Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Կլոր սեղան քննարկում նվիրված Հաշմանդամների միջազգային օրվան
05.12.2016

Հաշմանդամության հիմնախնդիրներով զբաղվող «Հավասար իրավունքներ, հավասար հնարավորություններ» ՀԿ-ի գրասենյակում, ՄԱԿ-ի կողմից հռչակված Հաշմանդամների իրավունքների պաշտպանության օրը՝ դեկտեմբերի 3-ին, հրավիրվել էր կլոր սեղան՝ թեմատիկ քննարկում: Բանախոսներն էին Հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող Լոռու մարզային հանձնաժողովի քարտուղար Վալերի Ջաղինյանը և «Հավասար իրավունքներ, հավասար հնարավորություններ» ՀԿ-ի նախագահ Անուշ Ասլանյանը: Վերջինս ներկայացրեց իրենց կազմակերպության կողմից վերջին մեկ տարվա ընթացքում կատարած աշխատանքները, շնորհակալության խոսք ուղղեց Վանաձորի զբաղվածության տարածքային կենտրոնին, որի աջակցության շնորհիվ են իրականացվել իրենց ծրագրերը: Ապա կարևորելով մարզային կառույցի դերը՝ Ա.Ասլանյանը նշեց, որ մարզային հանձնաժողովը մշտապես իրենց կողքին է, քանիցս իրենք օրակարգային հարցերով ներկայացել են հանրությանը:
Վ.Ջաղինյանը խոսեց մարզում գործող պետական և հասարակական կազմակերպությունների փոխհամագործակցային աշխատանքի մասին, ներկայացրեց կատարվող ընթացիկ աշխատանքները, անդրադարձավ 2016թ. նոյեմբերի 15-ից մինչև դեկտեմբերի 15-ը հայտարարված հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների և հիմնահարցերի լուծմանը նվիրված միամսյակին, տեղեկացրեց, որ առավել ակտիվ կազմակերպությունները և անձինք կխրախուսվեն հանձնաժողովի նախագահ Լոռու մարզպետ Ա.Նալբանդյանի կողմից՝ տարեկան ամփոփիչ նիստի ժամանակ: