Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Արտագնա խորհրդակցություն և քաղաքացիների ընդունելություն Թումանյանի տարածաշրջանում

09.02.2017

Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանն այս տարվա առաջին արտագնա խորհրդակցությունն անցկացրեց Ալավերդի քաղաքում՝ Թումանյանի տարածաշրջանի համայնքների ղեկավարների մասնակցությամբ: Խորհրդակցությանը մասնակցում էին նաև Լոռու մարզպետի տեղակալ Արսեն Դարբինյանը, մարզպետարանի պատասխանատու պաշտոնյաներ:

Խորհրդակցության օրակարգային առաջին հարցը վերաբերում էր հարկերի հավաքագրման ցուցանիշներին: Լոռու մարզպետարանի ֆինանսական և սոցիալ-տնտեսական զարգացման վարչության պետ Հրայր Պապոյանը, ներկայացնելով հարկերի հավաքագրման 2016թ. ամփոփ պատկերը, նշեց, որ սեփական եկամուտների հավաքագրմամբ Թումանյանի տարածաշրջանը մարզային միջին ցուցանիշին զիջում է շուրջ 1,1 տոկոսով(մարզային ցուցանիշ՝ 95,5 տոկոս, Թումանյանի արածաշրջան՝ 94,4 տոկոս): Սեփական եկամուտների հավաքագրման առումով առավել անպարտաճանաչ են գտնվել Դսեղը, Արևածագը, իսկ Ճոճկանը և Մեծ Այրումը՝ նախորդ տարիներին հանդիսանալով պարտաճանաչ համայնքներ, այժմ զգալիորեն թուլացրել են տեմպերը: Փոխարենը 100 և ավելի տոկոս հավաքագրումներ են ապահովել՝ Ալավերդին. Արդվին, Հագվին, Օձունը և այլն:

 Հողի հարկի 2016թ. տարածաշրջանային միջին կատարողականը կազել է 81,4 տոկոս, ինչը դարձյալ զիջում է մարզային միջին կատարողականին (83,3 տոկոս) ու թերացողները դարձյալ նույն համայնքներն են: Հողի հարկի գծով 100 տոկոս կատարողական են ապահովել Ալավերդի, Օձուն, Ջիլիզա, Հաղպատ, Հագվի, Ծաղկաշատ, Արդվի, Շամլուղ համայնքները: Վարչության պետի տեղակացմամբ, գույքահարկի կատարողականով ևս, թեև տարածաշրջանը զիջում է ընդհանուր միջին ցուցանիշով, սակայն կատարողականը գերազանցում է 100 տոկոսը:

-Տարածաշրջանի որոշ համայնքների ցածր կատարողականները բացասաբար են անդրադառնում ոչ միան տարածաշրջանի, այլև մարզի միջին ցուցանիշների վրա, ինչն անթույլատրելի է: Բազմաթիվ պատճառաբանություններ կարելի է ներկայացնել վատ հավաքագրումներն արդարացնելու համար, սակայն ինչպես է պատահում, որ միևնույն սոցիալական կարգավիճակ ունեցող երկու համայնքներից մեկում հավաքագրումը 100 տոկոս է, մյուսում՝ շատ ցածր: Դրա միակ բացատրությունը համայնքի ղեկավարի վատ աշխատանքն է,-ասաց մարզպետը և ավելացրեց, որ ընտրական գործընթացները ոչ մի կերպ չպետք է անդրադառնան համայնքների ղեկավարների պարտականությունների պատշաճ կատարման վրա:

Անդրադարձ կատարվեց նաև բյուջետային գործընթացներին: Համայնքառհամայնք քննարկվեցին 2017թ. բյուջեները: Մարզպետը հորդորեց լուրջ ուշադրություն դարձնել բյուջեների ծախսային և եկամտային մասերին՝ տալով որոշակի ցուցումներ: Անդրադառնալով համայնքների զարգացման 5-ամյա ծրագրերին՝ Ա. Նալբանդյանը նշեց, որ դրանք պետք է հանդիսանան համայնքների առաջիկա 5 տարիների զարգացման գլխավոր փաստաթուղթը:

-Ձեր համայնքների զարգացման 5-ամյա ծրագրերը յուրաքանչյուր տարի պետք է դրվեն համայնքների բյուջեների հիմքում և լինեն ռեալ ու իրատեսական,- ասաց մարզպետը:

Օրակարգի հաջորդ հարցը վերաբերում էր գյուղատնտեսությանը: Մարզպետը նշեց, որ այս տարի ևս պետական աջակցությամբ մարզի գյուղատնտեսներին մատչելի գներով սերմացու և պարարտանյութ կտրամադրվի, մինչդեռ այս հնարավորությունից չեն կարողանա օգտվել այն համայնքները, որոնք նախորդ տարիներին անպարտաճանաչ են գտնվել և ամբողջությամբ չեն մարել պարտքերը:

Մարզպետը համայնքների ղեկավարներին ներկայացրեց Շահումյան գյուղի պահածոների գործարանի տնօրեն Նովել Աշրաֆյանին, ով իր հերթին փոխշահավետ առաջարկություն ներկայացրեց համայնքներին՝ պատրաստակամություն հայտնելով մեծ քանակությամբ միրգ ու բանջարեղեն գնել մարզի գյուղատնտեսներից:

-Ընկերությունն առաջիկայում նախատեսում է ընդլայնել արտադրության ծավալները և մեր պահանջարկը գնալով կավելանա,-ասաց տնտեսվարողը՝ խոստանալով փոխշահավետ պայմաններ:

Մարզպետը Գյուղատնտեսության և բնապահապանության վարչությանը հանձնարարեց  համակարգել գործընթացը՝ հստակեցնելով մարզի գյուղատնտեսների առաջարկի հնարավորությունները և տնտեսվարողի առավելագույն պահանջարկը:

-Ձեր ակտիվությունից է կախված, թե համայնքն ինչ տեմպերով կզարգանա: Առաջիկայում նմանատիպ շատ առաջարկություններ կլսեք ու պետք է կարողանաք ճիշտ որոշում կայացնել և արագ գործել,-դիմելով համայնքների ղեկավարներին՝ ասաց մարզպետը:

Քննարկվեցին նաև համապետական ընտրութունների անցկացման հետ կապված կազմակերպչական մի շարք հարցեր: Մարզպետը նշեց, որ ՀՀ Նախագահի հանձնարարությամբ ընտրական ողջ գործընթացը պետք է կազմակերպվի բարձր մակարդակով՝ ընտրատեղամասերի պատշաճ կահավորումից սկսած մինչև կարգ ու կանոնի պատշաճ ապահովում.

-Մենք վճռական ենք տրամադրված բաց, ազատ ու թափանցիկ ընտրություներ անցկացնելու հարցում,-ասաց Ա. Նալբանդյանը:

Քննակվեցին օրակարգային այլ հարցեր ևս:

·         Օրվա երկրորդ կեսին մարզպետը քաղաքացիների ընդունելություն անցկացրեց: Նախապես  հերթագրված 9 քաղաքացիներից ներկայացան 5-ը: Նրանցից 2-ը դիմեցին առողջապահական, 2-ը սոցիալական խնդիրներով և մեկը գործարար ծրագիր նեկայացնելու ցանկություն հայտնեց: Մարզպետն առաջարկեց դիմումներ ներկայացնել, որոնց ուսումնասիրությունից հետո կտրվեն համապատասխան լուծումներ:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-29 15:00:02