Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Մարզպետը հանդիպեց Վանաձորի թիվ 24 միջնակարգ դպրոցի մանկավարժական կոլեկտիվի հետ
03.02.2017
Վանաձորի թիվ 24 միջնակարգ դպրոցի մանկավարժական կոլեկտիվի հրավերով մարզպետ Արթուր Նալբնադյանն այցելեց դպրոց` մարզի զարգացմանը միտված 2017թ. անելիքները ներկայացնելու և նրանց հուզող հարցերին պատասխանելու նպատակով:
Խոսելով մարզի զարգացման հեռանկարների մասին՝ մարզի ղեկավարը նշեց, որ ապագան տեսնում է առավելապես ՏՏ ոլորտի և զբոսաշրջության զարգացման տիրույթում: Լոռին հանդիսանում է արդյունաբերական մարզ, սակայն առավելապես զարգացած են հանքարդյունաբերությունը, որոշ չափով նաև՝ թեթև արդյունաբերությունը, ինչը բավարար չէ մարզը համաչափ զարգացնելու համար:
-Հենց Լոռու մարզի գործընկեր և բարեկամ հանդիսացող Ֆրանիսայի ՊԱԿԱ ռեգիոնում խոշոր ձեռնարկություններ գրեթե չկան և տնտեսության շարժիչ ուժը հանդիսանում է փոքր և միջին բիզնեսը: Այսօր մարզում փոքր և միջին բիզնեսի զարգացման բազմաթիվ ծրագրեր են իրականացվում և՛ պետական, և՛ միջազգային ու հասարակական կառույցների աջակցությամբ: Ես վստահ եմ, որ այս ուղղությամբ առաջիկայում ևս ձեռքբերումներ կարձանագրվեն,-ասաց մարզպետը: Նա խոսեց նաև 2017թ.-ի Լոռին «Սմարթ մարզ» հայտարարարելու նախաձեռնության մասին՝ նշելով, որ այս ուղղությամբ արդեն աշխատանքներ են կատարվում:
-Մարզի թվով 13 դպրոցներում՝ տնտեսված միջոցների հաշվին, «Սմարթ» դասասենյակներ են կահավորվում, առաջիկայում նույնքան դասասենյակների կահավորման հարցը կքննարկվի: Վանաձորում ակտիվ գործունեություն է ծավալում տեխնոլոգիական կենտրոնը, գարնանը կսկսվի «Թումո» կենտրոնի կառուցումը, ամռանը Դեբեդի գեղատեսիլ կիրճում շահագործման կհանձնվի «Սմարթ» կենտրոնը: Մեկը մյուսի տրամաբանական շարունակությունը հանդիսանալով՝ քայլառքայլ կնպաստեն մեր նախաձեռնության իրականացմանը,-ասաց Ա. Նալբանդյանը:
Ուսուցիչները հարց-խնդրանք ուղղեցին մարզի ղեկավարին՝ իրենց ՏՏ ոլորտի վերապատրաստման դասընթացներ անցնելու հնարավորություն ընձեռելու համար: Ա. Նալբանդյանը պատրաստակամություն հայտնեց ցանկացողներին անվճար վերապատրաստումներ անցնելու հնարավորություն ընձեռել:
Ա. Նալբանդյանը պատասխանեց նաև ուսուցիչների՝ մարզկենտրոնում 20 մլն. դոլարի ներդրումների տնօրինման ուղղությունների վերաբերյալ հարցին: Նա նշեց, որ ներկայում մասնագետների կողմից ուսումնասիրություններ են կատարվում՝ հստակեցնելու, թե որ ոլորտներում առավելապես արդյունավետ կլինի գումարների ներդրումը:
-Եթե որոշում կայացվի գումարը ներդնել ճոպանուղու գործարկման նպատակով, ապա զուգահեռաբար պետք է պարզենք, թե ովքեր են պատրաստ ներդրումներ կատարելու՝ ասենք հյուրանոցներ, սննդի օբյեկտներ կառուցելու նպատակով: Այլապես, ճոպանուղու գործարկումը ինքանպատակ կլինի,-պարզաբանեց մարզպետը:
Մանկավարժներն իրենց դժգոհությունն արտահայտեցին համատիրությունների անարդյունավետ աշխատանքից: Մարզպետը նշեց, որ դրանց աշխատանքը արդյունավետ դարձնելու նպատակով Վանաձորի քաղաքապետի հետ մի քանի տարբերակներ են քննարկվել, առաջիկայում այդ ուղղությամբ քայլեր կիրականացվեն:
Մանկավարժները անկաշկանդ մթնոլորտում տարբեր ոլորտներին առնչվող այլ հարցեր ևս ուղղեցին հյուրին՝ ստանալով սպառիչ պատասխաններ: