Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Ճանաչենք ու զգուշանանք ականներից
22.12.2016
Միավորված Ազգերի Կազմակերպության տվյալներով աշխարհաքաղաքական իրավիճակների հետևանքով աշխարհի 64 երկրներում առկա են ավելի քան 110 միլիոն տեղադրված ականներ և այլ պայթուցիկ սարքեր, որոնց պատճառով տարեկան զոհվում է 10 հազար մարդ, տարբեր աստիճանի վնասվածքներ է ստանում 20 հազարից ավելի քաղաքացի: Ականների ու պայթուցիկների զոհերի և խեղվածների 30 տոկոսը կազմում են երեխաները: Հայաստանի Հանրապետությունում ականային ազդեցության գոտում են Տավուշի, Գեղարքունիքի, Վայոց Ձորի և Սյունիքի մարզերը:
Այսպիսի տեղեկատվություն հնչեց բանախոսների կողմից դեկտեմբերի 21-ին Վանաձորի ՏՏ կենտրոնի դահլիճում ականների և այլ պայթուցիկների վտանգի իրազեկման վերաբերյալ դասընթացի ժամանակ, որը կազմակերպել էր «Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ը Շվեյցարիայի ականազերծման հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի հետ համատեղ, Ճապոնիայի կառավարության ֆինանսավորմամբ: Նմանատիպ դասընթացների անցկացում նախատեսվում է հանրապետության բոլոր ուսումնական հաստատություններում, որի նպատակն է դպրոցականներին ծանոթացնել Հայաստանում ականային ռիսկերի հիմնախնդրին, ականների և ընդհանրապես բոլոր կարգի պայթուցիկ սարքերի տեսակներին, դրանց վտանգից խուսափելու միջոցներին, դժբախտ պատահարների էական նվազեցմանը:
Լոռու մարզի հանրակրթական դպրոցների զինղեկների, մանկավարժների մասնակցությամբ տեղի ունեցած դասընթացին ներկա էին ՀՀ-ում Ճապոնիայի դեսպանատան 2-րդ քարտուղար Մաեկավա Մեգումին, Լոռու մարզպետի տեղակալ Արսեն Դարբինյանը, մարզպետարանի և Վանաձորի քաղաքապետարանի աշխատողներ:
«Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի ինժեներասակրավորների ուսումնական կենտրոնի տնօրեն Գրիգոր Բասենցյանը ներկաներին ցուցադրեց տարատեսակ պայթուցիկների նմուշները, որոնք առավելապես բնորոշ են մեր տարածաշրջանին, մանրամասն տեղեկատվություն ներկայացրեց դրանց վտանգավորության աստիճանի, հայտնաբերման դեպքում դրանց վնասազերծման միջոցների մասին: Բանախոսը ներկաներին, հատկապես դպրոցների զինղեկներին հորդորեց լուրջ բացատրական աշխատանք տանել դպրոցականների շրջանում պայթուցիկների հանդիպելիս անհրաժեշտ գործողություններ իրականացնելու համար:
-Ոչ մի դեպքում ինքնագործունեության չդիմել, այլ գտնված պայթուցիկների վերաբերյալ անհապաղ ահազանգել համապատասխան մարմիններին, որոնք էլ կապահովեն սակրավորների միջամտությունը դրանք վնասազերծելու համար,-ասաց բանախոսը: Դասընթացին ցուցադրվեցին ուսումնական տեսանյութեր, զինղեկներին բաժանվեցին համապտասխան թեմատիկ պաստառներ ու բուկլետներ: