Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Աշխատանքային խորհրդակցություն

23.01.2017

  Այսօր Լոռու մարզպետի մոտ տեղի ունեցած աշխատանքային խորհրդակցության օրակարգային առաջին հարցը վերաբերում էր հունվարի 18–ին ՀՀ վարչապետի Լոռու մարզ կատարած պաշտոնական այցի արդյունքներին:
-Կառավարության ղեկավարը ևս երկու մարզում լինելուց հետո կամփոփի մարզային այցելությունների արդյունքները, կարվեն համապատասխան եզրահանգումներ, որոնց հիման վրա էլ կուրվագծվեն 2017-2025թթ. հանրապետության սոցիալ-տնտեսական զարգացման հեռանկարները,- ասաց Ա. Նալբանդյանն ու ավելացրեց, որ վարչապետը բավականին տպավորված էր Լոռին «Սմարթ մարզ» հռչակելու նախաձեռնությամբ և պատրաստակամություն է հայտնել ամենայն աջակցություն ցուցաբերել տարածաշրջանը տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոն դարձնելու հարցում:
Ապա մարզպետը հետաքրքրվեց ՀՀ Ազգային բանակի 25-ամյակին նվիրված միջոցառումների ընթացքով, տվեց հանձնարարականներ մարզի համայնքներում, հատկապես ուսումնական հաստատություններում, նվիրական տոնը պատշաճ մակարդակով կազմակերպելու համար: Որոշվեց Բանակի օրվա կապակցությամբ մարզպետի, տեղակալների, այլ պաշտոնյաների կողմից հարգանքի այցելություններ կատարել սահմաններում մարտական գործողությունների հետևանքով նահատակված կամ հաշմանդամ դարձած զինծառայողների ընտանիքներ:
Նախորդ շաբաթվա հանձնարարականների կատարմանն ու ՀՀ համապետական ընտրությունների կազմակերպչական աշխատանքների ընթացքին անդրադարձավ մարզպետարանի աշխատակազմի ղեկավար Նարեկ Սարգսյանը, նշելով, որ բոլոր առաջադրանքները կատարվում են սահմանված ժամկետներում: Նա հանգամանորեն խոսեց նաև Ազգային ժողովի առաջիկա ընտրությունների նախապատրաստական աշխատանքների ընթացքից, տվեց պարզաբանումներ: Ի դեպ, հունվարի 23-ը Ն.Սարգսյանի ծննդյան օրն է, որի առիթով Արթուր Նալբանդյանն իր և աշխատակազմի անունից ջերմորեն շնորհավորեց և աշխատանքային հաջողություններ մաղթեց նրան:
Հունվարի 20-ին ՀՀ ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանի, Լոռու մարզպետի տեղակալ Հովհաննես Թադևոսյանի, Յանդեքս. Տաքսի ընկերության գլխավոր տնօրեն Տիգրան Խուդավերդյանի, Յանդեքսի ակադեմիական ծրագրերի կառավարման ղեկավար Սերգեյ Չերնիշովի, Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի տնօրեն Բագրատ Ենգիբարյանի մասնակցությամբ Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնում Յանդեքս ընկերության Ծրագրավորման դպրոցի պաշտոնական բացման վերաբերյալ մանրամասներ հաղորդեց մարզպետի խորհրդական Լևոն Ասլանյանը:

Ծրագավորման դպրոցը Յանդեքս ընկերության և Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի համատեղ նախագիծն է 9-11-րդ դասարանների աշակերտների համար, ովքեր ցանկանում են ձեռք բերել ծրագրավորման հմտություններ: Ծրագրի նպատակն է աշակերտներին ծանոթացնել ծրագրավորմանը, տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում աշխատանքի հեռանկարներ ստեղծել նրանց համար և նպաստել ՏՏ ոլորտի զարգացմանը Լոռու մարզում: Լ. Ասլանյանը զեկուցեց, որ աշակերտների ընտրությունը կատարվել է թափանցիկության պայմաններում, առցանց թեսթավորման, օբյեկտիվ մրցակցության արդյունքում 147 մասնակիցներից Ծրագրավորման դպրոց է ընդունվել 28 աշակերտ: Դպրոցի կայացումը լուրջ նախադրյալներ կստեղծի Լոռու մարզը ժամանակակից տեղեկատվական տեխնոլոգիաների դարբնոց դարձնելու համար:
Ապա մարզի համայնքներում սեփական եկամուտների հավաքագրման հունվար ամսվա ընթացքի մասին զեկուցեց ֆինանսական և սոցիալ-տնտեսական վարչության պետ Հրայր Պապոյանը: Հունվարի 20-ի դրությամբ սեփական եկամուտների հավաքագրումը կատարվել է 67.4 տոկոսով: Ցավոք, 6 համայնքում ընդհանրապես գումարներ չեն մուտքագրվել, որի վերաբերյալ մարզպետը ևս մեկ անգամ ոլորտային պատասխանատուներից պահանջեց հետևողական լինել շտկելու բացթողումները: Նա, ինչպես վարչության պետին, այնպես է մարզպետի տեղակալներին ու համապատասխան ստորաբաժանումների մասնագետներին հանձնարարեց ամենօրյա հետևողականությամբ հետևել 2017թ. համայնքների բյուջեների ձևավորմանը, հնարավորինս բացառել չհիմնավորված ծախսերը:
Աշխատանքային խորհրդակցության օրակարգային վերջին հարցի՝ բախշված սերմացուների ու պարարտանյութի դիմաց պարտքերի մարման վերաբերյալ տեղեկատվություն ներկայացրեց գյուղատնտեսության բաժնի պետ Արտյոմ Շահվերդյանը: Նա նշեց, որ եթե պարարտանյութերի գումարների վճարման գծով բոլոր պարտավորությունները կատարվել են, ապա մի քանի տնտեսվարողներ ավելի քան 17 մլն դրամի թերակատարում ունեն սերմացուների հարցում: Այս կապակցությամբ մարզպետը խիստ հանձնարարական տվեց գարնանացանի մատչելի գնով սերմացուների մատակարարում չկատարել ոչ մի թերացող համայնքի ու տնտեսվարողի:
Խորհրդակցությանը քննարկվեցին նաև աշխատանքային այլ հարցեր ևս, տրվեցին հանձնարարականներ:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-04 15:55:59