Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Մարզպետի հանձնարարությամբ դպրոցներում կստեղծվեն «Սմարթ» դասասենյակներ

29.11.2016

Այսօր մարզպետ Արթուր Նալբանդյանը Լոռու մարզպետարանում հանդիպում ունեցավ Վանաձորի դպրոցների տնօերնների և «Ինֆորմատիկա» առարկան դասավանդող ուսուցիչների հետ՝ մի շարք կարևոր խնդիրների քննարկման նպատակով: Հանդիպմանը մասնակցում էր նաև մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Մինաս Սայադյանը, վարչության գլխավոր մասնագետ Մարիամ Պողոսյանը:

Հանդիպման օպերատիվ առիթը, ինչպես նշեց մարզի ղեկավարը, 2017թ.-ին Լոռին «Սմարթ» մարզ հայտարարելու իր նախաձեռնության մասին տեղեկացնելն էր, ինչպես նաև այդ գործընթացում դպրոցների կարևոր դերակատարության հստակեցումը:

-Գործողությունների մեկնարկն արդեն իսկ տրված է. շահագործման է հանձնվել Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնը, որն արդեն բավականին լուրջ ծրագրեր է իրականացնում, հաջորդ տարի գարնանը կսկսվի «Թումո» կենտրոնի կառուցումը, իսկ աշնանը շահագործման կհանձնվի «Հայաստանի մանուկներ» հիմնադրամի կողմից Դեբեդի հովտում կառուցվող «Սմարթ» կենտրոնը: Այս երեք կենտրոնները մի ամբողջական շղթա են կազմելու՝ նպաստելով մեր մարզի զարգացմանը: Ուզում եմ տեղեկացնել նաև, որ մեր ֆրանսիացի գործընկերների՝ ՊԱԿԱ ռեգիոնի հետ ևս պայմանավորվածություն ենք ձեռք բերել համագործակցելու և համատեղ ծրագրեր  իրականացնելու նաև ՏՏ ոլորտում,-ասաց Ա.Նալբանդյանը՝ տեղեկացնելով, որ օրերս ՊԱԿԱ-ի պատվիրակությունը կլինի Վանաձորում, կայցելի Վանաձորի տեղեկատվական կենտրոն, կուսումնասիրի համագործակցության հնարավորությունները, իսկ արդեն 2017թ. մարտին մարզի պատվիրակությունը կմեկնի ՊԱԿԱ՝ համագործակցության հուշագիր տորագրելու նպատակով:

-Դուք արդեն տեղեկացված եք դպրոցներում տնտեսված միջոցներով «Սմարթ» դասասենյակներ կահավորելու և գործարկելու իմ հանձնարարականի մասին: Սա մեր նախանշած ճանապարհի առաջին քայլերից մեկը պետք է լինի, թեև վստահ եմ, որ նորարար գաղափարներ ու մեծ ցանկություն ունենալու դեպքում զգալի ֆինանսական  միջոցներ չեն պահանջվի,-ասաց Ա. Նալբանդյանը:

Նա նշեց, որ մարզպետարանի ոլորտի պատասխանատուն արդեն բանակցություններ է վարում Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնի հետ դպրոցների ինֆորմատիկայի ուսուցիչների վերապատրաստումները կենտրոնում կազմակերպելու վերաբերյալ, ովքեր հետագայում կկարողանան վերապատրաստել մյուս մասնագետներին:

-Ցավոք, ոչ բոլորն են պատկերացնում «Սմարթ» մարզի գաղափարը՝ այն իջեցնելով համակարգչային գիտելիքների մակարդակի, մինչդեռ մեր նախաձեռնությունը ավելի ընդգրկուն է և շատ ավելի հեռահար նպատակ ունի: «Սմարթ» գաղափարը սոսկ տեղեկատվական տեխնոլոգիաներ չի ենթադրում, այլ տեխնոլոգիական գործիք է հանդիսանում մի շարք զարգացման ծրագրերի իրականացման համար,-նշեց մարզի ղեկավարը՝ ընդգծելով, որ ոչ բարենպաստ աշխարհագրական դիրք և սահամանափակ հնարավորություններ ունեցող երկրի զարգացման, աղքատության հաղթահարման գլխավոր պայմանը լավ կրթության ապահովումն է, ժամանակի պահանջներին համաքայլ ընթանալը: Ներկաներից շատերը ոգևորությամբ ողջունեցին նախաձեռնությունը՝ պատրաստակամություն հայտնելով ամենայն պատասխանատվությամբ լծվելու այն կյանքի կոչելու գործին, հանդես եկան նաև առաջարկություններով:

Խորհրդակցության ընթացքում անդրադարձ կատարվեց նաև 2017թ.-ին համընդհանուր ներառական կրթության անցնելու նպատակով վերապատրաստումների անցկացման գործընթացին: Մ.Սայադյանը տեղեկացրեց, որ վերապատրաստումների գործընթացն ամբողջապես կավարտվի հաջորդ տարվա մարտին:

Քննարկվեցին կրթության ոլորտին առնչվող այլ հարցեր ևս:

 

 

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-07 16:48:17