Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Ներկայացվեց Աուդիտի բաժնի գործունեությունը
19.01.2017
Լոռու մարզպետարանի աշխատակազմի Ներքին աուդիտի բաժնի կողմից 2016թ. ընթացքում կատարված աշխատանքների հաշվետվությամբ այսօր հանդես եկավ բաժնի պետ Լևոն Բերոյանը: Ներկա էին Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը, մարզպետի տեղակալներ Արսեն Դարբինյանը և Տիգրան Բադոյանը, Լոռու մարզպետարանի աշխատակազմի ղեկավար Նարեկ Սարգսյանը, խորհրդականներ Լևոն Ասլանյանը և Աշոտ Մանուկյանը:
Բաժնի պետի ներկայացմամբ, 2016թ. տարեկան ծրագրի շրջանակներում ՀՀ Լոռու մարզպետարանի աշխատակազմի ներքին աուդիտի բաժնի կողմից իրականացվել է 82 աուդիտ, որից մարզային ենթակայության կրթական՝ 53 կրթական ՊՈԱԿ-ներում (ֆինանսական հաշվետվությունների, ֆինանսական բնույթի տեղեկություններում և հաշվապահական հաշվառման գրանցումներում արտահայտված տվյալների արժանահավատության գնահատում, ֆինանսական գործառույթների առանձին տեսակների օրինականության ստուգում), առողջապահական 26 ընկերություններում (Գնումների մասին ՀՀ օրենքի պահանջների կատարման օրինականություն) և ՀՀ Լոռու մարզպետարանի աշխատակազմի ֆինանսական և սոցիալ-տնտեսական զարգացման վարչության հաշվապահական հաշվառման, առողջապահության և սոցիալական ապահովության վարչության սոցիալական ապահովության, Ընտանիքի, կանանց և երեխաների պաշտպանության բաժիններում (ֆինանսական կառավարմանը, ներքին հսկողությանն առնչվող գործառույթներ):
Հրավիրվել է մարզպետարանի Ներքին աուդիտի կոմիտեի 2 նիստ, քննարկվել են աուդիտի հաշվետվությունները, որի արդյունքում կայացվել են համապատասխան որոշումներ, որոնց հիման վրա խախտում թույլ տված մեկ ՊՈԱԿ-ի տնօրեն ենթարկվել է կարգապահական տույժի` ստացել է խիստ նկատողություն: Արձանագրվել են 55.8 մլն. դրամի տարաբնույթ խախտումներ, որից շուրջ 10.09 մլն. դրամը վերականգնման կամ վերաձևակերպման գումար է (նախորդ տարի՝ 20.34 մլն. դրամ), որից ավելի քան 2.1 մլն. դրամը ենթակա է պետբյուջե վերադարձման(նախորդ տարի՝6.4մլն. դրամ):
Նախորդ տարիներին իրականացված աուդիտի ընթացքում արձանագրվել են հետևյալ խախտումները՝
1. Տնօրենների կողմից տրված հրամաններում բացակայել են իրավական հիմքերը կամ ՀՀ օրենքներին և ՀՀ կառավարության որոշումներին համապատասխան հոդվածներին հղումները:
2. Դպրոցի կառավարման խորհրդի ձևական գործունեությունը:
3. Դպրոցներում իրականացվող դասաժամերի ոչ պատշաճ ձևով հաշվառումները:
4. Աշխատողներին տարաբնույթ վճարումների կարգի և չափերի (կապված վարձատրության, արձակուրդի, ինչպես նաև տոնական և հիշատակի օրերի հաշվարկման հետ) խախտումները.
5. Նախահաշիվների, ծախսային և հաշվապահական հաշիվների, դրամարկղային գործառնությունների վարման, եկամտահարկի, ժամանակավոր անաշխատունակության նպաստների հաշվարկման հետ կապված խախտումներ:
6. Գույքի դուրս գրման, տարբեր միջոցների անհարկի վատնման, շինարարական աշխատանքների ծախսային մասերում կատարված խախտումներ:
7. Մի շարք դեպքերում գնումները կատարվել են Գնումների մասին ՀՀ օրենքին ոչ համապատասխան, իսկ առանձին դեպքերում խախտվել են նաև Հաշվապահական հաշվառման մասին Շահութահարկի մասին, Ավելացված արժեքի հարկի մասին և այլ ՀՀ օրենքների ու ենթաօրենսդրական ակտերի պահանջները:
-Անցած 4 տարիների գործունեության արդյունքում կարող ենք փաստել, որ 2013թ. համեմատ 2016թ. պատկերը կտրուկ լավացել է, նվազագույնի են հասցված նախկին խախտումները և թերությունները, մասնավորապես՝ ուսուցիչների բաց թողած և փոխարինված ժամերի մատյանների վարման, գործավարության, աշխատանքի հաճախումների մատյանների վարման, աշխատակիցների անհարգելի բացակայություններ և մի շարք այլ գործառույթների գծով գրեթե խախտումներ չեն արձանագրվում,մասնավորապես նշեց բաժնի պետը:
Ելնելով դրանից՝ Աուդիտի բաժինը, հիմք ընդունելով իր քառամյա գործունեությունը, նախատեսում է հետագա աշխատանքներում ներառել այն գործառույթները, որոնք վերադաս ստուգող մարմինների (մասնավորապես՝ ՀՀ վերահսկիչ պալատ, ՀՀ ֆինանսների նախարարություն, ՀՀ առողջապահության նախարարություն, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարություն, ՀՀ կրթության և գիտության նախարարություն և այլն) ուշադրության կենտրոնում են՝ դրանով իսկ առավել հստակեցնել և կառավարելի կարելի է դարձնել մարզում հետագա ստուգումների ընթացքը՝ բացառելով խախտումները և թերացումները:
Մարզպետի կողմից գրություններ են հասցեագրվել աուդիտի ենթարկված կազմակերպությունների տնօրեններին: Ներքին աուդիտի բաժնի կողմից արձանագրված գումարային խախտումների վերականգնման նպատակով կազմվել են ժամանակացույցեր, ներկայացվել են փաստացի վերականգնված գումարները հիմնա-վորող փաստաթղթեր: Ներքին աուդիտի բաժնի աշխատակիցների կողմից իրականացվում է ամենօրյա խորհրդատվական աշխատանք, իսկ անհրաժեշտության դեպքում կազմակերպվում են ղեկավարների և հաշվապահների մասնակցությամբ համապատասխան թեմատիկ խորհրդակցություններ: Ստեղծված է գործունեության գրագետ և փոխվստահության միջավայր՝ ՀՀ օրենսդրության պահանջներին համապատասխան։
Ներկաները նաև հարցեր ուղղեցին զեկուցողին: Մարզպետն, ամփոփելով հաշվետվությունը, նշեց.
-Բաժնի գործունեության նպատակն ի սկզբանե աուդիտի ենթարկվող կազմակերպություններին կամ համայնքներին պատժելը չի եղել, այլ աշխատանքային, ֆինանսական կարգապահության վերականգնումը: Արձանագրված արդյունքները ցույց են տալիս, որ մենք հասել ենք մեր նպատակին, և խախտումները զգալիորեն նվազել են,-ասաց Ա. Նալբանդյանը: Նա բաժնի հաշվետվությունը բավարար գնահատեց՝ հույս հայտնելով, որ բաժինը նույնքան պատասխանատվությամբ կաշխատի նաև 2017թ.-ին: