Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Լոռու մարզպետը հանդես եկավ մամլո ասուլիսով

27.12.2016

Դեկտեմբերի 26-ին տեղի ունեցավ Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանի տարեվերջյան մամլո ասուլիսը տեղական ԶԼՄ-ների և հանրապետական լրատվամիջոցների մարզային լրագրողների մասնակցությամբ: Ներկա էին նաև Լոռու մարզպետի տեղակալները, մարզպետարանի աշխատակազմի վարչությունների, բաժինների պետերը: Ողջունելով ներկաներին՝ մարզի ղեկավարը նշեց, որ 2016թ. կատարված աշխատանքների մասին ծավալուն հաշվետվությամբ հանդես կգա հաջորդ տարեսկզբին, երբ արդյունքները վերջնականապես ամփոփված կլինեն՝ լրագրողներին առաջարկելով անմիջապես անցնել հարցուպատասխանի՝ ընձեռելով ցանկացած բնագավառին առնչվող հարցեր հնչեցնելու հնարավորություն:
Հերմինե Զարմանյան( «Վանաձորյան խճանկար» պարբերաթերթ)
-Պարոն մարզպետ, ըստ Ձեզ, որո՞նք են տարվա գլխավոր ձեռքբերումները:
-2016թ. գլխավոր ձեռքբերումներից մեկը, ինչպես բազմիցս նշել եմ, Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնի բացումն էր: Այս կառույցի հետ ես մեծ հույսեր եմ կապում: Տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացմանը միտված բազմաթիվ այլ ծրագրեր ևս կան: Այդուհանդերձ նախատեսել ենք 2017թ. հայտարարել «Սմարթ տարի», Լոռին՝ «Սմարթ մարզ»՝ տեղեկատվական տեխնոլոգիաների գաղափարը ներմուծելով բոլոր ոլորտներում:
Գոհար Մովսիսյան («Կենտրոն» հեռուստաընկերություն)
-2016թ. ո՞ր խնդիրներն են լուծում ստացել, որո՞նք են հետաձգվել 2017թ. և խնդրում եմ նշել գալիք տարվա գլխավոր անելիքները:
-2016թ. մարզի համար հագեցած աշխատանքային տարի էր: Իհարկե կան ծրագրեր, որոնք չենք հասցրել ավարտել այս տարի և ավարտին կհասցնենք 2017թ.-ին: Գլխավոր ձեռքբերման մասին ես արդեն խոսեցի: Տեխնոլոգիական կենտրոնի հետ մեծ հույսեր ենք կապում՝ վստահ լինելով, որ այն մեծապես կնպաստի Վանաձոր քաղաքի սոցիալ-տնտեսական զարգացմանը: Կրկին անդրադառնալով «Սմարթ մարզ» գաղափարին՝ նշեմ, որ ներկայում «Հայաստանի մանուկներ» հիմնադրամի ֆինանսական աջակցությամբ Դեբեդի գեղատեսիլ կիրճում կառուցվում է «Սմարթ կենտրոն», որը շահագործման կհանձնվի 2017թ.-ին: Գալիք տարի ՀՀ Նախագահի նախաձեռնությամբ Վանաձորում կմեկնարկի «Թումո» կենտրոնի շինարարությունը: Այս երեք ծրագրերը սերտորեն փոխկապակցված են և կնպաստեն մեր նախաձեռնության իրականացմանը, ինչն էլ իր հերթին, վստահ եմ, կխթանի մարզի սոցիալ-տնտեսական զարգացումը: «Թումո» կենտրոնը կկառուցվի Վանաձորի քիմիագործների զբոսայգում՝ արդյունքում կբարեկարգվի զբոսայգին և աշխույժ հանգստի գոտու կվերծվի: Ինչ վերաբերում է հետաձգված ծրագրերին, ապա կուզեի առաջին հերթին խոսել 1988թ.-ի աղետի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների բնակապահովման ծրագրի մասին: 2016թ., թեև այս ուղղությամբ աշխատանքներ տարվեցին և Սպիտակում բնակվող մեկ սենյականոցի հավակնորդ 50 ընտանիքների գումար տրամադրվեց բնակարան ձեռք բերելու նպատակով, նույն սկզբունքով լուծվեց նաև Վանաձորի 14 ընտանիքներից 11-ի խնդիրը,սակայն գյուղական համայնքների ծրագրի շահառու 331 ընտանիք դեռևս անօթևան է: Համոզված եմ, 2017թ.-ին ևս այս ուղղությամբ աշխատանքներ կկատարվեն և 2018թ.-ին ծրագիրն ամբողջությամբ կավարտվի:
Անահիտ Կարապետյան («Ֆորտունա» հեռուստաընկերություն)
-Պարոն մարզպետ, 2016թ. պետական ներդրումներով հրատապ ծրագրերի իրականացման առումով մարզում կարծես՝ որոշակի պասսիվություն էր նկատվում, ո՞րն է պատճառը:
- Հրատապ ծրագրերի իրականացման առումով պասսիվություն կար բոլոր մարզերում, սական մարզում պետական ներդրումները 2017թ.-ին զգալի էին. կառուցվեց Ստեփանավան-Օձուն ճանապարհահատվածը՝ 3,5 մլրդ դրամ ներդրմամբ, մեկնարկեց Վանաձոր-Ալավերդի-Բագարատաշեն (Մ6) ճանապարհի կառուցումը, որտեղ շուրջ 100 մլն դոլարի ներդրում է նախատեսվում: Սա խորհրդային կարգերի փլուզումից ի վեր ամենախոշոր ներդրումային ծրագիրն է Լոռու մարզում: Այս ճանապարհը, ունենալով միջպետականի կարգավիճակ, մեծապես կնպաստի ինչպես մարզի, այնպես էլ՝ երկրի սոցիալ-տնտեսական զարգացմանը: Խոշոր ներդրումային ծրագրերից է նաև Վանաձորի բժշկական կենտրոնի կառուցումը: Հաջորդ տարի շինարարությունը կավարտվի, և կունենանք ժամանակակից չափորոշիչներին համապատասխան, անհարժեշտ բուժսարքավորումներով հագեցած բուժհաստատություն: Մենք այժմ աշխատանքներ ենք իրականացնում բժշկական կենտրոնը անհրաժեշտ մասնագետ-կադրերով համալրելու ուղղությամբ:
-Մարզի խոշորացված համայնքներում դժգոհություններ կան: Բնակիչները նշում են, որ իրենց սպասելիքները չեն արդարանում:
-Մարզում առայժմ ընդամենը մեկ խոշորացված համայնք ունենք՝ Թումանյանը: Յուրաքանչյուր նոր քայլ բնականաբար սկզբնական շրջանում դժգոհությունների տեղիք է տալիս: Սակայն վստահեցնում եմ, որ 2017թ.-ին խոշորացված համայնքներում զգալի ծրագրեր են իրականացվելու:
Տաթևիկ Ղազարյան («Հետք» էլեկտրոնային թերթ)
-Ինչպե՞ս կգնահատեք մարզի արդյունաբերական տարին, և ի՞նչ ճակատագիր է սպասվում քիմպրոմցիներին:
-Վանաձորի քիմպրոմի աշխատակիցների խնդիրը պարբերաբար բարձրաձայնում ենք համապատասխան ատյաններում: Գործարանի աշխատակիցների մի մասի հետ դադարեցվել են աշխատանքային պայմանագրերը: Նրանց դժգոհությունը կապված է վերջնահաշվարկի չվճարման հետ: Այս առումով շուրջ 160 մլն դրամի պարտք կա կուտակված: Ինձ տեղեկացրել են, որ նրանց գումարը կվճարվի աճուրդային կարգով քիմպրոմի գույքը վաճառելու միջոցով: Աշխատավարձի պարտքեր կան կուտակված նաև ինչպես Քիմպրոմում այնպես էլ ՋԷԿ-ում: Ցավոք, առայժ որևէ հուսադրող բան չեմ կարող ասել: Առաջիկայում ՀՀ վարչապետի՝ մարզ կատարելիք այցի ընթացքում խնդիրը կներկայացվի նաև կառավարության ղեկավարին:
Ինչ վերաբերվում է արդյունաբերության ոլորտում գրանցված արդյունքներին, ապա աճ անպայման կունենանք, 9 ամսվա արդյունքներով այն 107 տոկոս է կազմում, սակայն սա միայն ի հաշիվ «Թեղուտ» և «Էյ-Սի-Փի» ընկերությունների, ինչը բնականաբար մեզ չի գոհացնում: Ցավոք, խնդիրներ ունեցանք Ախթալայի լեռնահարստացուցիչ կոմբինատում և «Սագամար» ընկերությունում, բավականին թվով աշխատակիցներ կրճատվեցին: Ցավով պետք է նշեմ, որ մարզի արդյունաբերության ոլորտում 900 աշխատող է կրճատվել, ինչը չի կարող իր բացասական ազդեցությունը չունենալ բնակչության կենսամակարդակի վրա:
Գոնե հուսադրող է, որ համաշխարհային շուկայում մետաղի գների բարձրացման միտում է նկատվում, ինչը կարող է դրականորեն ազդել հանքարդյունաբերող ընկերությունների գործունեության վրա:
Մանվել Միկոյան («Լոռու մարզ» թերթ)
-Վանաձորի բժշկական կենտրոնում շենքի շահագործումից հետո բարձրակարգ ախտորոշիչ ծառայություններ կմատուցվե՞ն:
-Բնականաբար, այո՛: Կենտրոնը հագեցած կլինի բոլոր անհրաժեշտ բուժսարքավորումներով, և մարզի բնակչությունն այլևս ստիպված չի լինի որոշակի բուժհետազոտությունների համար մեկնել մայրաքաղաք:
Լիլիթ Յոլչյան (Հանրային Հեռուստաընկերություն)
-2016թ. հանրապետության տնտեսության համար կարևոր ժամանակաշրջան դարձավ մասնավորապես Տաշիրում արտադրվող պանրի արտահանման ծավալների առումով: Տենդենցը կշարունակվի՞ 2017թ.-ին:
-Տաշիրի տարածաշրջանը հարուստ է ալպիական մարգագետիններով և, բնականաբար, այստեղ արտադրվող կաթը տարբերվում է իր համային և որակական հատկանիշներով, տարբերվում է նաև պանրի որակը, ինչն էլ լուրջ պահանջարկ է առաջացնում: Մեր «Լոռին» ու «Չանախը» մեծ պահանջարկ ունեն հատկապես Ռուսաստանի Դաշնությունում: Համոզված եմ, արտահանման ծավալները աստիճանաբար կավելանան:
Գայանե Սարգսյան («Հետք» Էլեկտրոնային թերթ)
-Վերահսկիչ պալատն այս տարի մի շարք ստուգումներ անցկացրեց մարզի համայնքներում, և լուրջ խախտումներ արձանագրվեցին հատկապես Վանաձորում և Սպիտակում: Վանաձորում տեղական տուրքերի վատ հավաքագրում է կատարվել՝ պարտքը կազմում է 453 մլն, միաժամանակ կան աշխատավարձի զգալի պարտքեր: Մանկապարտեզներում սննդամթերքը գնվել էր շուկայականից բարձր գներով և այլն: Մարզպետարանի վարչական հսկողության հանձնաժողովը ևս ստուգումներ է իրականացնում համայնքներում: Ի՞նչ քայլեր են ձեռնարկվում մարզպետարանի կողմից նման կարգի խախտումները կանխելու առումով:
-Ես տեղյակ եմ Վերահսկիչ պալատի արձանագրած խախտումներին, որոնք, վստահեցնում եմ, հիմնականում թերացումներ են: Տեղական տուրքերի վատ հավաքագրումն ունի օբյեկտիվ պատճառներ և հիմնականում որպես քաղաքապետարանի վատ աշխատանքի արդյունք չի դիտարկվում: Մանկապարտեզներում սննդամթերքի գնումներն իսկապես բարձր գներով են կատարվել, ինչը, պատասխանատուների վստահեցմամբ, պայմանավորված է եղել սննդամթերքի սեզոնային գների տատանումներով: Այժմ որոշում է կայացվել գնումներն իրականացնել ոչ թե տարին՝ մեկ, այլ երկու անգամ, որպեսզի գները զգալիորեն չտատանվեն: Ինչ վերաբերվում է մարզպետարանի վարչական հսկողության հանձնաժողովի գործունեությանը, ապա մեր հետևողական աշխատանքի արդյունքում համայնքներում թերացումները հասցվել են նվազագույնի:
Նարե Ստեփանյան («Ազատություն ռադիոկայան»)
-Ինչպիսի՞ն է Ձեր վերաբերմունքը հետընտրական Վանաձորում ստեղծված իրավիճակի նկատմամբ: Ընդդիմությունը, որպես բոյկոտի ձև, ընտրել է ավագանու նիստերին չմասնակցելու տարբերակը:
-Ավագանու նիստերին չմասնակցելու իրողությունն ինձ համար անընդունելի է: Վանաձորի քաղաքապետարանն այսօր մշակում է քաղաքի զարգացման 5-ամյա ծրագիր, որն առաջիկա տարիների համար գլխավոր փաստաթուղթն է լինելու: Այն քննարկելու համար անհրաժեշտ է նիստեր գումարել, էլ չեմ ասում, որ 2017թ. գլխավոր ֆինանսական փաստաթուղթը՝ քաղաքի բյուջեն հաստատելու անհրաժեշտության մասին: Այս երևույթը ես կապում եմ գալիք խորհրդարանական ընտրությունների նախաշեմին «համակիրներ» շահելու ցանկության հետ: Նիստերին չմասնակցելն առաջին հերթին արհամարհանք է վանաձորցու նկատմամբ: Մեր ընդդիմադիր ավագանիներին պարզապես ուզում եմ հորդորել՝ չառաջնորդվել անձական ամբիցիաներով: Վանաձորցին նրանց ձայն է տվել ոչ թե թեկնածուի օգտին չքվեարկած 4 ավագանիներին բացահայտելու, այլ իր ձայնը լսելի դարձնելու, իր խնդիրները լուծելու համար:
Էդուարդ Արզումանյան («Ժողովուրդ» օրաթերթ)
-Դժգոհություններ կան, որ մարզում շտապօգնության մեքենաների քանակը բավարար չէ: Ի՞նչ է արվում այս ուղղությամբ:
-Խնդիրը տվյալ պարագայում առավելապես մեքենաների մաշվածությունն է: Առողջապահության նախարարությանը ներկայացվել է գույքի պահանջարկ ըստ տարածաշրջանների և 2017թ. այն կբավարարվի:
Լուսինե Սարգսյան («Լոռի» հեռուստաընկերություն)
-Ինչպես տեղյակ եք նախորդ շաբաթ մեր հեռուստաընկերություն էր դիմել Գուգարքի թիվ 2 հիմնական դպրոցի նախկին տնօրեն Սամվել Մացակյանը՝ տեղեկացնելով, որ հայտնվել է Լոռու մարզպետի «սև ցուցակում» և նրան արգելվել է մասնակցել տնօրենի ընտրության մրցույթին: Տեղեկություն ունենք նաև, որ արգելվել է լրատվամիջոցների մասնակցությունն այդ մրցույթին:
- Դպրոցներում տնօրենների ընտրության օրենքով սահմանված կարգ է գործում: Տնօրեններն ընտրվում է դպրոցական խորհուրդների կողմից 5 տարի ժամկետով: Ձեր նշած տնօրենի պաշտոնավարման ժամկետն ավարտվել է: Մենք բնականաբար պաշտոնակատար ենք նշանակել տնօրենի հավաստագիր չունեցող մեկ այլ անձի: Այդ դպրոցի տնօրենի պաշտոնին հավակնող թեկնածուներին հնարավորություն է տրված պատրաստվել և մասնակցել մրցույթին: Իսկ ինչ վերաբերում է Ձեր նշած «սև ցուցակին», ապա ես այդպիսի ցուցակ չունեմ, չեմ ունեցել և չեմ էլ պատրաստվում ունենալ: Ձեզ հորդորում, նաև խնդրում եմ անպայման մասնակցել մրցույթին և վերահսկել ողջ գործընթացը:
Դավիթ Անտոնյան («Վանաձոր» հեռուստաընկերություն)
-Մարզում բավականին մեծ չափերի է հասնում արտագաղթը: Ինչ քայլեր են ձեռնարկվում արտագաղթը կանխելու ուղղությամբ:
-Արտագաղթի ծավալներն, իսկապես, վերջին տարիներին մեզ շատ է անհանգստացնում: Մեր ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ արտագաղթողների մեծ մասը Վանաձորից են և հիմնական պատճառը աշխատատեղերի բացակայությունն է: Արտագաղթի տեմպերի նվազեցնելու համար բնականաբար քայլեր են ձեռնարկվում. մշակվում է մարզի զարգացման 2017-2025թ.թ. ռազմավարական ծրագիր, որտեղ առավելապես կարևորվելու է մարզի զարգացմանը միտված ծրագրերի իրականացումը: Շեշտը դնելու ենք հատկապես փոքր և միջին բիզնեսի զարգացման վրա: Կառավարության աջակցությամբ այս ուղղությամբ կարևոր ծրագրեր են իրականացվելու: Մեզ անգամ հանձնարարվել է հայտնաբերել ներդրողների և աջակցել նրանց մարզում բիզնես հիմնելու հարցում: Կառավարության կողմից տնտեսված բոլոր միջոցներն ուղղվելու են այս ծրագրի իրականացմանը:
-Մտավախություն կա, որ մանկատները և խնամքի կենտրոնները փակվելու են:
Ոչ թե փակվելու, այլ վերակազմակերպվելու են ցերեկային խնամքի կենտրոնների: Հեռահար նպատակն իհարկե այն է, որ առանց ծնողական խնամքի մնացած երեխաները մեծանան ընտանիքներում:
Մարզպետը սպառիչ պատասխաններ տվեց լրագրողների այլ հարցերին ևս: Նա շնորհակալություն հայտնեց լրատվամիջոցներին մարզի խնդիրներով մտահոգ լինելու և ակտիվ լուսաբանելու համար: Նա, օգտվելով առիթից, շնորհավորեց ներկաներին ամանորյա տոների առիթով՝ մաղթելով խաղաղ երկնքի տակ ապրելու և ստեղծագործելու երջանկություն:
Մարզպետը լրագրողներին նաև նվերներ հանձնեց:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-30 10:58:06