Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Ամփոփվեցին ՀՀ ԱԻՆ մարզային փրկարարական վարչության 2016 թ. կատարած աշխատանքները

20.01.2017

Հերթական ամփոփումը Լոռու մարզում էր: Մարզի տարածքային ստորաբաժանումների աշխատանքների զեկույցներին ներկա էին Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը, ՀՀ ԱԻ փոխնախարար Դավիթ Կարապետյանը, Փրկարար ծառայության տնօրենի տեղակալ, փ/ծ գեներալ-մայոր Վրեժ Գաբրիելյանը, համայնքապետեր և պաշտոնատար այլ անձինք:
Ողջունելով ներկաներին՝ Դավիթ Կարապետյանը մասնավորապես նշեց, որ Լոռու մարզն առաջինն էր, որտեղ բացվեց մեծ կարևորություն ունեցող Ճգնաժամային կառավարման կենտրոնը՝ հագեցած նորագույն սարքավորումներով և համալրված հմուտ աշխատակիցներով: ԱԻՆ ստորաբաժանումների կողմից բնակչությանը մատուցված ծառայություններն այսօր զգալի բարելավվել են: Առաջիկայում ևս կգրանցվեն նվաճումներ, որոնք, անկասկած, մեծ ջանքեր են ենթադրում:
Մարզային փրկարարական վարչության պետ, փ/ծ գնդապետ Կարեն Հովհաննիսյանը ներկայացրեց 2016 թ.-ի կատարված աշխատանքները, նախանշեց 2017 թ.-ի անելիքները: Ներկայացնելով հաշվետու ժամանակահատվածում գրանցված արտակարգ դեպքերի և պատահարների վիճակագրությունը՝ Կ. Հովհաննիսյանը նշեց, որ գրանցվել է 842 դեպք, որոնց հետևանքով զոհվել է 41 և մարմնական վնասվածք ստացել 498 մարդ: Նյութական վնասի չափը կազմել է 315.256.576 դրամ: 2015 թ.-ի համեմատությամբ՝ մարզում գրանցված դեպքերի և պատահարների թիվն աճել է 17,3 %-ով, զոհերի թիվը նվազել 16,3 %-ով, վիրավորների թիվն աճել 22,5 % -ով, իսկ պատճառված նյութական վնասի չափը նվազել է 2.185.186 դրամով:
Վարչության պետը նշեց, որ արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության համակարգի օպերատիվ նախապատրաստման ուղղությամբ պլանավորվել և իրականացվել են հրամանատարաշտաբային, ցուցադրական, հատուկ տակտիկական ուսումնավարժություններ և օբյեկտային վարժանքներ, որոնց արդյունքում հստակեցվել են համայնքներում առկա խնդիրներն ու բացթողումները:
Ակտիվ աշխատանքներ են տարվել քաղաքացիական պաշտպանության ուղղությամբ. մարզում հաշվառված են թվով 10 ՔՊ ծառայություններ ու 938 ՔՊ կազմավորումներ: Առաջնային ուշադրություն են պահանջում նաև բնակչության պաշտպանության նպատակով ստեղծված բոլոր պաշտպանական կառույցները: Մարզում առկա 33 ապաստարան և 28 հակաճառագայթային թաքստոց բարելավման կարիք ունի:
Հաշվետու ժամանակահատվածում մշակվել են բնակչության տարհանման և ՔՊ պլաններ՝ հաշվի առնելով մարզի խնդիրներն ու առավելությունները:
Աշխատանքներ են տարվել կապի և ազդարարման ուղղությամբ: Ճշգրտվել են մարզի համակարգի բոլոր մակարդակի մարմինների ղեկավար կազմի ազդարարման և տեղեկատվության փոխանցման սխեմաները, ինչպես նաև՝ մարզում առկա բոլոր ազդարարման սարքավորումների ցանկը: Փրկարարական ուժերի պատրաստության և մասնագիտական հմտությունների բարելավման նպատակով յուրաքանչյուր հրշեջ-փրկարարական ջոկատ տարվա ընթացքում չորս անգամ անց է կացրել հատուկ տակտիկական ուսումնավարժություն: Մի շարք աշխատակիցներ վերապատրաստում են անցել ՀՀ ԱԻՆ ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայում: Լոռու որոնողափրկարարական թիմը մասնակցել է նաև ՄԱԿ Միջազգային որոնողափրկարարական խորհրդատվական խմբի (INSARAG) չափորոշիչներին համապատասխան 36- ժամյա վարժանքին և ստացել ՔՈՓ միջին (ներքին) թիմի որակավորում:
2017 թ.-ին նախատեսվում է Լոռի մարզում կատարելագործել արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության և քաղաքացիական պաշտպանության գիտելիքներն ու հմտությունները, ակտիվ շարունակել հասարակական, կամավորական փրկարարական շարժման ձևավորման և զարգացման աշխատանքները, կազմակերպել INSARAG-ի Լոռու քաղաքային որոնողափրկարարական թիմի դաշտային որակավորման վարժանք:
Ամփոփելով զեկույցը՝ գնդապետ Կ. Հովհաննիսյանը նշեց, որ Լոռու մարզի արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության և քաղաքացիական պաշտպանության համակարգերն ու Լոռու մարզային փրկարարական վարչությունը 2016 թ.-ին հիմնականում կատարել են իրենց առջև դրված խնդիրները և առաջարկեց կատարված աշխատանքները գնահատել բավարար:
Մարզային հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչության կատարած աշխատանքներն ամփոփեց տեսչության տեսչական բաժնի պետ Սեդրակ Չոբանյանը: Նշված ժամանակահատվածում մարզում գրանցվել է 240 հրդեհ, որոնցից 6՝ խոշոր, 4 առավել խոշոր հրդեհներ են եղել: 2015 թ.-ի համեմատ զոհերի թիվը նվազել է 3-ով: Տեսչությունը խիստ ստուգումներ է անցկացրել բենզա և գազալցակայաններում՝ խախտում արձանագրելու դեպքում կազմել արձանագրություն և համապատասխան տույժ կիրառել:
«Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի Լոռու մարզային տեխնիկական անվտանգության բաժանմունքի պետ Կ. Բոյաջյանը ներկայացրեց կատարված աշխատանքները: Տեխնիկական անվտանգության փորձաքննության բաժնի կողմից իրականացվել է 817 փորձաքննություն: Կ. Բոյաջյանը նշեց, որ կատարված աշխատքների արդյունքում պարզվել են նաև մարզում առկա խնդիրները, որոնցից հիմնականն ու առաջնայինն արտադրական վտանգավոր օբյեկտներն են՝ լեռնահանքային, նավթամթերքների, հեղուկ գազի, բնական գազի, հաստատուն և շարժական լցավորման կայանների, ամբարձիչ սրքավորումների ոլորտները: Այդ ուղղությամբ իրականացվել են նաև քարոզչական աշխատանքներ, որոնց արդյունքում 40 ԱՎՕ անցել են անհրաժեշտ փորձաքննություն:
«Սեյսմիկ պաշտպանության հյուսիսային ծառայություն» ՊՈԱԿ-ի համառոտ հաշվետվությունը ներկայացրեց տնօրեն Կ. Մխիթարյանը: Ըստ զեկույցի՝ մարզի՝ 16 կայաններից կազմված դիտարկումների ցանցը աշխատել է 92 % արդյունավետությամբ: Լայնածավալ աշխատանքներ են տարվել բնակչության սեյսմիկ պատրաստվածությունը բարձրացնելու նպատակով:
«Հիդրոօդերևութաբանության և մթնոլորտային երևույթների վրա ակտիվ ներգործության ծառայություն» ՊՈԱԿ-ի Լոռու մարզում տեղակայված ստորոբաժանումների աշխատանքը ներկայացրեց մարզային համակարգող, Դեբեդի գետավազանի հիդրոլոգիական կայանի պետ Վ. Եգանյանը: Մարզում առկա 13 դիտակայանից 11-ը վերազինվել են նորագույն սարքավորումներով: Մարզային ծառայությունն ամեն օր տեղեկատվություն է ստացել մարզում սպասվող եղանակային պայմանների մասին՝ վտանգավոր երևույթների մասին անմիջապես տեղեկացրել բնակչությանը: Հակակարկտային կայանների մասին զեկույցում նշվեց, որ պաշտպանվող բոլոր տարածքներում կարկտահարություն չի գրանցվել, առաջիկայում նախատեսվում է բարելավվել տարածքների պաշտպանությունը:
Լսելով ստորաբաժանումների զեկույցները՝ փոխնախարար Դ. Կարապետյանը և ՓԾ տնօրենի տեղակալ, փ/ծ գեներալ-մայոր Վ. Գաբրիելյանը հարցեր ուղղեցին ներկայացուցիչներին՝ առանձնացնելով որոշ դիտարկումներ:
Փոխնախարար Դ. Կարապետյանը առանձնահատուկ շնորհակալություն հայտնեց «Հիդրոօդերևութաբանության և մթնոլորտային երևույթների վրա ակտիվ ներգործության ծառայություն» ՊՈԱԿ-ին՝ նշելով Դսեղ համայնքի աշխատակիցների նվիրումն ու պատրաստվածությունը: Ռադիոլոկացիոն կայանը, որը որոշում է ամպի որակը, հնարավոր է եղել պահպանել և այն հիմա գործում է անխափան:
ԱԻ նախարարությանը շնորհակալություն հայտնեց և հաշվետու նիստն ամփոփեց նաև Լոռու մարզպետ Ա. Նալբանդյանը.
- Մեր մարզում ամուր հիմքեր ունի փրկարարական ծառայությունը, և համոզված եմ, որ աշխատանքային առողջ մթնոլորտ է տիրում այս հսկայական թիմում: Հպարտ ենք մեր մարզում գործող փրկարարական վարչությունով, վստահ՝ նույնկերպ կլինի և հաջորդ տարիներին:
Ծառայողական պարտականությունները բարեխղճորեն կատարելու համար ՀՀ ԱԻՆ մի խումբ աշխատակիցներ շնորհակալագրեր և հուշանվերներ ստացան մարզպետի և Վանաձորի, Ալավերդու, Սպիտակի, Տաշիրի քաղաքապետերի կողմից:
Լոռու մարզ այցի ավարտին ՀՀ ԱԻ փոխնախարար Դ. Կարապետյանն ու ՓԾ տնօրենի տեղակալ, փ/ծ գեներալ-մայոր Վ. Գաբրիելյանը շրջեցին Վանաձոր 1 և 2 հրշեջ-փրկարարական ջոկատներում, ինչպես նաև՝ մարզային Ճգնաժամային կառավարման կենտրոնում, հետևեցին ընթացիկ աշխատանքներին:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-03 16:25:27