Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանի շնորհավորական ուղերձը Հայոց բանակի օրվա և 25-ամյա հոբելյանի կապակցությամբ

27.01.2017

Սիրելի՛հայրենակիցներ,
Սրտանց շնորհավորում եմ բոլորիս Հայոց փառապանծ բանակի օրվա և նրա 25-ամյա պանծալի հոբելյանի կապակցությամբ:
Հայոց բանակն ու հայ ժողովուրդը անբաժանելի, նվիրական ու վսեմ միասնություն են: Պատմական ճակատագրի բերումով հայոց երեք պետականություններն էլ
ստեղծվել են թշնամու դեմ տարած հաղթանակներով:
Հայ ժողովրդի ազատատենչ ոգու տեսլականներում զենքն ու զորությունը օտարին տիրելու, թալանելու, սպանդի միջոցներ չեն եղել, այլ սուրբ Հայրենիքի սահմանները պաշտպանելու անհրաժեշտություն: Սրանք են մեր բանակի բնութագրերը` անհիշելի ժամանակներից մինչև այսօր:
Հայոց բանակը մարմնավորում է մեր ժողովրդի հայրենասեր ոգին, ազգային մեր իրավունքները պաշտպանելու կամքը, ապագայի վստահությունը և պատվարն ու ապավենն է մեր հայրենիքի խաղաղ կյանքի ու առաջընթացի:
Մենք այսօր ազգովի տոնում ենք Հայաստանի Հանրապետության զինված ուժերի` Հայոց բանակի 25-ամյա հոբելյանն այն խոր գիտակցությամբ, որ բանակը նույն մեր ժողովուրդն է, նրա սիրասուն զավակը, ով պատրաստ է ամեն վայրկյան դիմագրավել թշնամուն և պաշտպանել հարազատ օջախը: Հոբելյանը տոնում ենք այն մեծ հպարտությամբ, որը մեզ տվել է մեր բանակի հաղթանակը` ոսոխի դեմ, այն մեծ արժանապատվությամբ, որ հայրենի եզերքի ամենօրյա հուսալի պաշտպանությունը ապահովում են մեր զավակները:
Սա այն տոնն է, որն օրհնաբանվում է հայրերի ու մայրերի կողմից աղոթքով` առ Աստված:
Հայոց բանակը ծնվեց Վահագն աստծո պես` հրե բոցերում, թրծվեց մեր գոյապահպանման պատերազմի քուրայում` որպես մեր ժողովրդի ապրելու և ազատագրվելու կամք, որպես նրա հույսերի, իղձերի և անմահության առհավատչյա: Այդ ահեղ օրերին հանուն հայրենիքի նահատակվեցին մեր լավագույն զավակները: Ընկան հերոսներ, ովքեր իրենց կյանքի գնով մեզ վերադարձրին ապրելու մեր իրավունքն ու մեր արժանապատվությունը: Մենք խոնարհվում ենք նրանց հիշատակի առջև, որոնց խիզախումով այսօր մեր բանակն արժանիորեն կոչում ենք Հաղթական բանակ: Ուժ, որ պարտադրեց հակառակորդին զինադադար և հարաբերական խաղաղություն: Ուժ, որ պահպանում է այդ խաղաղությունն ու կայունությունը մեր տարածաշրջանում, որ եղավ ու լինելու է Արցախի հուսալի թիկունքը:
Փա՛ռք հայրենիքի համար զոհված անմահներին:
Այսօր, հակառակորդի զինված ոտնձգություններից հայրենիքի սահմանները հուսալի պաշտպանելու պայմաններում, շարունակվում է մեր բանակի հզորացումը: Դա մեր ժողովրդի, մեր պետականության գերխնդիրն է, որը լուծվում է ամենօրյա առաջնահերթությամբ:
Սիրելի՛ հայրենակիցներ,
մեր բանակի շարքերում խրոխտ ու անափ նվիրումով ծառայում են նաև Լոռու բնաշխարհի զավակները: Քառորդ դար առաջ նրանց հայրերը կուռ ջոկատներ կազմած մասնակիցը եղան մեր գոյապահպանման պայքարին, հաղթեցին` ապահովելով այսօրվա զինվորների ծնունդը , երկրի խաղաղությունը, անառիկությունը: Նրանց զավակներն այսօր պատվով են կրում զինվորի վեհ կոչումը: Դիմելով նրանց և Հայոց բանակի բոլոր ծառայողներին՝ զինված ուժերի հրամանատարասպայական կազմի ներկայացուցիչներին, ինժեներատեխնիկական անձնակազմին, բանակում մեծ առաքելություն կատարող բուժծառայողներին ու կրոնավորներին, ընդգծելով բոլորի անգնահատելի դերը մեր երկրի սահմանների պաշտպանության, մեր անկախ պետականության հաստատունության, մեզնից յուրաքանչյուրին խաղաղ երկինք պարգևելու գործում՝ Լոռու ազգաբնակչության և իմ անունից մաղթում եմ անփորձանք ծառայություն, երջանկություն ու բարօրություն բոլորի օջախներում:
Շնորհավոր 25-ամյա պանծալի հոբելյանդ, Հայոց բանակ:
Փա՛ռք Հայաստանի Զինված ուժերին,
Կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը,

 

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-30 10:58:06