարյանը: Մինչ հաշվետվությունն սկսելը մարզպետն ու ուղեկիցներն այցելեցին նույն շենքում գտնվող մանկապարտեզ, ծանոթացան հիանալի պայմաններին:

Բազում համայնքի ղեկավար Սրբուհի Հարությունյանը ավագանու անդամներին, դպրոցի, մանկապարտեզի տնօրեններին, մի խումբ բնակիչների ու մարզպետարանի պաշտոնյաներին ամփոփ ներկայացրեց 2016թ. բյուջեի կատարաողականը, առանձնացրեց մի քանի համայնքային հիմնախնդիրներ: Զեկուցման ավարտին, հաշվի առնելով, որ լիովին կատարվել են կարևորագույն՝ սեփակական եկամուտների հավաքագրման ցուցանիշները, մարզպետը ներկաներին առաջարկեց համայնքի ղեկավարության գործունեությունը գնահատել բավարար և ներկաներին հորդորեց արտահայտվել գյուղի հիմնախնդիրների, կարիքների ու  դժվարությունների մասին: Այլևայլ հարցերի թվում մի խումբ բազումցիներ մարզի ղեկավարին ներկայացրին խմելու ջրի մատակարարման բարձիթողի վիճակը: Միակ ջրաղբյուրը սանատարահիգիենիկ պայմաններով չի համապատասխանում գործող չափորոշիչներին, իսկ գյուղի որոշ թաղամասեր անգամ դրան հասանելի չեն: Նախորդ տարիներին բնակչության ջրի պահանջարկը որոշ չափով բավարարվել է ջրմուղի կողմից ավտոմեքենաներով  ջրամատակարարմամբ, ինչը նախորդ տարում չի արվել:

Մարզպետը  հայտարարեց, որ լիովին տեղյակ է հիմնախնդրին, բայց առայժմ դրա լուծման ելքը չի տեսնում: Գյուղի ջրամատակարարման ցանցը հիմնովին վերակառուցելն ու  այն ջրավազաններին միացնելը հսկայական ծախս է ենթադրում, որի աղբյուրը առայժմ դժվար է հստակեցնել:

-Լոռու մարզի ջրամատակարար օպերատորը փոխվել է, կաշխատենք գյուղի համար այս կենսական խնդրին լուծում գտնել,-ասաց Ա.Նալբանդյանը՝ նաև առաջարկելով օգտագործել ավտոցիստերներով բնակիչներին ջուր մատակարարելու հնարավորությունը:

Դարպաս համայնքի ղեկավարությունը նույնպես լիովին կատարել է 2016թ. պետբյուջեով նախատեսված պարտավորությունները, որի համար մարզպետի առաջարկությամբ համայնքապետ Արմեն Ալոյանի աշխատակազմի գործունեությունը գնահատվեց բավարար:

Բայց ահա մարզի ղեկավարը միանգամայն անարդարացի ու անընդունելի է համարում, որ սոցիալական կենսակերպով խիստ կարիքավոր գյուղում տասնամյակներ շարունակ զրո արդյունք է գրանցվում ցանքադաշտերի մշակման գործում: Մինչդեռ խորհրդային տարիներին գյուղը Գուգարքի շրջանի հացագործներին բարձրորակ սերմացուի հիմնական մատակարարն է եղել: Ինչպես Բազումում, այստեղ նույնպես ժամանակակից ագրոարտադրությունը ասես երես է թեքել հողագործից:

 -Սա արդարացում չունեցող գործելակերպ է, ինչով եք բացատրում ժամանակակից ագրոարտադրության որևէ քայլ անելու անկարողութունը, չէ՞ որ խնդրին շահագրգիռ մոտեցման դեպքում հնարավոր է ներգրավել հանրապետական ու միջազգային դրամաշնորհներ, մանր տնտեսությունները միավորել, կոոպերատիվ տնտեսություններ կազմակերպել,-վրդովվեց մարզպետը՝ որպես օրինակ մատնանշելով Մեծ Պարնիի, Տաշիրի, Վարդաբլուրի, Կուրթանի, Կարմիր Աղեգիի, Ճոճկանի, Ջրաշենի և մյուսների օրինակը:

Ներկաները բարձրաձայնեցին մի շարք լուծում պահանջող հարցեր, մասնավորապես՝ հիմնանորոգված դպրոցի ջեռուցման, մանկապարտեզի խաղահրապարակը ատրակցիոններով կահավորման և այլն, որոնց մարզի ղեկավարը համապատասխան պարզաբանումներ տվեց: Մասնավորապես խոսվեց գյուղի համար ամենացավոտ՝ տնակային թաղամաս տանող ավտոճանապարհի նորոգման անհրաժեշտության մասին:

-Խնդրին առավել քան տեղյակ եմ, բայց տնակային ավան տանող ավտոբուսային խնդիրը միանշանակ չպետք է պայմանավորել պայմանագրով գիծն սպասարկող վարորդների քմահաճ վերաբերմունքով: Նրանք իրենց հերթին դժգոհում են և՛ ճանապարհի անբարեկարգ վիճակից, և՛ ուղևորների սակավությունից: Ամեն դեպքում աշխատում ենք խնդրին լուծում տալ, կմտածենք հնարավորության դեպքում ճանապարհի գոնե մասնակի բարեկարգման համար միջոցներ տրամադրել կառավարության կողմից մարզին հատկացվելիք հրատապ միջոցներից,-եզրափակելով հանդիպումն ասաց մարզի ղեկավարը:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 17:22:59