Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Քաղաքացիների ընդունելություն
15.12.2016
Դեկտեմբերի 15-ին Լոռու մարզպետարանում քաղաքացիների հերթական ընդունելությունն անցկացրեց Լոռու մարզպետի տեղակալ Արսեն Դարբինյանը: Վանաձորի, Գուգարքի, Թումանյանի, Ստեփանավանի տարածաշրջանների շուրջ 40 քաղաքացու հարցերին առավել սպառիչ պատասխանելու նպատակով ընդունելությանը մասնակցում էին նաև մարզպետարանի ոլորտային պատասխանատու պաշտոնյաներ:
Հարցերի գերակշիռ մասը դարձյալ սոցիալական բնույթի էին. ֆինանսական օգնություն ստանալու ակնկալիքով էր եկել 23 քաղաքացի: Ա. Դարբինյանը պատրաստակամություն հայտնեց ֆինանսական աջակցություն ցուցաբերել նրանց ներկայացրած դիմումները լրացուցիչ ուսումնասիրելուց հետո:
«Երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած քաղաքացիներին բնակարանային ապահովման ծրագրի» շահառու ճանաչված Լեռնանացք համայնքի բնակչուհի Մարգարիտա Մարտիրոսյանին տեղեկացվեց, որ ծրագիրը ընթացք կստանա 2017թ.-ից և վերջնականապես կավարտվի 2018թ.-ին:
Բնակապահովման խնդրով էին եկել նաև Վանաձորի և Ստեփանավանի վթարային շենքերի բնակիչները: Նրանց պատասխանվեց, որ վթարային շենքերի ամրացման կամ բնակարանային պայմանների բարելավման որևէ ծրագիր առայժմ չի նախատեսվում:
Անվճար բուժման ակնկալիքով եկածների խնդրանքը ևս կբավարարվի ներկայացված դիմումները լրացուցիչ ուսումնասիրելուց հետո: