Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Փոխըմբռնման հուշագիր՝ Լոռու մարզպետարանի, Հայկական կարմիր խաչի և Շվեյցարական կարմիր խաչի ընկերությունների միջև
05.12.2016
Լոռու մարզպետարանի, Հայկական կարմիր խաչի (ՀԿԽԸ) և Շվեյցարական կարմիր խաչի ընկերությունների (ՇԿԽԸ) միջև ստորագրվեց փոխըմբռնման հուշագիր՝ սոցիալ-առողջապահական ծրագրերի ոլորտներում համագործակցելու նպատակով: Այդ առաքելությունն իրականացրեցին մարզպետի տեղակալ Արսեն Դարբինյանը, ՀԿԽԸ նախագահ Մխիթար Մնացականյանը, ՇԿԽԸ Եվրոպայի և Ասիական երկրների միջազգային համագործակցության բաժնի ղեկավար Յուրկ Ֆռայը:
Ինչպես ներկայացրեց Մ. Մնացականյանը, Հայկական կարմիր խաչի ընկերությունը, Շվեյցարական կարմիր խաչի հետ համագործակցությամբ Լոռու և Շիրակի մարզերում ներդնում է «Համայնքային ինտեգրացված տնային խնամք և առողջ ծերացում» ծրագիրը, որի շրջանակներում նախատեսվում է տարեց և հաշմանդամություն ունեցող անձանց տրամադրել ինտեգրացված սոցիալ-առողջապահական տնային խնամք: Հայկական կարմիր խաչի և Շվեյցարական կարմիր խաչի ընկերությունները, որպես տարածքային կառավարման պատասխանատու՝ համագործակցության են հրավիրել Լոռու մարզպետարանին՝ կարևորելով եռակողմ փոխըմբռնման հուշագրի ստորագրումը:
-Առաջարկությունն արժանացավ Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանի հավանությանը: Նա պատրասատակամություն է հայտնել աջակցել նաև տարածքի տրամադրման հարցում,-ասաց ՀԿԽԸ նախագահը:
Ներկաներին մարզի ղեկավարի և իր անունից ողջունեց Ա. Դարբինյանը: Նա իր խոսքում կարևորեց նմանատիպ ծրագրերի իրականացումը Լոռու մարզում՝ նշելով, որ թե՛ մարզպետարանը և թե՛ մարզի համայնքները պատրաստ են համագործակցության:
Ինչպես տեղեկացվեց, ծրագրի շահառուներ պետք է հանդիսանան հիմնականում տարեց, անժառանգ, հաշմանդամ քաղաքացիներն, ովքեր խնամքի կարիք ունեն: Առայժմ նախատեսվում է ծրագրում ընդգրկել շուրջ 30 տարեցի Վանաձորից, հետագայում նրանց թիվը կավելանա:
Ծրագրի հիմնական նպատակն է բարելավել տարեցների և քրոնիկ հիվանդություններ ունեցող անձանց և հաշմանդամների կյանքի որակը՝ ինտեգրացված առողջապահական և սոցիալական ծառայությունների միջոցով: Ռազմավարությունը հիմնված է այն հանգամանքի վրա, որ ինչպես տարեց, այնպես էլ սահմանափակ կարողություններ ունեցող անձինք, ցանկանում են ունենալ արժանապատիվ կյանք և ինքնուրույնություն, այն է՝ գտնվելով տանը ստանալ անհարժեշտ խնամք և հոգատարություն և մասնակից դառնալ հասարակական կյանքին:
Ծրագիրը կշարունակվի մինչև 2019թ. դեկտեմբեր, թեև պատասխանատուները լիահույս են, որ այն շարունակական բնույթ կկրի՝ ներառելով ավելի շատ շահառուների: