Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Ներկայացվեց Կրթության,մշակույթի,սպորտի վարչության հաշվետվությունը

01.02.2017

Լոռու մարզպետի հանձնարարությամբ շարունակվում են մարզպետարանի կառուցվածքային ստորաբաժանումների հաշվետվությունները: Հունվարի 30-ին լսվեց մարզպետարանի կրթության մշակույթի և սպորտի վարչության հաշվետվությունը, որը ներկայացրեց վարչության պետ Մինաս Սայադյանը: Հաշվետվությունը լսում էին Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը, տեղակալներ Արսեն Դարբինյանը և Հովհաննես Թադևոսյանը, մարզպետարանի աշխատակազմի ղեկավար Նարեկ Սարգսյանը, տեղակալ Վալերի Խաչատրյանը, խորհրդականներ Լևոն Ասլանյանը և Աշոտ Մանուկյանը: Մ. Սայադյանի ներկայացմամբ, Լոռու մարզում 2016թ. գործել է. 6 բուհ, որից 2-ը ոչ պետական, 9 միջին մասնագիտական և 2 արհեստագործական պետական ուսումնական հաստատություն, 68 նախադպրոցական ուսումնական հաստատություն` 4379 երեխաներով, 2 ոչ պետական ՆՈՒՀ և 24 նախակրթարան (տեղակայված թվով 24 դպրոցներում՝ 26 խումբ, 420 երեխա), 166 հանրակրթական ուսումնական հաստատություն, այդ թվում 80-ը՝ միջնակարգ, 68-ը՝ հիմնա¬կան, 4-ը` հատուկ (այդ թվում 1-ը` մաթեմատիկայի և բնագիտական առարկաների խորացված ուսուցմամբ), 11 ավագ դպրոց և 3 վարժարան (2-ը` մասնագիտացված): Վանաձոր քաղաքում գործում է մեկ արհեստագործական ուսում-նա¬րան` 13 խմբով (196 աշակերտ):Մարզային ենթակայությամբ գործող 150 դպրոցներն ընդգրկում են` 80 միջնակարգ դպրոց, 1 վարժարան, 69 (1-ը՝ հատուկ) հիմնական դպրոց, 2016-2017թթ. ուսումնական տարում մարզի 166 հանրակրթական դպրոցներում աշխատում են 3539 ուսուցիչ, այդ թվում 3126-ը` մարզային ենթակայության դպրոցներում (2670 կին և 456 տղամարդ): Ուսուցիչ աշակերտ հարաբերակցությունը 2016-2017թթ.ուսումնական տարում կազմել է 1/8.3:
Նախադպրոցական կրթություն: 2016 թվականին մարզում գործող 68 նախադպրոցական ուսումնական հաստատություն շենքային հզորությունը կազմում է 5268 երեխա-տեղ, որի միայն 86-ն է շահագործվում:
2016թ. սեպտեմբերի 15-ի տվյալներով ուսումնադաստիարակչական աշխատանքները կազմակերպվել են 152 խմբով, որտեղ ընդգրկվել է 4379 երեխա: Ընդ որում, 5-6 տարեկանների թիվը 1807 է, որը կազմում է երեխաների ընդհանուր թվի 41%-ը: Գյուղական համայնքների ՆՈՒՀ-երում ընդգրկված երեխաների թիվը կազմել է մարզի ՆՈՒՀ-երում ընդգրկված երեխաների ընդհանուր թվի 26%-ը: Այս բացը լրացվում է գյուղական համայնքների դպրոցների կազմում գործող նախակրթարանների միջոցով: Եթե նախակրթարաններում ընդգրկված երեխաների թիվն ավելացնենք ՆՈՒՀ-երի 5-6 տարեկան երեխաների թվին, ապա 5-6 տարեկան երեխաների թիվը կկազմի մարզի ՆՈՒՀ-երում ընդգրկված երեխաների ընդհանուր թվի 50%-ը:
Միջնակարգ կրթություն: Մարզային ենթակայության 150 դպրոցում աշխատում է 3126 ուսուցիչ, որոնցից 2923-ը ունի բարձրագույն մանկավարժական, կամ բարձրագույն կրթություն (91.4%-ը), մնացած 203-ը` միջին մասնագիտական կամ թերի բարձրագույն: Ուսուցիչ-աշակերտ հարաբերակցությունը մարզում կազմում է 8.3`ինչպես նախորդ տարի:Դասարանների միջին խտությունը 16.4 է: Ուսուցչի միջին ծանրաբեռնվածությունը կազմում է 17.6 շաբաթական ժամ:2016 թ. սեպտեմբերի տվյալներով նախորդ տարվա համեմատ արձանագրվել է աշակերտների թվի աճ` 315-ով: Աշակերտների թիվն ըստ կրթական մակարդակների նախորդ տարվա համեմատ աճել է տարրական դպրոցում` 2.5%, միջին դպրոցում` 2.6%, ավագ դպրոցում` նվազել է 10,1%:
Հուլիս-օգոստոս ամիսների ընթացքում համակարգվել և վերահսկվել են մարզի դպրոցական տարիքի երեխաների հաշվառումը և նրանց ընդգրկումը հանրակրթական դպրոցներ: Արդյունքում` 2016թ. սեպտեմբերին 1-ին դասարան է ընդունվել 3223 երեխա: Այս ցուցանիշը 168-ով ավել է նախորդ տարվա ցուցանիշից: Ըստ դպրոցների տվյալների 2016թ. մարզի տարածքում հայտնաբերվել է տարբեր պատճառներով պարտադիր ուսուցումից դուրս մնացած 23 երեխա (հիմնականում մեկնել են արտերկիր): Պարտուսից դուրս մնացած երեխաների ծնողների կամ խնամակալների հետ կազմակերպվել են հանդիպումներ, կատարվել են բացատրական աշխատանքներ, որի արդյունքում 3 երեխա վերադարձել է դպրոց: 2016թ-ին Լոռու մարզային ենթակայության հանրակրթական ուսումնական հաստատությունների կառուցապատման և նորոգման նպատակով ներդրումը կազմել է 180.0 մլն. դրամ: Ամրացման աշխատանքներ է իրականացվել Վանաձորի թիվ 18 դպրոցում. ներդրումը կազմել է 180.0 մլն. դրամ:
Մարզային ենթակայության թվով 150 հանրակրթական ուսումնական հաստատություններից 63-ը ջեռուցումը իրականացնում է լոկալ համակարգով /բնական գազ, կաթսայատուն կամ փոքր հզորության կաթսա/, 47-ը գազի վառարանով, 22-ը վառելափայտով, 16-ը էլեկտականությամբ, 2-ը հեղուկ վառելիքով:
«Պաղաղբյուրի հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությունը միացման ձևով վերակազմակերպելու մասին և «ՀՀ Լոռու մարզի Ալավերդի համայնքին գույք նվիրաբերելու մասին» կայացվել են ՀՀ կառավարության որոշումներ:
ՀՀ կրթության պետական տեսչության 2016 թվականի աշխատանքային ծրագրի և ՀՀ կրթության պետական տեսչության պետի համապատասխան կարգադրության համաձայն 2016թ. մարտի 29-ից մինչև ապրիլի 15-ը Լոռու մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչությունում, մարզային ենթակայության թվով 150 ուսումնական հաստատություններում իրականացվել են ուսումնասիրություններ: Ուսումնասիրությամբ ընդգրկվող ժամանակահատված է ընդունվել 2012 թվականի օգոստոսի 20-ից մինչև 2016 թվականի մարտի 28-ը: Ուսումնասիրության արդյունքում հայտնաբերվել են կրթության բնագավառը կարգավորող ՀՀ օրենսդրության պահանջների կատարման խախտումներ: Տրվել են հանձնարարականներ խախտումներ գրանցած դպրոցների տնօրեններին՝ շտկել թերությունները և սահմանված ժամկետում կատարված աշխատանքների մասին տեղեկացնել ԿԳ նախարարության աշխատակազմի կրթության պետական տեսչությանը: Նման հանձնարարական տրվել է նաև մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության գործառույթներում տեղ գտած թերությունները վերացնելու ուղղությամբ: Լոռու մարզպետի հանձնարարությամբ հանրակրթական ուսումնական հաստատությունների կողմից ՀՀ կրթության մասին օրենսդրության և կրթության պետական կառավարման լիազորված մարմնի ընդունած նորմատիվ ակտերի կատարումը և սովորողների կրթական մակարդակը ուսումնասիրելու նպատակով 2016թ-ի հունվար-մայիս ամիսների ընթացքում մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության կրթության բաժնի աշխատակիցների կողմից կազմակերպվել են այցելություններ Վանաձորի, Սպիտակի և Ստեփանավանի տարածաշրջանների 19 դպրոցներ: Կատարվել են դասալսումներ, ինչպես նաև տրվել են թեմատիկ գրավոր աշխատանքներ հայոց լեզու, մաթեմատիկա, ռուսաց լեզու, անգլերեն, քիմիա առարկաներից, որոնց մասով կատարվել է վերլուծություն: Արդյունքում ի հայտ եկած թերությունները շտկելու համար տրվել են համապատասխան հանձնարարականներ, որոնց պարտադիր կատարումը վերահսկվում է կրթության բաժնի կողմից: Գործընթացը կրում է շարունակական բնույթ:
2016 թվականի ընթացքում ՀՀ Լոռու մարզային ենթակայության թվով 150 հանրակրթական դպրոցներից 83-ում առաջացել են դպրոցի տնօրենի պաշտոնի թափուր տեղեր: Լոռու մարզպետի և դպրոցի տնօրենի միջև կնքված աշխատանքային պայմանագրի լուծումից հետո թվով 52 դպրոցում ժամանակավոր պաշտոնակատարներ նշանակվել են գործող տնօրենները, մինչդեռ 12 դպրոցում ժամանակավոր պաշտոնակատարներ նշանակվել են դպրոցի փոխտնօրեններ կամ այլ անձիք:
2016 թ. ընթացքում դպրոցի տնօրենի պաշտոնի թափուր տեղի համար կազմակերպվել և անց է կացվել թվով 45 մրցույթ: Մրցույթների գործընթացը կշարունակվի նաև 2017թ.-ին: Կազմակերպվել և անցկացվել է ուսուցչի թափուր տեղի համար 950 մրցույթ: 2016թ. հունվարից սկսած նախապատրաստական աշխատանքներ են իրականացվել մարզի 604 ուսուցիչների պարզ ընթացակարգով ատեստավորելու ուղղությամբ: Պարզ ընթացակարգով ատեստավորվել են 514-ը, տարբեր պատճառներով վերապատրաստման դասընթացներին չեն մասնակցել և չեն ատեստավորվել 90 ուսուցիչներ:
Առարկայական օլիմպիադաների կազմակերպում: Փետրվարի 15-ից մարտի 9-ը կազմակերպվել և անց է կացվել օլիմպիադանների տարածքային և մարզային փուլերը, որոնց մասնակցել են համապատասխանաբար՝ 1451 և 601 աշակերտ: Մարզային փուլի արդյունքում 115 (նախորդ տարում` 132) աշակերտներ իրավունք է նվաճել մասնակցելու օլիմպիադայի հանրապետական փուլին: Վերջնական արդյունքում մարզը ունեցել է հանրապետական փուլի 34 (նախորդ տարում`29) մրցանակակիր, որոնցից.1-ին կարգի դիպլոմ՝ 4 ( նախորդ տարում` 1), 2-րդ կարգի դիպլոմ՝ 4 (նախորդ տարում` 5),3-րդ կարգի դիպլոմ՝ 12 (նախորդ տարում` 7),գովասանագիր՝ 14 (նախորդ տարում` 16): ՆԶՊ առարկայից օլիմպիադայի հանրապետական փուլի մասնակիցները թիմային հաշվարկով գրավել են 6-րդ տեղը: Աղջիկները մրցավազքում ճանաչվել են լավագույնը: ՀՀ նախագահի ամենամյա մրցանակաբաշխության <<Լավագույն աշակերտ 2016>> անվանակարգի հաղթողներ են ճանաչվել «Վանաձորի մաթեմատիկայի և բնագիտական առարկաների խորացված ուսուցմամբ հատուկ դպրոցի» աշակերտներ Լուսինե Ղազարոսյանը և Արման Եղիազարյանը: Նույն դպրոցի աշակերտներ Համլետ Խաչատրյանը և Սպարտակ Սաղյանը մասնակցել են քիմիայի միջազգային օլիմպիադաներին(Մոսկվա, Թբիլիսի) և արժանացել բրոնզե մեդալների: Կազմակերպվել և անց է կացվել «Ամենախելացին» հեռուստանախագծի երրորդ եթերաշրջանի ընտրական փուլի աշխատանքները Լոռու մարզի սովորողների շրջանում: 2016թ-ի ընթացքում Լոռու մարզում ՀՀ Կառավարության հաստատած ծրագրի շրջանակում Պաշտպանության, ԿԳ նախարարությունների և Լոռու մարզպետարանի հովանու ներքո անց են կացվել շարադրությունների հանրապետական մրցույթներ՝ միտված մատաղ սերնդի ռազմահայրենասիրական դաստիարակության զարգացմանը, անկախ և հզոր հայրենիքի կերտման գաղափարի խթանմանը մեր երիտասարդության շրջանում: Ուսումնական հաստատություններում բազմաթիվ միջոցառումներ են անցկացվել, նվիրված Հայոց Մեծ եղեռնի 101-ամյա տարելիցին, ՀՀ անկախացման 25-ամյակին և այլն:
Ուսուցիչների մրցույթների կազմակերպում: 2015-2016 ուսումնական տարվա Լոռու մարզի տարվա լավագույն ուսուցիչ է ճանաչվել «ՀՀ Լոռու մարզի Լեռնանցքի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի դասվար Անի Վարդանյանը: Լոռու մարզի «Տարվա լավագույն տնօրեն» անվանակարգում 2015-2016 ուսումնական տարվա լավագույն տնօրեն է ճանաչվել «ՀՀ Լոռու մարզի Վանաձորի թիվ 23 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ի տնօրեն Տաթևիկ Հովսեփյանը, իսկ «Լավագույն դաստիարակ» անվանակարգում հաղթող է ճանաչվել Վանաձորի թիվ 28 նախադպրոցական ուսումնական հաստատության դաստիարակ Արմինե Եգանյանը: Ըստ առարկաների Լոռու մարզի լավագույն ուսուցիչների ընտրությունը ևս կատարվել է պատշաճ կարգով: Պարգևատրված ուսուցիչներին տրվել են նաև խրախուսական նվերներ:
Հատուկ /ներառական/ կրթություն: Հատուկ կրթություն մարզում իրականացվում է Վանաձորի թիվ 1 հատուկ /օժանդակ/ դպրոցում` 67 երեխա/ և Սպիտակի հատուկ դպրոցում` 70 երեխա:
2016 թվականին ներառական կրթություն իրականացրել են մարզի 20 հանրակրթական դպրոցներ, որտեղ, ընդհանուր հաշվով, ընդգրկված է 573 աշակերտ: Այդ դպրոցներից 4-ը ավագ դպրոցներ են:
Խոցելի երեխաների սոցիալական ներառում. «Երեխայի խնամքի համակարգի բարեփոխման շրջանակներում այլընտրանքային խնամքի, ընտանիքի աջակցության և ներառական կրթության ծառայությունների ընդլայնում» ծրագրի շրջանակներում 2016թ-ի օգոստոս-դեկտեմբեր ամիսներին ԿԱԻ Վանաձորի մասնաճյուղի հետ համատեղ իրականացվել է մարզի բոլոր դպրոցների մանկավարժական կոլեկտիվների վերապատրաստումներ, որը կշարունակվի մինչև 2017թ-ի փետրվարի 3-ը:
Ըստ վարչության պետի, զգալի աշխատանքներ են կատարվել ռազմահայրենասիրական դաստիարակության ուղղությամբ: Այս գործում մեծ դեր ունի ՆԶՊ առարկայի դասավանդման որակը: 2016թ-ին դպրոցների ռազմագիտության դասասենյակները և լսարանները նորացվել են համապատասխան դիդակտիկ պարագաներով, ցուցադրական նյութերով, ստենդներով և տեսաֆիլմերով: ՆԶՊ առարկայից 2016թ. դպրոցական առարկայական օլիմպիադաների հանրապետական փուլին Լոռու մարզից մասնակցել է 7 աշակերտ: Թիմային հաշվարկով ռազմականացված խաղերից թիմը գրավել է 6-րդ: 2016թ. ապրիլ-մայիս ամիսներին հաջողությամբ կազմակերպվել են մեկօրյա ռազմադաշտային պարապմունքները: Դրանց մասնակցեցին 11-րդ դասարաններում սովորող 492 պատանիներ: 2016թ. կազմակերպվել է «Տարվա լավագույն զինղեկ և Լավագույն քաղպաշտպանության շտաբի պետ» մրցույթը, որի մարզային փուլում հաղթող է ճանաչվել «ՀՀ Լոռու մարզի Սպիտակի Ալ.Մյասնիկյանի անվան թ.1 հիմնական դպրոցի» զինղեկ Զալիկո Համբարյանը և «ՀՀ Լոռու մարզի Վանաձորի Ստ.Զորյանի անվան թ.22 հիմնական դպրոցի» զինղեկ Վաչե Վիրաբյանը: Սովորողների ռազմահայրենասիրական դաստիարակության գործում կարևոր նշանակություն ունի շրջանավարտների կողմից ռազմական ուսումնական հաստատություններ ընդունվելու աշխատանքների կազմակերպումը: Ուսումնական հաստատություններում, շնորհիվ տնօրենների և զինղեկների ռազմահայրենասիրական դաստիարակությունը կարևորելու և գործընթացը բարձր մակարդակով կազմակերպելու 2016թ. հանրապետության տարբեր ՌՈւՀ-եր է ընդունվել 17 դիմորդ:Սովորողների ռազմահայրենասիրական դաստիարակության կազմակերպման գործում կարևոր է դպրոցների հետ ռազմաշեֆական աշխատանքների կազմակերպումը: Ներկա դրությամբ մարզի բոլոր դպրոցները կապված են շեֆ - զորամասերի հետ և արդյունավետ աշխատանք են տանում սովորողների՝ ՀՀ ազգային բանակում ծառայության նախապատրաստելու ուղղությամբ:
Ոչ պետական միջոցներով կրթական օբյեկների և նախադպրոցական հաստատությունների մասով իրականացրած ներդրումներ: Պարենի Համաշխարհային Ծրագրի Հայաստանյան գրասենյակի կողմից մարզի 138 դպրոցներում իրականացվում է «Դպրոցական սնունդ» ծրագիրը, որի շրջանակներում տարրական դասարանների եւ նախակրթարանների 11283 երեխաների համար մեկանգամյա սնունդ է կազմակերպվում: Ծրագրում ընդգրկված են նաև դպրոցներում գործող նախակրթարանները: Նախադպրոցական կրթության զարգացման ուղղությամբ համագործակցություն է իրականացվել Կրթության ազգային ինստիտուտի, ԿԳՆ կրթական ծրագրերի կենտրոնի, միջազգային, բարեգործական կազմակերպությունների («Վորլդ Վիժն», ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի UNICEF, «Փրկեցեք երեխաներին», «Քայլ առ քայլ և այլն), հասարակական կազմակերպությունների և այլ շահագրգիռ կառույցների հետ: Նախապատրաստվել է մարզի սոցիալապես անապահով, ծնողազուրկ 7-13 տարեկան 415 աշակերտների ցուցակը, որոնք իրենց ամառային հանգիստը 3 հերթափոխով անց են կացրել Հանքավանի «Լուսաբաց» մանկական առողջարարական ճամբարում: Պատշաճ մակարդակով կազմակերպվել է երեխաների մեկնումը և վերադարձը: Մարզի 31 ուսման գերազանց առաջադիմություն ունեցող, սոցիալապես անապահով ընտանիքների աշակերտներին և սովորողներին նշանակվել է «Լոռու դպրոց» հիմնադրամի անվանական կրթաթոշակ 3000-10000 դրամի չափով: 17 շնորհալի երեխաների «Լոռու մշակույթ և սպորտ» հիմնադրամի կողմից նշանակվել է 10000-20000 դրամի չափով կրթաթոշակ:
Նոր ուսումնական տարվա կապակցությամբ օգոստոս-սեպտեմբեր ամիսների ընթացքում «Լոռու դպրոց» հիմնադրամի կողմից մարզի ավելի քան 1200 անապահով ընտանիքների դպրոցական երեխաների հատկացվել են 11 անուն գրենական պիտույքներ, գրքերի վարձավճարներ և զանազան կարգի այլ օգնություններ:
Մարզի հանրակրթություն իրականացնող բոլոր դպրոցները ունեն համակարգիչներ, համակարգչային դասարաններ` ապահովված համացանցով: Հետևողական աշխատանք է տարվում դպրոցներում «Սմարթ դասասենյակ» ստեղծելու և կահավորելու ուղղությամբ:
ՄՇԱԿՈՒՅԹ
ՀՀ Լոռու մարզում մշակութային քաղաքականության իրականացման և ապահովման նպատակով 2016թ. կազմակերպվել են պետական, ազգային և այլ տոների, հիշատակի օրերի հետ կապված զանգվածային միջոցառումներ:Կազմակերպվել և անց են կացվել. Ամանորյա և Սուրբ ծննդյան օրվան նվիրված հանդիսություններ:Հայոց բանակի կազմավորման 24-րդ տարելիցին նվիրված միջոցառումներ: Հայոց ցեղասպանության 101-րդ տարելիցին նվիրված մարզային միջոցառումների վերաբերյալ՝ գրական-երաժշտական ցերեկույթներ: Առաջին Հանրապետության տոնի և Ղարաքիլիսայի հերոսամարտին նվիրված համերգ-հանդիսություն, որը տեղի է ունեցել Վանաձորի «Կոտրած եկեղեցու» շրջակա տարածքում: Մայիսյան հաղթանակներին նվիրված «Այսուհետև միշտ պիտի պահենք, պահպանենք մեր հաղթանակները» խորագրով միջոցառումներ: Հայրենական Մեծ պատերազմում տարած հաղթանակի 71-րդ և Շուշիի ազատագրման 24-րդ տարեդարձին նվիրված միջոցառումներ: ՀՀ Անկախության 25-ամյա հոբելյանին և Սահմանադրության օրվան նվիրված հանդիսություններ և տոնական համերգներ: 1988թ.Երկրաշարժի անմեղ զոհերի հիշատակին նվիրված միջոցառումների շրջանակներում կազմակերպվել է գրական-երաժշտական ցերեկույթներ:«Պետական աջակցություն մշակութային միջոցառումներին» ծրագրի շրջանակներում կազմակերպվել են մի շարք միջոցառում-հանդիսություններ:
«Ազգային Գրադարանային Շաբաթ» Լոռու մարզային գրադարանում և մարզի շուրջ 45 գրադարաններում: «Թանգարանային գիշեր» խորագրով միջոցառումներ թանգարաններում: «Երեխաների պաշտպանության օրվան» նվիրված միջոցառումներ Վանաձորի Հայքի հրապարակում և այլ համայնքներում: Անհայտ կորած ազատամարտիկների օրվան նվիրված միջոցառում:«Երաժշտության տոն» խորագիրը կրող համերգ-հանդիսություններ: «Ծաղկի տոն» հանդիսության Թեժ լեռան հովտում և Վանաձոր քաղաքում: «Ֆրանկոֆոնիայի» օրերին նվիրված միջոցառումներ: «Բերքի տոն 2016» համաժողովրդական հանդիսության: «Խորովածի տոն 2016» մրցույթ-փառատոն՝ Ախթալա համայնքում:«Թումանյանական հեքիաթի օր» տիկնիկայն թատրոնների 11-րդ միջազգային փառատոն մարզի քաղաքային և գյուղական համայնքներում: «Թումանյանական օր» ավանդական հանդիսություն Դսեղ համայնքում: «Ասմունքի հանրապետական մանկապատանեկան 9-րդ մրցույթ-փառատոն»-ի Լոռու մարզային եզրափակիչ փուլ: Հաղթողները մասնակցել են Երևանում կայանալիք հանրապետական փուլին՝ արժանանալով մրցանակների և հուշանվերների: Սանահինի միջնադարյան համալսարանի հիմնադրման 1050-ամյակին նվիրված ուխտագնացություն դեպի Սանահին վանքային համալիր: ԼՂՀ «Մենք ենք մեր սարերը» երգի-պարի համույթի համերգները Լոռու մարզի Վանաձոր, Տաշիր, Ստեփանավան, Ալավերդի և այլ համայնքներում: «Հայ Վերածնունդ» արվեստների հանրապետական 2-րդ փառատոն Վանաձորում: «Իմ Հայաստան» համահայկական փառատոն Վանաձորի Շ.Ազնավուրի անվան մշակույթի պալատում և Էդ. Կզարթմյանի անվան երաժշտական դպրոցի համերգասրահում: Վանաձորի Շարա Տալյանի անվան երաժշտական դպրոցի հիմնադրման 50-ամյակին նվիրված հանդիսություն: «ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՎԵՐԱԾՆՈՒՆԴ» համահայկական փառատոն, որը կայացավ ՀՀ Տավուշի մարզի Դիլիջան քաղաքում:Հայ-Չինական փառատոն, որի մեկնարկը տրվել է Լոռու մարզի Օձուն համայնքում: «Հայկական ներկապնակ» բացօթյա նկարչության փառատոնային ծրագիրը կարևորում է նման մշակութային շփումների նշանակությունը: «Թատերական Լոռի» փառատոն, որին մասնակցել են ինչպես հայաստանյան, այնպես էլ Վրաստանի, Իրանի, Ճապոնիայի, Ռուսաստանի դաշնության թատերական կոլեկտիվները: Ավանդույթ են դարձել Լոռու մարզի հետ բարեկամության խոր արմատներ ձգած ԼՂՀ Մարտակերտի վարչական շրջանի դպրոցականների այցելությունները Լոռի, որտեղ բնության գրկում գտնվող «Ծիծեռնակ» և «Գուգարք» ճամբարներում նրանք հանգստանում են, կազդուրվում, բարեկամանում տեղի երեխաների հետ, էքսկուրսիաների շնորհիվ հաղորդակից դառնում մայր հայրենիքի պատմաճարտարապետական արժեքներին, այցելում թանգարաններ, պատմական վայրեր: «Երևանյան հեռանկարներ» փառատոնի շրջանակներում Վանաձորի Էդ. Կզարթմյանի անվան երաժշտական դպրոցի դահլիճում տեղի է ունեցել Էստոնական ազգային արական երգչախմբի համերգը, որը նվիրված է եղել Հայոց ցեղասպանության 101-րդ տարելիցին: Ճապոնական ֆիլմերի փառատոն Վանաձորի Շ.Ազնավուրի անվան մշակույթի պալատում: Միջմարզային կապերի ամրապմդման նպատակով կազմակերպված Գյումրիի Ա. Շիշյանի անվան երաժշտական դպրոցի շնորհալի սաների համերգ Ալավերդի քաղաքում: Վանաձորի «Հայորդաց» տան «Շողակն» և Գուգարաց թեմի «Սուրբ Տիրամայր» երգչախմբերի համերգները Տավուշի մարզի Դիլիջան քաղաքում: «Երգը բարեկամության կամուրջ» մրցույթ-փառատոնի Լոռու մարզային փուլի կազմակերպում և անցկացում Շ. Ազնավուրի անվան մշակույթի պալատում: Տեղի հաղթողները մասնակցել են հանրապետական փուլին և արժանացել մրցանակային և խրախուսական տեղերի:ՀՀ Ժող. նկարիչ Հրանտ Թադևոսյանի «Մի նկարի պատմություն» խորագիրը կրող ցուցահանդես Վանաձորի Ստ. Զորյանի տուն-թանգարանում: «Վերակառուցում» խորագրով համահայկական դրամահավաք, որը կայացել է Վանաձորի Շ.Ազնավուրի անվան մշակույթի պալատում: Հայ Առաքելական եկեղեցու ֆրանսիայի թեմի կողմից «Երուսաղեմի բժշկական Սուրբ Ղազարի Օրդենը Հայաստանում» ԲՀ հասցեով բարեգործական ծրագրով Վանաձորի Գուսան Զաքարյանի անվան մշակույթի տանը հատկացրել է մեկ դաշնամուր( SHERER) և մեկ դաշնամուրի աթոռ: Մշտապես աջակցություն է ցուցաբերվում մարզում գործող Վանաձորի Ուկրաինական համայնքի` «Վերբիչենկա» երգչախմբին, ովքեր մշտապես մասնակցում են կազմակերպվող մարզային միջոցառումների, ուկրաինայի անկախության օրվան նվիրված միջոցառումներին, հարկ եղած ժամանակ հյուրախաղային ծրագրերին և այլն:
ՍՊՈՐՏ ԵՎ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅՈՒՆ
Սպորտի և երիտասարդության ոլորտներում 2016թ-ի ընթացքում կատարվել են հետևյալ միջոցառումներն ու մրցաշարերը. 2016թ. փետրվարի 7-ին Թեժ լեռան հովտում կազմակերպվել և անց է կացվել <<Լոռվա ձմեռ-2016>> 46-րդ ավանդական մարզատոնահանդեսը: 2016թ.-ի մայիսին Վանաձորում անց է կացվել <<ՀՀ Լոռու մարզպետի գավաթ>> մրցաշարը` ֆուտզալ մարզաձևից: Կազմակերպվել են հանրակրթական դպրոցների սովորողների առաջին հանրապետական ուսումնամարզական խաղերը: Լոռեցիները փայլուն մասնակցություն են ունեցել հանրապետական եզրափակիչ փուլին՝ ճանաչվելով 1-ին ուսումնամարզական խաղերի չեմպիոն: Թիմին ընդունել և պատվոգրերով ու նվերներով պարգևատրել է ՀՀ Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը:
Կազմակերպվել են ՀՀ Նախագահի մրցանակի համար <<Լավագույն նախադպրոցական հիմնարկ>> մրցույթի տարածաշրջանային և մարզային փուլերը:
Հուլիս ամսին կայացել են ՀՀ անկախության 25-րդ տարելիցին նվիրված ամենամյա դպրոցականների մարզական խաղերի տարածաշրջանային, մարզային և հանրապետական եզրափակիչ փուլի մրցումները, որին մասնակցել են Լոռու մարզի հավաքական թիմերը: Մեր մարզը ներկայացնող թիմերը եզրափակիչ փուլում գրավել են 3 առաջին տեղ:
Մարզի հանրակրթական դպրոցների 1-6-րդ դասարանի աշակերտների շրջանում կազմակերպվել են ՀՀ <<Ազգային Ժողովի Գավաթ>>-ի խաղարկության մրցումների ներդպրոցական, տարածաշրջանային, մարզային փուլերը: 3-6-րդ դասարանի 1-ին տեղ գրաված թիմերը «Լոռու մշակույթ, սպորտ երիտասարդություն» հիմնադրամի կողմից ստացել են մարզահագուստ և մարզակոշիկ հանրապետական փուլին մասնակցելու համար (թվով 12 աշակերտ): Կազմակերպվել են ՀՀ Նախագահի մրցանակի համար <<Լավագույն մարզական ընտանիք>> մրցույթի 2016թ. տարածաշրջանային, մարզային փուլերը: Հանրապետական փուլում Լոռու մարզը ներկայացնող Նազարյանների ընտանիքը երրորդ տարին անընդմեջ գրավեց առաջին տեղ: 2016թ. Օգոստոսի 15-21-ը Ծաղկաձորում անց է կացվել <<Բազե-2016>> երիտասարդական հավաքը, որին մասնակցել է նաև Լոռու մարզը ներկայացնող ջոկատը: Լոռեցի երիտասարդները փայլուն մասնակցություն են ունեցել հավաքի ընթացքում կազմակերպված մրցումներին՝ չորրորդ տարին անընդմեջ ճանաչվելով հավաքի լավագույն ջոկատ:
Սեպտեմբեր ամսին կազմակերպվել է Հայաստանի Հանրապետության Նախագահի մրցանակի համար «Լավագույն հաշմանդամ մարզիկ» մրցույթի Լոռու մարզային փուլը, որի հաղթողները մասնակցել են Ծաղկաձորում անցկացված եզրափակիչ փուլին: Գրավելով 2-ական առաջին, երկրորդ և երրորդ տեղեր, Լոռու մարզի թիմը հասել է աննախադեպ հաջողության՝ ընդհանուր հաշվարկում գրավելով 1-ին տեղը: Սեպտեմբերին մարզի թվով 7 քաղաքներում և Գուգարք համայնքում կազմակերպվել են մարզական փառատոններ: Մարզական փառատոնը լավագույնս կազմակերպելու համար Վանաձոր համայնքը 4-րդ անգամ հանրպետությունում գրավել է 1-ին տեղ:Հոկտեմբերին կազմակերպվել են ավագ տարիքի դպրոցականների ամենամյա ռազմամարզական խաղերի դպրոցական, տարածքային և մարզային փուլերը: Մարզային փուլում հաղթող է ճանաչվել Լեռնապատի դպրոցի թիմը, որը նոյեմբերի 1-4 Երևանի Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում մասնակցել է հանրապետական եզրափակիչ փուլին: Հոկտեմբեր ամսին ամփոփվել են Հայաստանի Հանրապետության Նախագահի մրցանակի համար «Լավագույն գյուղական մարզական համայնք» հանրապետական մրցույթների համար ներկայացված հայտերը: «Լավագույն գյուղական մարզական համայնք» անվանակարգում երրորդ տեղ է գրավել Լոռու մարզը ներկայացրած Լեռնապատ համայնքը:
Ներկայացնելով 2016թ. վարչության ձեռքբերումները, Մ. Սայադյանն անդրադարձավ նաև հիմնախնդիրներին: Ինչպես օրինակ, մի շարք դպրոցներում դասապրոցեսի նկատմամբ դրսևորվող ոչ պատշաճ և սրտացավ վերաբերմունք, դպրոցների խորհուրդների թույլ աշխատանքը:Գյուղական դպրոցների մասնագետ ուսուցիչներով թեր ապահովվածությունը: Ուսումնական հաստատությունների` սեփական նախաձեռնությամբ թույլ համագործակցությունը միջազգային կազմակերպությունների և կառույցների հետ: Մարզադպրոցներում մարզագույքի պակասը: Մշակութային կառույցների շենքային պայմանների բարելավումը և այլն: Նա նշեց, որ նշված ուղղություններով վարչությունը նախատեսում է ուղղորդված աշխատանքներ իրականացնել:
Ներկայացված հաշվետվությունը գնահատելով բավարար՝ մարզպետը մի շարք հանձնարարականներ տվեց. շահագրգիռ կառույցների հետ համագործակցությամբ առավել լուրջ աշխատանքներ իրականացնել ռազմահայրենասիրական դաստիարակության ուղղությամբ, որպեսզի տարեցտարի ռազմական բարձրագույն ուսումնական հաստատություններ դիմող շրջանավարտների թիվի էական աճ գրանցվի, լրջորեն զբաղվել դպրոցներում «Սմարթ դասասենյակների» ստեղծմամբ, հետևել դպրոցական խորհուրդների և մրցութային հանձնաժողովների գործունեությանը, առավել սերտորեն համագործակցել «Դասավանդի՛ր, Հայաստան» ծրագրի հետ՝ գյուղական դպրոցներում մասնագետ-ուսուցիչների պակասը լրացնելով նաև այս կերպ:
-Այսուհանդերձ, վարչության գլխավոր և ամենաառաջնային խնդիրը կրթության որակի էական բարելավումը պետք է լինի,-եզրափակելով նշեց Ա. Նալբանդյանը: Նա նաև տեղեկացրեց, որ իր հանձնարարությամբ՝ փետրվար ամսից սկսած, մարզի հանրակրթական դպրոցների աշակերտները հնարավորություն կունենան այցելելու Լոռու մարզպետարան և ծանոթանալու մարզպետարանի կառուցվածքային ստորաբաժանումների գործունեությանը:
Ներկաները հարցեր ուղղելու հնարավորություն ունեցան:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-23 15:20:53