Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Աշխատանքային խորհրդակցություն

13.02.2017

Փետրվարի 13-ին Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը մարզպետարանի պատասխանատու աշխատողների մասնակցությամբ անցկացրեց աշխատանքային խորհրդակցություն:

Օրակարգային առաջին հարցը վերաբերում էր ՀՀ վարչապետի մոտ անցած ուրբաթ օրն անցկացված խորհրդակցության ընթացքում քննարկված հարցերին:  Մարզպետը տեղեկացրեց, որ ՀՀ վարչապետին են ներկայացվել 11 ներդրումային ծրագրեր, որոնցից հավանության են արժանացել երեքը:

-Ծրագրերի մեծ մասը հստակեցման կարիք ունեն, նրանցից մի քանիսը պետք է վերանայվեն, քննարկվեն համապատասխան մասնագետների հետ՝ հնարավոր ռիսկերից խուսափելու նպատակով, ապա նոր միայն հաստատվեն,-ասաց մարզի ղեկավարը: Նա նշեց, որ գործընթացը շարունակական բնույթ կկրի և ողջունելի ծրագրերի առկայության դեպքում, դրանք ևս կքննարկվեն: 

Մարզպետը նշեց նաև, որ հանրապետության մարզպետների մասնակցությամբ քննարկվել են հարցեր 2017-2025 թվականների զարգացման ռազմավարությունների մշակման աշխատանքների ընթացքի վերաբերյալ.

 -Լոռու մարզի  2017-2025թ.թ. ռազմավարական ծրագիրը առաջիկայում պետք է լինի մեր մարզի զարգացման գլխավոր փաստաթուղթը, ուստի պետք է ամենայն պատասխանատվությամբ վերաբարվենք այս գործընթացին,-ասաց մարզպետը:

Լոռու մարզպետարանի զարգացման ծրագրերի և վերլուծության բաժնի պետ Հասմիկ Մկրտչյանը տեղեկացրեց, որ ծրագրի նախնական տարբերակը պատրաստ է: Առաջիկա օրերին հանրային քննարկում կկազմակերվի, որին կմասնակցեն շահագրգիռ կառույցների ներկայացուցիչներ, հասարակական կազմակերպություններ: -Հնչեցված ողջամիտ առաջարկություններն անպայման տեղ կկգտնեն մարզի զարգացման գլխավոր փաստաթղթում,-ասաց մարզպետը:

Ըստ նրա, խորհրդակցության ընթացքում անդրադարձ է կատարվել նաև գյուղոլորտին: Կարևորելով գյուղատնտեսության զարգացումը մարզերում՝ վարչապետն անհրաժեշտ է համարել ոլորտում ժամանակակից տեխնոլոգիաների ներդրումը, ֆերմերների շարունակական վերապատրաստումն ու ուսուցումը:

-Մարզում առկա 39 հազար տնտեսություն ունենք և միայն 23 կոոպերատիվ: Սա չափազանց փոքր թիվ է, և ջանքերը պետք է ուղղենք կոոպերատիվների թիվը կկրկնապատկելու ու եռապատկելու ուղղությամբ, որպեսզի աշխատանքն ու այս ոլորտում իրականացվող ծրագրերն առավել արդյունավետ լինեն,- նշեց Ա. Նալբանդյանը:

Նա տեղեկացրեց, որ մարզերին այս տարի կհատկացվի 5 մլրդ դրամ՝ հրատապ խնդիրների լուծման նպատակով, որից Լոռու մարզին կտրամադրվի շուրջ 550 մլն դրամ: Ներդրումները կկատարվեն առավել առաջնահերթ լուծում պահանջող ծրագրերում:

Մարզպետարանի աշխատակազմի ղեկավար Նարեկ Սարգսյանը ներկայացրեց նախորդ շաբաթվա ընթացքում կատարված աշխատանքների, ինչպես նաև համապետական ընտրությունների կազմակերպման հետ կապված նախապատրաստական աշխատանքների իրականացման ընթացքը: Նա խոսեց նաև միջազգային կառույցների հետ համագործակցության շրջանակներում նախորդ շաբաթ կազմակերպված հանդիպումների արդյունքները:

Լոռու մարզպետի խորհրդական Լևոն Ասլանյանը ներկայացրեց ինֆորմատիկա առարկայի ուսուցիչների շրջանում կատարված հարցումների արդյունքները: Նա տեղեկացրեց, որ գիտելիքների, հմտությունների, կարողությունների ստուգման հարցաթերթիկ է լրացրել մարզի 35 դպրոցների(Վանաձորի թվով 28 և տարածաշրջանների՝ 7) 40 ուսուցիչ, ովքեր, ըստ այդմ, առանձնացվել են երկու խմբերում: Նրանց համար Լոռու մարզպետի նախաձեռնությամբ առաջիկայում Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնում կկազմակերպվեն վերապատրաստման դասընթացներ: Մարզպետը նշեց, որ գործընթացը շարունակական է լինելու:

Մարզպետարանի ֆինանսական և սոցիալ-տնտեսական զարգացման վարչության պետ Հրայր Պապոյանը ներկայացրեց  եկամուտների հավաքագրման ցուցանիշները փետրվարի 11-ի դրությամբ: Նա տեղեկացրեց, որ սեփական եկամուտների կատարողականը պլանի դիմաց կազմել է 32,9 տոկոս, հողի հարկինը՝ 27 տոկոս, գույքահարկը՝ 35,5 տոկոս: Ըստ վարչության պետի, մի շարք համայնքներում հարկերի հավաքագրման տեսանկյունից արդեն իսկ բացասական միտում է նկատվում: Մարզպետը, երևույթն անթույլատրելի համարելով, նշեց, որ ընտրական գործընթացները որևէ կերպ չեն կարող ազդել համայնքների ղեկավարների պարտականությունների իրականացման վրա: Նա փոխմարզպետներին հանձնարարեց համայքնառհամայքն քննարկել բացթողումների պատճառները:

Անդրադառնալով գյուղատնտեսության ոլորտին՝ մարզպետը հստակ նշեց. գարնանացան աշխատանքներին ընդառաջ՝ պետական աջակցությամբ մարզի գյուղատնտեսներին հատկացվելիք պարարտանյութը, դիզվառելիքը և սեմացուն կտրվեն այն համայնքներին, որոնք նախապես կհավաքագրեն ամբողջ գումարը, որպեսզի գումարների հավաքագրման հետ կապված դարձյալ խնդիրներ չառաջանան: Իսկ ոլորտի պատասխանատուն՝ գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ Գրիգոր Հակոբյանը, հայտնեց, որ նախորդ տարվանից դեռևս 16 մլն 770 հազար դրամի չմարված պարտք կա և առավել խոշոր պարտքատերերն են Դսեղը, Արևածագը, Ձյունաշողը և այլն: Մարզպետն ի լրումն նշեց, որ անպարտաճանաչ համայնքները կարող են զրկվել ներդրումային ծրագրերից:

Քննարկվեցին մի շարք այլ հարցեր ևս, տրվեցին հանձնարարականներ:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 17:46:36