Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Արմատականորեն փոխել գործելակերպը, քայլել ժամանակակից պահանջներին համահունչ

01.02.2017

 2016թ. գյուղատնտեսության և բնապահպանության ոլորտում կատարված աշխատանքների մասին հաշվետվությամբ հանդես եկան մարզպետարանի աշխատակազմի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ Գրիգոր Հակոբյանը և բնապահպանության բաժնի պետ Արտակ Դեմիրչյանը:
Առկա հողատեսքերի վերաբերյալ ասվեց, որ գյուղատնտեսական նշանակության շուրջ 251 հազար հեկտար հողերից վարելահող է ավելի քան 42 հազար հեկտարը: Վերջին 4 տարում մշակովի ցանքատարածությունների փաստացի օգտագործումը 56%-ից հասել է 78.8 %-ի: Բոլոր հիմնական մշակաբույսերի գծով 2016թ. գերազանցվել են նախորդ տարվա արդյունքները: Ընդհանուր առմամբ 2015թ նկատմամբ կատարվել է 1562 հեկտարից ավելի հացահատիկի, կարտոֆիլի, բանջարանաբոստանային և տեխնիկական մշակաբույսերի ցանք: 2016-ը բարեհաջող էր հատկապես հացահատիկի և հատիկաընդեղեն, բանջարանոցային և տեխնիկական մշակաբույսերի բերքատվության առումով: Ցավոք ցուցանիշները զիջեցին կարտոֆիլի, պտղի և հատապտղի արտադրության գծով: Սպասվածից պակաս էր խոտի կուտակման արդյունքը: Դրա պատճառը, թերևս, մարզի տասնյակ տնտեսություններին պատուհասած վաղ գարնանային ցրտահարումներն ու հետագա ամիսների ուժգին քամիներն ու կարկտահարությունն էր, որ հսկայական վնաս պատճառեց հողագործներին ու այգեգորներին: Համախառն արտադրանքի տեսակարար կշռում գյուղատնտեսական մթերքներինը վերջին հինգ տարիներին եղել է գրեթե հաստատուն՝ 7.1-ից 7.3 տոկոսի սահմաններում:
Տարվա ընթացքում գյուղատնտեսական աշխատանքների համար մատչելի գներով պարարտանյութերի, դիզելային վառելանյութի և սերմացուների ձեռքբերման նպատակով պետական աջակցության ծրագրի շրջանակներում ՀՀ կառավարության կողմից մարզի ֆերմերներին հատկացվել է 2316 տոննա ազոտական, 60.4 տոննա ֆոսֆորական և 42.35 տ. կալիումական պարարտանյութ: Բաշխվել է շուրջ 648 հազար լիտր դիզելային վառելանյութ, 70 տոննա գարու, 2 տոննայից ավելի եգիպտացորենի, 3 տոննա առվույտի և սերմացու, 18 տոննա կորնգանի սերմացու:
2016 թվականի աշնանացանի համար մարզի ֆերմերներից պայմանագրային հիմունքներով համայնքներին տրամադրվել է 70 տոննա աշնանացան ցորենի առաջին վերարտադրության սերմացու, կատարվել է շուրջ 233 հա աշնանացան:
Համայնքային բյուջեյի միջոցներով Ճոճկան, Մեծ Այրում և Մեդովկա համայնքներում տեղադրվել է ավելի քան 20 մլն դրամ արժողությամբ 7 հակակարկտային կայան: Ակտիվ պայքար է տարվել մկնանման կրծողների դեմ, ՀՀ գյուղատնտեսության նախարարության կողմից 58 համայնքների հատկացնելով մկնասպան քիմիկատ: Նախապատրաստվել և հոկտեմբերի 8-ին անց է կացվել «Բերքի տոն 2016» մարզային ավանդական տոնակատարությունը, իսկ հոկտեմբերի 21-23-ին մարզի պատվիրակությունը լավագույն ցուցադրությամբ մասնակցել է Երևանում կայացած «Արմպրոդէքսպո-2016» ցուցահանդեսին:
Անասնաբուծություն և իրականացվող գյուղատնտեսական ծրագրեր
Լոռու մարզը ավանադաբար հայտնի է նաև որպես անասնապահական տարածաշրջան: Այս ոլորտում ևս տարեց-տարի աճի տեմպերի զարգացման միտում կա: Նախորդ տարվա համեմատությամբ 766 գլխով ավելացել է խոշոր եղջերավոր անասունների, ավելի քան 4400 գլխով՝ խոզերի, շուրջ 118 հազարով թռչունների, 1209-ով՝ մեղվաընտանիքների քանակը: Բնականաբար, արձանագրվել է անասնապահական մթերքների շոշափելի աճ 3400 տոննա կաթի, 1200 տոննա մսի և 1.6 մլն ձվի հաշվարկով: Թերևս, միակ նահանջը մանր եղջերավոր անասունների բուծման ոլորտում էր (գլխաքանակի նվազում 300 գլխով):
2016 թվականը առանձնահատուկ էր գյուղարտադրության տեխնոլոգիաների նորամուծությունների, առաջավոր փորձի, տեխնիկական ներդրման առումով: «Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման և մրցունակության» ծրագրի ավելի քան 343 մլն դրամ ներդրումային ռեսուրսով գյուղատնտեսական սպառողական կոոպերատիվներ են կազմավորվել մարզի Միխայլովկա և Շահումյան համայնքներում: Կոոպերատիվների ձևավորումը ընթացքի մեջ է Ջրաշեն, Գոգարան և Ալավերդի համայնքներում: 17 միավոր գյուղատնտեսական տեխնիկա է տրամադրվել Մեծավան, Հարթագյուղ, Սարամեջ, Միխայելովկա և Մեծ Պարնի համայնքներին: Վերջինում հոկտեմբեր ամսից սկսվել է անասնաբուժական սպասարկման կենտրոնի կառուցումը, որը կգործարկվի այս տարի: Մշտադիտարկմամբ նշյալ ծրագրի իրականացման արդյունքում, նկատվել է 25% կաթի և 20% մսամթերքի արտադրության աճ: Մի այլ՝ «ՀՀ-ում 2007-2016 թվականների տավարաբուծության զարգացման ծրագրի» շրջանակներում 2016թ. Սպիտակ, Ստեփանավան և Դսեղ համայնքներ են ներկրվել 248 գլուխ տոհմային երինջներ, որոնք տարաժամկետ վճարման պայմանով հատկացվել են 3 տնտեսավարողների:
«Գյուղի Զարգացման Արդի Նախաձեռնությունը (ԱՐԴԻ) ծրագրի» շրջանակներում, ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության կողմից շուրջ 25 մլն դրամ ֆինանսավորմամբ Շնող և Մեծ Այրում համայնքներում ավարտվել է համապատասխանաբար 49 և 40 տոննա տարողությամբ մրգի սառնարանների շինարարությունը, որոնք կսպասարկեն 82 ֆերմերների:
Նույն ծրագրով Եղեգնուտ, Լորուտ և Մեծ Պարնի համայնքներում՝ վերանորոգվել են կաթի հավաքման կետերը: Դրանցից յուրաքանչյուրն ունի տարեկան 510 տոննա կաթ մթերելու և վաճառելու կարողություն, կսպասարկի 70-80 ֆերմերների և կդառնա3 մարդու երկարաժամկետ զբաղվածության աղբյուր(ծրագրի բյուջեն՝ շուրջ 63 մլն 774 հազար դրամ): Ծրագրով Մեծ Պարնի համայնքում համաֆինանսավորմամբ ընթացքի մեջ է կաթի վերամշակման արտադրամասի կառուցումը, Շամուտ, Լորուտ, Աթան, Կաթնաջուր, Լուսաղբյուր և Ծաղկաբեր համայնքներում պատրաստվել են կենդանիների 21 ջրախմոցներ(ծրագրի բյուջեն՝ շուրջ 57 մլն դրամ):
Այս ծրագրով նմանատիպ ներդրումներ են արվում նաև մարզի այլ համայնքներում: Մարզի գյուղատնտեսության զարգացման ուղղությամբ տեսանելի համագործակցություն է իրականացվում «Դիակոնիա» հայ-հոլանդական բարեգործական ծրագրի, ԱՄՆ ՄԶԳ կողմից ֆինանսավորվող և Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի շրջանակներում:
2017թ. գյուղտնտեսության ոլորտում նախատեսված աշխատանքների վերաբերյալ ասվեց, որ գյուղատնտեսական աշխատանքների կազմակերպման համար հողօգտագործողներին կհատկացվի 2680 տոննա ազոտական, ֆոսֆորական, և կալիումական պարարտանյութ, 1 մլն լիտր դիզելային վառելանյութ, 165 տոննա գարնանացան գարու, կորնգանի, առվույտի և եգիպտացորենի սերմացու: Նախատեսվում է կազմել համայնքների գյուղատնտեսական անձնագրեր, որոնք կպարունակեն տվյալ համայնքի գյուղատնտեսությանն առնչվող ցանկացած տեղեկատվություն:
Բնապահպանության ոլորտում 2016թ.ձեռքբերումների ու անելիքներիմասին զեկուցեց բնապահպանության բաժնի պետ Արտակ Դեմիրչյանը, որը թվային տվյալներ բերեց անտառվերականգնման աշխատանքների, անտառպահպանության, ապօրինի ծառահատումների և այլ օրինախախտումների վերաբերյալ:
Ասվեց, որ 2016թ. Ոստիկանության Լոռու մարզային վարչության կողմից հայտնաբերվել է ապօրինի անտառհատումների, փայտանյութի տեղափոխման և իրացման 63 դեպք, հարուցվել է 10 քրեական գործ, վարչական պատասխանատվության են ենթարկվել 30 անձինք:
Զեկուցողը գուհունակությամբ տեղեկացրեց, որ 2016թ. նույնպես անտառվերականգնման լուրջ միջոցառումներ են իրականացվել «Էյ-Թի-Փի» բարեգործական հիմնադրամի, «Թեղուտ» ՓԲԸ-ի բնապահպանական ծրագրի միջոցներով, կատարվել են ցանկապատման,անտառմշակույթների խնամքի և լրացման աշխատանքներ, պտղատու այգիների հիմնում, իրականացվել տարաբնույթ բնապահպանական ուսուցողական դասընթացներ, անվճար հիմունքներով համայնքներին է տրամադրվել պտղատու և դեկորատիվ տնկիներ:
Նույն ծրագրի շրջանակներում 2017թ. «Գուգարքի անտառտնտեսություն» մասնաճյուղի կողմից շուրջ 70 հա տարածքի վրա կկատարվեն անտառտնկման աշխատանքներ:
2016թ. գարնանը շաբաթօրյակների միջոցով կանաչապատման աշխատանքներ իրականացնելու համար մարզի 9 համայնքներին, 27 դպրոցների և տարբեր հիմնարկ-ձեռնարկությունների մարզպետարանի կողմից տրամադրվել է «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնկարաններից օգնության կարգով ստացված վայրի տանձի, խնձորի, ընկույզի և կաղնու շուրջ 4000 տնկի:
Լոռու մարզային փրկարարական վարչության հետ համատեղ մշակվում և պարբերաբար անց են կացվում «Անտառների հրդեհների հրդեհաշիջման կազմակերպում» թեմայով շտաբային ուսումնավարժություններ:
Ընդերքի օգտագործում և շրջակա միջավայր
Լոռու մարզը օգտակար հանածոների պաշարներով երկրորդն է ՀՀ-ում: Մարզի տարածքում հանքարդյունահանման աշխատանքներ են իրականացնում շուրջ 35 կազմակերպություններ, որոնց վարչության կողմից տրվել է մասնագիտական և խորհրդատվական օգնություն:
Մարզի հանքարդյունաբերական կենտրոններում (Ալավերդի, Թեղուտ, Արմանիս, Ախթալա) պարբերաբար անց են կացվում լեռնաարդյունաբերական գործունեության հետևանքով առաջացող ռիսկերի գնահատման և դրանց մեղմացմանն ուղղված հանդիպում-քննարկումներ: Հանդիպումներին հրավիրվել են թիրախային համայնքների ղեկավարներ, ակտիվ քաղաքացիներ, ՀԿ-ների, ԶԼՄ-ների, պետական կառույցների, ինպես նաև հիմնարկ-ձեռնակությունների և այլ շահառու կողմերի ներկայացուցիչներ:
ՀՀ պետական բյուջեի կողմից բնապահպանական և առողջապահական ծրագրեր իրականացնելու համար Լոռու մարզի վնասակար ազդեցության ենթարկվող թվով 9 համայնքներին տարբեր տարիների տրամադրվել են որոշակի գումարներ: 2017թվականին նախատեսվում է 111 մլն 667 հազար դրամի փոխհատուցում:
Վարչության առաջարկությամբ Լոռու մարզպետը դիմել է ՀՀ բնապահպանության նախարարություն մի քանի համայնքների ևս ընդգրկելու վնասակար ազդեցության ենթարկվող համայնքների ցանկում:
Ընթացքի մեջ է Հայ–Գերմանական Ֆինանսական Համագործակցության շրջանակներում «Կոշտ կենցաղային աղբի համակողմանի կառավարման հայեցակարգ, ք. Վանաձոր» ծրագիրը: Ծրագիրը ենթադրում է Լոռու մարզում կառուցել եվրոպական չափանիշներին համապատասխան աղբավայրեր, որոնք կսպասարկեն Լոռու մարզն ամբողջությամբ: Նոր աղբավայրերի շահագործմանը զուգընթաց կլուծվի նաև համայնքներում տարերայնորեն առաջացած ապօրինի աղբավայրերի լիկվիդացման հարցը:
Մարզպետարանի կողմից տարվող հետևողական աշխատանքի շնորհիվ, մարզի 5 գյուղական համայնքներ ևս ձեռք են բերել աղբարկղներ և սկսել են կատարել կանոնակարգված աղբահանության աշխատանքներ:
Բնապահպանության բաժինը «Բնապահպանական փորձաքննություն» ՊՈԱԿ-ի, այլ շահագրգիռ կառույցների հետ համատեղ կազմակերպել և ակտիվ մասնակցություն է ունեցել բնապահպանության ոլորտին առնչվող մի շարք սեմինարների, գիտաժողովների և կոնֆերանսների աշխատանքներին:
Վարչության գործունեության հաշվետվությունն անցավ նիստի մասնակիցների կողմից բուռն հարցադրումների, կոշտ գնահատականների, առաջարկությունների մթնոլորտում: Մարզպետ Արթուր Նալբանդյանի հստակ դիքորոշումն է. մարզի գյուղատնտեսությունը իսպառ դուրս բերել հողօգտագործման ու անասնապահության պապենական մեթոդներից, ցանկացած հնարավորություն գործադրել այն գիտատեխնիկական հիմքերի վրա դնելու համար:
-Մեզ անհրաժեշտ է ձևավորել ոլորտի զարգացման հեռանակարային, արդի պահանջներին համապատասխան ռազմավարություն: Ավելի շատ շփվեք գյուղի հետ, հասու եղեք մարդկանց հոգսերին, համոզեք, շահագրգռեք աշխատել նոր մտածողությամբ, նոր մեթոդներով: Պետք է արմատականորեն փոխել գործելակերպը սելեկցիոն աշխատանքներում, հողօգտագործման, անասնապահության մեջ,-ասաց մարզի ղեկավարը, մի քանի կոնկրետ հանձնարարականներ տալով վարչության աշխատակազմին:

 

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-28 17:54:09